ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված, սակայն հետագայում ցուցմունքից հրաժարված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:

Հարությունովի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ քննության տվյալների՝ մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, Էդուարդ Բաբայանը` խմբով,  Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Դեպքից հետո Հարությունովը իրավապահներին հայտնել էր, որ իրեն նախ հարվածել է Գագիկ Ծառուկյանը, ապա Էդուարդ Բաբայանը, սակայն օրեր անց հայտարարել, որ ցուցմունք տալու պահին գտնվել է դեղերի ազդեցության տակ և սխալ հայտարարություններ արել. Ըստ տուժողի՝ իրականում իր ոտքը սայթաքել է և ընկել է, ինչի արդյունքում և վնասվածքներ է ստացել։ Հարությունովը նաև պնդել է, որ ջերմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։

Հետագայում Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և նա կալանավորվել էր։ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։

2019թ. ապրիլի 5–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։