News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն ի վերջո պաշտոնից ազատեց գլխավոր ռազմական տեսուչի տեղակալին: Հաղորդագրության համաձայն՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն անձամբ է դիմում գրել: Նշենք, որ Արզումանյանի անունը կապվում էր Ստեփանակերտում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով կազմակերպվող հանրահավաքների հետ: «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ Միքայել Արզումանյանը նույնպես սատարում է իրենց:

Եվ քանի որ լուրերը չէին հերքվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհապաղ իր մոտ էր գեներալին եւ բացատրություն պահանջել: Փաշինյանը հայտարարել է, որ որեւէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի: Պատմությունը, փաստորեն, ավարտվեց Արզումանյանի պաշտոնաթողությամբ: Նշենք, որ գերենալ-մայորն այս պաշտոնում աշխատեց մեկ ամսից էլ պակաս. նա գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը ներողություն է խնդրել Շիրակի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Խոսքը հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին է. Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների ու պայթյունների ձայներ են լսել, որոշ ժամանակ անց պարզվել է, որ դրանց հեղինակը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողներն են: Նրանք առանց նախազգուշացնելու եւ առանց փաստաթղթերի գյուղ են մտել եւ զորավարժանք անցկացրել: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպմանը ռազմաբազայի ներկայացուցիչն ասել է՝ միջադեպն անփութության արդյունք է եղել, ներողություն է խնդրել եւ վստահեցրել, որ նման բացթողում այլեւս թույլ չեն տա: Բազայի հրամանատարությունը նաեւ ծառայողական քննություն է սկսելու:

Ռազմաբազայի հրամանատարին եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին էլ այսօր ընդունել է Դավիթ Տոնոյանը: Պաշտպանության նախարարը մանրամասն տեղեկություններ է պահանջել կատարվածի վերաբերյալ, նաեւ հորդորել այսուհետ ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ եւ առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ աշխատանքին:

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ճակատագիրը հայտնի չէ. ֆինանսավորում չկա: Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ասում է՝ 5 տրանշից բաղկացած ծրագրից միայն 3-ի մասով է ֆինանսավորումն ապահովված: Ֆինանսավորում դեռեւս չկա, մասնավորապես, ճանապարհի չորս հատվածների մասով՝ Արտաշատ-Սիսիան հատվածի 175 կմ-ի, Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ-ի, Գյումրիի շրջանցիկ հատվածի 23 կմ-ի եւ Գյումրի-Բավրա հատվածի 35 կմ-ի համար: Ընդհանուր առմամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ավելի քան 300 կմ հատվածի համար գումար դեռ չկա: Աշոտ Հակոբյանի խոսքով՝ այս պայմաններում եթե որեւէ մեկը ճանապարհի կառուցման վերջնաժամկետ կասի, անլուրջ:

Հայաստանն ամերիկյան ներդրումների մեծ հոսք, համենայն դեպս մոտ ապագայում, կարող է չակնկալել: Հայաստանում ԱՄՆ դեսպանն այսօր ասել է՝ գլխավոր խոչընդոտները կոռուպցիան եւ բոլոր տնտեսվարողների համար հավասար հնարավորությունները չապահովելն է: Ռիչարդ Միլսը ողջունում է կոռուպցիայի դեմ կառավարության սկսած պայքարը, բայց դեռ վաղ է համարում հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին: Դեսպանը վստահեցնում է, որ ամերիկացի գործարար շրջանակների կողմից հետաքրքրություն կա, բայց նրանք նաեւ հետեւում են, թե ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը տեղական ու օտարերկրյա գործարարների խնդիրներին, ինչպես նաեւ «Լիդիան Արմենիայի» շուրջ ծավալվող իրադարձություններին:

Երեւանի հիվանդանոցներից մեկում 1 տարեկան երեխա է մահացել: Փոքրիկն Արտաշատից է: Երկու ամիս առաջ երեխայի մոտ սուր աղիքային ինֆեկցիա է հայտնաբերվել. նա անհրաժեշտ բուժում է ստացել, սակայն մի քանի շաբաթ հետո ջերմությունը բարձրացել է: Երեխային հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում, որտեղ էլ մի քանի ժամ անց մահացել է: Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ փոքրիկի մահվան պատճառը պատվաստումն է. բժիշկները, սակայն, հերքում են՝ պարզաբանելով, որ անալիզների համաձայն՝ նրա մոտ հեմոլիտիկ ստաֆիլոկոկ է ախտորոշվել:

Հուլիսի 18-ին դոլարն ու եվրոն էժանացել են, եվրոպական արժույթը՝ շուրջ 5 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 62 լումա, ֆունտինը՝ 626 դրամ:

Հուլիսի 19-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ