News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրատվամիջոցներից մեկին այսօր տված հարցազրույցում անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Ազգային ժողովում այսօր 168.am-ը հարցրել է Անդրանիկ Քոչարյանին՝ արդյո՞ք չի գիտակցում, որ իր այդ արտահայտություններով վիրավորանք է հասցրել Արփինե Հովհաննիսյանին, «Կարող եք Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը լսել»,– պատասխանել է նա։

Անդրանիկ Քոչարյանի այս սկանդալային արտահայտությանը հաջորդեցին ֆեյսբուքյան գրառումներ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այդ արտահայտությունները համարեց ոչ հարիր ոչ միայն ԱԺ պատգամավորին, այլև պարզապես տղամարդուն․ «Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած սույն պատգամավորին, ակնկալում եմ նաև հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից: Հ.Գ. Հիշեք, որ նման կեղտոտ քարերը անպայման վերադառնում են շպրտողի ճակատին»:

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն անդրադարձավ նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը. «Որ ձեզ արական սեռի ծննդական են տվել՝ հանկարծ լուրջ չընդունեք։ Շուկշինը մի լավ պատմվածք ուներ՝ երբ բարոյալքման անդունդին հասածը սկսում է հաճույք ստանալ սեփական ոչնչությունից։ Քանի օր է՝ ֆեյքախառն մասսան փորձում է ծամել Արփինե Հովհաննիսյանին։ Ու, ժանրի կանոններին համաձայն, նաեւ «տղամարդիկ»։ Բնականաբար, «տղամարդ» բառը դրեցի չակերտների մեջ, որովհետեւ կնոջ ներկայացրած քաղաքական փաստարկներին հայհոյանքով պատասխանողը տղամարդ չի։ Չգիտեմ ինչ է՝ փալաս, Էդիպի կոմպլեքսի զոհ, գուցե անոնիմ ոչնչությունների կլուբի անդամ, բայց ոչ տղամարդ։ Հա, ի դեպ, նրանք, ովքեր իրենց կոմպլեքսները փորձում են սուբլիմացնել կին գործիչներին վիրավորելով, հանկարծ չխաբնվեն, որ ծննդատանը իրենց արական սեռի ծննդական են տվել։ Դա զուտ անհաջող պատահականություն է եղել։ Դե, տղամարդկությունն էլ հո մանդատ չի, որ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը, կամ գրանտատու որեւէ օֆիս տպի ու բաժանի։ Էս ի՞նչ զզվելի եք դուք»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս դատապարտելի համարեց Քոչարյանի արտահայտությունը․ «Դատապարտելի և ծայրահեղ անընդունելի եմ համարում կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը, ծաղրելը, անձնական կյանքը քննարկման առարկա դարձնելը, այդ թվում` ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա ձևակերպումները Արփինե Հովհաննիսյանի հասցեին, և ինքս, որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում այս քաղաքական մշակույթի և այս ամենի համար: Հույս ունեմ, որ պարոն Քոչարյանը ներողություն կխնդրի հայ տղամարդուն և պատգամավորին ոչ հարիր հայտարարությունների համար»։ 

ԼՀԿ–ից Դավիթ Խաժակյանը ակնկալում է Քոչարյանը «դուխը» արժանի գնահատական կստանա ԱԺ-ում․ «Եթե նա նման արտահայտություն թույլ տար տղամարդ գործչի նկատմամբ, ենթադրում եմ, որ առնվազն նրա նկատմամբ ոչ բռնի, թավշյա գործողություններ կիրականացվեր իր իսկ շքամուտքում, բայց Քոչարյանը «դուխով» է գտնվել և այդպես է արտահայտվել կնոջ նկատմամբ, ինչը հույս ունեմ նաև այս մասով գնահատականի կարժանանա»: 

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն էլ դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

«Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։ Վստահ եմ, որ չեք կիսում ձեր գործընկերոջ վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, հետևաբար պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։ Հուսամ՝ ձեր մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ՝ ներողություն խնդրելու Արփինե Հովհաննիսյանից: Բայց հարցն ավելի խորն է. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան։ Շարունակելո՞ւ եք միասին աշխատել՝ մտնելու եք խմբակցության նույն սենյակ, նույն դահլիճ։ Մի՛ լռեք։ Պատասխանը մեկն է՝ կամ-կամ։ Պահանջե՛ք նրա հեռացումը ԱԺ-ից։ Դա Արփինեին չէ պետք, դա Ձեզ է պետք»,– գրել է նա։ 

Իշխանական թեւից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ընդ որում՝ նա գրառումը երկու անգամ խմբագրել է՝ ի վերջո հավելման մեջ սլաքները ուղղելով նախորդ իշխանությունների կողմը. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»:

 

Տպել
Ամենաշատ