News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու 3-րդ նստաշրջանի վերջին՝ այսօրվա նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել է՝ Մարգարյանն առողջական խնդիրներ ունի: Իսկ նիստի թոփ թեման քաղաքապետի ունեցվածքն էր եւ «Երեւան» հիմնադրամը, որտեղ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել ու մեղադրանք առաջադրել տնօրենին: Իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Նրա՝ նիստին չմասնակցելը «Երկիր ծիրանի» խմբակցությունը կապեց հենց այս չարաշահումների հետ:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ քաղաքապետը պետք է գործով որպես մեղադրյալ ներգրավվի: «Երեւան» հիմնադրամի վերաբերյալ մի հարց էլ խմբակցության ղեկավարը փորձեց ճշտել հոգաբարձուների խորհրդի անդամ Նաիրա Նահապետյանից: Ի՞նչ երաշխիք կա, որ մարտի 8-ի կապակցությամբ 450 նվեր-քարտ ձեռք բերելու համար նախատեսված 150 հազար դոլարը նպատակային է օգտագործվել: ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը հարցն անպատասխան թողեց:

Հատկանշական է, որ հիմնադրամին գույք նվիրաբերելու մասին նախագիծն ավագանու նիստի օրակարգից հանվել էր: Կամո Արեյանը սա պայմանավորեց հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակով. երբ հարցը պետք է մտցվեր օրակարգ, ԱԱԾ-ն բոլոր փաստաթղթերն առգրավել է, իսկ Աշոտ Ղազարյանին՝ բերման ենթարկել:

Շուրջ 2 ժամ տեւած նիստի ընթացքում «Ելք» եւ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մի քանի անգամ քաղաքապետի հրաժարականի հարց բարձրացրին: Անի Սամսոնյանը, թվարկելով մայրաքաղաքի տարբեր խնդիրներ, կոչով դիմեց քաղաքային իշխանություններին:

Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին պահանջին Հանրապետականները որեւէ կերպ չարձագանքեցին. Կամո Արեյանը միայն հորդորեց նախաքննական մարմնի գործառույթ չիրականացնել: Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ենոք Ազարյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Տարոն Մարգարյանի հրաժարականի հանրային պահանջ տեսնում է, խոստովանեց: Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Երվանդ Երզնկյանն իր հերթին հրաժարվեց խոսել Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքի մասին: Ասաց՝ մինչեւ դատարանի օրինական որոշում չլինի, կարծիք չի հայտնի: Հարցին՝ իր կարծիքով ինչպե՞ս է կուտակվել այդ հարստությունը, կոմպոզիտորն իրեն օրինակ բերեց: Քաղաքապետի ունեցվածքի մասին լրագրողները խորհրդարանում հարց են ուղղել նաեւ Էդուարդ Շարմազանովին:

Վաչագան Ղազարյանին ձերբակալելուց հետո Ազգային անվտանգության ծառայությունը նրան բերման ենթարկելու մասին հետաքրքիր մանրամասներ եւ տեսանյութ հրապարակեց: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Ղազարյանին կասկածում են ապօրինի հարստանալու եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրվող հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ: Ուշագրավ է, որ բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ժամանակ նրա ձեռքի պայուսակում 120 հազար դոլար եւ 436 մլն դրամ է հայտնաբերվել: Նրան բանկ ուղեկցած «Լեքսուս»-ից էլ ԱԱԾ աշխատակիցները 50 հազար դոլար են գտել: ԱԱԾ-ն տեղեկություններ ունի, որ բերման չենթարկվելու դեպքում Վաչագան Ղազարյանը մեկ այլ բանկի իր եւ կնոջ հաշիվներից պետք է եւս 1.5 մլրդ դրամ կանխիկացներ: Ուշագրավ է նաեւ այն, որ Ղազարյանն ասել է՝ «մոռացել» է հայտարագրել բանկային հաշիվներում առկա գումարները:

Հանրապետականները դեռեւս չեն շտապում այս ձերբակալության հարցով գնահատական տալ: Էդուարդ Շարմազանովը հորդորում է սպասել նախաքննության ավարտին: ՀՀԿ խոսնակը խուսափեց նաեւ պատասխանել հարցին՝ արդյո՞ք սա քաղաքական հետապնդում է: Շարմազանովը բացառեց նաեւ, որ ԱԱԾ-ի ստուգումները Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հասնեն: Հիշեցնենք, որ ապօրինի զենք կրելու կասկածանքով երեկ բերման էր ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, իսկ ավելի ուշ ազատ արձակվել:

Կառավարությունում այսօր քննարկել են զինծառայողների եւ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: Որպեսզի վերջինները կարողանան բնակարան ձեռք բերել, մտադիր են, մասնավորապես, նվազեցնել տոկոսադրույքներն ու կանխավճարների չափը: Բնակարանային խնդրին վարչապետն անդրադարձել էր նաեւ երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս: Հարցերից մեկը հենց այդ խնդրին էր վերաբերում: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Կենտրոնական բանկի նախագահի հետ արդեն քննարկում է ունեցել: Վարչապետը կարեւորում է հատկապես մարզերում բնակարանաշինության զարգացումը:

Հարցերից մեկին ի պատասխան՝ Փաշինյանն անդրադարձավ նաեւ սահմանային իրավիճակին. վստահեցրեց, որ հարաբերական հանդարտության առումով իրադրությունն աննախադեպ է: Վարչապետը խոստովանեց, որ առաջնագծում հակառակորդի ուժերի կուտակումներ կան, Նախիջեւանի ուղղությամբ էլ՝ որոշակի լարվածություն, բայց անավարտ պատերազմի պայմաններում սա նորմալ գնահատեց:

Ստեփանակերտը պատասխանել է Արցախի տարածքում ռազմական եւ ռազմավարական օբյեկտները ոչնչացնելու մասին Իլհամ Ալիեւի հայտարարությանը: Ակնկալելով միջազգային հանրության կոշտ արձագանքը՝ Արցախի նախագահի խոսնակն այն արկածախնդրություն է որակել: Դավիթ Բաբայանը, միաժամանակ, վստահեցրել է, որ հայկական կողմը տեխնիկական առումով ի վիճակի է ոչ միայն ոչնչացնել Ադրբեջանի ռազմական եւ ռազմավարական օբյեկտները, այլ նույնիսկ Ալիեւի նստավայրը:

Իսկ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարարությունը հնչեցրել է Բաքվում այսօր անցկացված զինվորական շքերթի ժամանակ: Զորահանդեսին շուրջ 4000 մարդ է մասնակցել, այդ թվում՝ Թուրքիայի Զինված ուժերից: Ադրբեջանը հսկայական սպառազինություն է ցուցադրել՝ նորագույն զինտեխնիկա, անօդաչուներ, ուղղաթիռներ: Հիշեցնենք, որ վերջերս Բաքվի կողմից ձեռք բերված ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների հարցով հայկական կողմը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք Ադրբեջանի տրամադրության տակ հայտնվել:

Իսրայելը հերթական անգամ հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կնեսեթի անդամ Թամար Զանդբերգը հետ է կանչել իր օրինագիծը: Պատգամավորը պարզաբանել է, որ պատճառն արտգործնախարարության պահանջն է՝ օրինագծում «ցեղասպանություն» եզրույթը փոխարինել «ողբերգություն» կամ «հայ ժողովրդի վերապրած սարսափները» ձեւակերպմամբ: Ավելի ուշ Զանդբերգը Facebook-ում գրել է, որ Իսրայելի «կառավարությունը միայն խոսքով է ուժեղ, իսկ իրականում, պարզվում է, նրան ճնշում են նեղ քաղաքական շահերը»: Նշենք, որ փորձագետները մշտապես կասկածի տակ են դնում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը: Նման նախաձեռնությունները մշտապես արգելափակվում են, քանի որ կարող են ազդել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վրա: Սակայն ամեն անգամ, երբ երկու երկրների հարաբերություններում լարվածություն է առաջանում, հարցը նորից օրակարգում է հայտնվում:

Աննշան արժեւորումից հետո դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Հունիսի 26-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 66 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հունիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +21+23, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ