News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝  ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել ոչ թե իր կամքով, այլ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի «հորդորով»։ Սարգսյանին իր հերթին նման պահանջ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում բարկացրել է Քոչարյանի վերջին հայտարարությունը։

Ոստիկանության գնդապետի  համար ճակատագրական է եղել  հոկտեմբերի 22–ին «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում իր կողմից արված այն հայտարարությունը, որ ոստիկանության կարծիքը չի համընկնում  ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու նախագծի հեղինակների կարծիքի հետ։

«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը:

Մեր տեղեկություններով՝  ոստիկանության գնդապետի համար անսպասելի է եղել Արման Սարգսյանի «հորդորը».  նրան վիրավորել է այն հանգամանքը, որ  կառավարության ղեկավարը չի գնահատել  իր մեկուկես տարվա աշխատանքը և իր կարծիքն արտահայտելու համար մեկ օրում հրահանգել է «սեփական դիմումի» անվան տակ ազատել իրեն։

Մեր տեղեկություններով՝ Հովհաննես Քոչարյանը նախկինի պես կզբաղվի փաստաբանական գործունեությամբ։

Նշենք, որ երեկվանից NEWS.am–ը փորձում է կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում  ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Քոչարյանը փոխոստիկանապետի պաշտոնից ազատման դիմում է գրել սեփական նախաձեռնությամբ։

Հարցին՝ փորձե՞լ է արդյոք համոզել նրան, որ ազատման դիմում չգրի, ոստիկանապետի պաշտոնակատարն ասել է.

«Եթե համոզած լինեի կամ չլինեի, դա որևէ բան չէր փոխելու, եթե մարդը որոշել է, նշանակում է որոշել է»։

Հիշեցնենք, որ Հովհանես Քոչարյանը երեկ՝ հոկտեմբերի 23–ին ազատման դիմում էր գրել, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է։ Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ