«Արթիկ» ՔԿՀ-ում այսօր` փետրվարի 14-ին ընթացող քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օարթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատական նիստն առայժմ չի վերսկսվել: Ինչպես «Արթիկ» ՔԿՀ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը մոտ 2,5 ժամ առաջ բավարարել էր Փաշինյանի եւ նրա պաշտպանների միջնորդությունը եւ թույլատրել էր ընդդիմադիր խմբագրին դատական նիստին մասնակցել իր կատարած գրառումներով: Դատավորը նաեւ 20 րոպեով ընդմիջում էր հայտարարել, սակայն արդեն 2,5 ժամ է անցել, իսկ դատական նիստը ոչ սկսվել է, ոչ էլ Փաշինյանն է վերադարձել դատարանի դահլիճ:
Բանն այն է, որ ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվում է կատարել վերաքննիչ դատարանի որոշումը եւ արգելում է Փաշինյանին` դատական նիստին ներկայանալ իր կատարած գրառումներով: Դատավոր Եվա Դարբինյանը եւս մոտ երկու ժամ է` գտնվում է «Արթիկ» ՔԿՀ բանտապետ, գնդապետ Սարգսյանի առանձնասենյակում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի, 10 ամիս, 29 օր սահմանելու մասին որոշումը: Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























