NEWS.am–ի տեղեկություններով՝ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝ եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը, և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։
Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցների մի մասը ռեստորանում է եղել, նրանց դուրս են հրավիրել մի քանի անձինք։ Կողմերի միջև սկսված վիճաբանության ընթացքում գործադրվել է 4 տեսակի հրազեն, այդ թվում՝ որսորդական հրացան։
Նախնական տեղեկություներով՝ միջադեպի շարժառիթը երկու խմբերի միջև նախկինում ունեցած տարաձայնություններն են։
Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30–ամյա Արտաշես Գևորգյանը, և ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Տուժածներին նախ տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, ապա նրանցից 6–ին՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ «Աբովյանի» ԲԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ տուժածներից իրենց մոտ է այս պահին միայն Վահրամ Գրիգորյանը, որին վիրահատել են, և վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Տուժածներից մեկն էլ՝ 22–ամյա մի երիտասարդ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այստեղից NEWS.am–ին հայտնեցին, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։
Տուժածներից 4–ին տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և ևս մեկին՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։
Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։
Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ։ Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է Մելիք Մանուկյանին։





























