Դելիի մետրոյում մտցվել է տագնապի կարմիր մակարդակ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության պատճառով, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hindu-ն։
Պարբերականի տվյալներով՝ ռեժիմը մտցվել է փետրվարի 27-ի երեկոյան՝ անվտանգության ծառայությունների հանձնարարությամբ։
Ճշգրտվում է, որ դա ենթադրում է ստուգումներ մետրոյում ամեն երկու ժամը մեկ։
Հիշեցնենք, որ իրավիճակը հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգներում եւ Պակիստանին սահմանամերձ շրջաններում սրվել է այն բանից հետո, երբ «Մուհամադի բանակ» ահաբեկչական խմբավորման մահապարտը պայթեցրել է հնդկական զորքերի շարասյունը, ինչի հետեւանքով զոհվել է 49 մարդ։ Հնդկաստանի իշխանությունները մեղադրում են Պակիստանին, որտեղ, նրանց պնդմամբ, տեղակայված են ահաբեկիչները։ Երեքշաբթի՝ փետրվարի 26-ին, հնդկական ռազմաօդային ուժերը հարվածել են զինյալների ենթադրյալ կայանատեղիին Պակիստանի տարածքում։ Ընդ որում՝ պակիստանցի զինվորականների հայտարարությամբ, խփվել է հնդկական երկու ինքնաթիռ։ Այսօր առավոտյան կողմերը շարունակել են ականանետային հարվածները եւ գնդակոծությունները սահմանին։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ ծագած հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ։





























