News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, եթե մի քանի ժամ առաջ ասում էի՝ առավոտյան կասեմ, հիմա վստահ եմ, որ հրաժարական չեմ տալու: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը.

«Հրաժարական չեմ տալու, քանի որ ես օրենքի կողմնակիցն եմ, եւ ընտրվել եմ օրինական ճանապարհով: Եթե նախախարը ինձ հորդորի հրաժարականի մասին, կանեմ այն, ինչ՝ կհուշի նախարարը»,- ասաց նա։

Իսկ ցույցի դրդապատճառը, ասաց, դեռ չի կարողացել հասկանալ, քանի որ իր համար այդ ամենը անակնկալ էր. «Ես չեմ հասկանում, թե այստեղ ինչ կատարվեց, ամեն ինչ շատ բարդ վիճակում է: 6 ամիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար եմ եղել, եւ որեւէ վատ վերաբերմունք չեմ նկատել: Ուսանողների հետ ունեցել եմ շատ ջերմ հարաբերություններ, անընդհատ հետեւել եմ փորձերին, ներկայացումներին, նորոգել ենք մի քանի սենյակներ»,- ասաց ռեկտորը:

Նշենք, որ արդեն մեկ ժամ է բուհի շենքի դռները ցուցարար ուսանողները բացել են: Նրանք 7 հոգանոց խումբ են կազմել եւ գնացել են հանդիպելու Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը դեռ ինստիտուտում է, նա ասաց, որ սպասելու է ուսանողների վերադառնալուն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից բուհի ուսանողները ակցիա էին անում բուհում՝ բողոքելով, որ ռեկտորի ընտրությունը կայացել է առանց մրցակցության։ Ուսանողները ներսից փակել էին թատրոնի դուռն ու որեւէ մեկին թույլ չէին տալիս՝ ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: Նրանք այլընտրանք էին պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի եւս մեկ թեկնածու լինի, ու արդյունքում հաղթի արժանին:

Նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ուսանողներին ասել էր, որ հրաժարականի մասին կմտածի եւ առավոտյան կասի իր որոշումը, սակայն ուսանողները չէին բացել դռները՝ պահանջելով անհապաղ հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ ԵԹԿՊԻ խորհրդի նիստի՝ շուրջ 3 ժամ տեւած քննարկումներից հետո ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է բուհի ռեկտոր: Ընտրության ընթացքում Թատերական ինստիտուտի ուսանողները միջանցքում հավաքված վանկարկում էին «այլընտրանք»՝ խորհրդից պահանջելով ընդգրկել ռեկտորի եւս մեկ թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ