News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպաննության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արտահայտած մտքերից մեկին, որը վերաբերում է «Ազգ-բանակ» հայեցակարգին։ Նշենք, որ Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել էր. «Ազգ-բանակ» կոնցեպտը, հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: Դա է պարզ լուծումը, պետք չէ մարդկանց սովորեցնել»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Facebook-ի իր էջում այս առնչությամբ գրել է.

«Արմեն Գրիգորյանին

Անվտանգության խորհրդի  նորանշանակ քարտուղարին եւ իմ նախկին ուսանողին,

Սիրելի Արմեն,

Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Քո եւ պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ եւ հետեւողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը:

Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո եւ պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են:

Ունեմ քեզ երկու խորհուրդ: Դրանցից առաջինը՝ ձեր ուսանող տարիներին իմ կողմից տրված խորհրդի հիշեցումն է, իսկ երկրորդը երկար տարիներ տարբեր պաշտոններում հայրենիքին ծառայած մարդու խորհուրդ է՝ նորանշանակ պաշտոնյային:

Երբ ուսանող էիք, ես ձեզ միշտ ասել եմ` կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում, մանրամասն աշխատած լինեք այդ նյութի վրա:

Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որեւէ փաստաթղթում, ելույթում եւ դրա շրջանակներում ներդրված որեւէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:

Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետեւյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, եւ հետեւաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից եւ արդյունաբերությունից մինչեւ կրթական համակարգ եւ բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին եւ մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի եւ տնտեսական մրցակցության, եւ կոռուպցիայի դեմ պայքարի, եւ արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային եւ պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:

Կրկնվեմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում: Սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելեւս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն եւ կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից եւ պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սեւացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, եւ հասարակությունն անպայման կգնահատի:

Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների եւ օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման եւ Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թեւի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, եւ պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաեւ քո համար:

Աստված պահապան մեր սպային եւ զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին եւ Արցախին: Ուժ եւ խոհեմություն մեր երկրի ղեկավարներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news