Շիրակի մարզի Արեւիկ գյուղի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 27–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ դպրոցի երկրորդ դասարանի երկու աշակերտուհիներ դպրոցից դուրս են ցատկել։
NEWS.am–ին ոստիկանությունից հայտնեցին, որ նոյեմբերի 27–ին ժամը 19։15–ին Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կոտրվածքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 2011 թ. ծնված Արեւիկ գյուղի մի երեխա։
NEWS.am–ի տեղեկություններով՝ երկրորդ դասարանի դասղեկը դասասենյակի բանալին տվել է աշակերտներին, որպեսզի ծաղիկները ջրեն, մաքրություն անեն։ Երեխաները դասարանի դուռը փակել են և չեն կարողացել դուրս գալ, ինչից հետո որոշել են պատուհանից դուրս ցատկել։
NEWS.am–ի հետ զրույցում Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշեց, որ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել դպրոցի աշակերտուհիներից 7 ամյա Մանե Նռանյանը, ում վիրահատել են։ Կուրղինյանը նշեց, որ երեխայի վիճակը նորմալ է, նա գտնվում է հետվիրահատական շրջանում։ Նռանյանի հետ պատուհանից ընկած մյուս աշակերտուհին՝ Սյուզի Ավետիսյանը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ չի հոսպիտալացվել։
Դեպքի հանգամաները պարզելու համար ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։




























