News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Կրակոցներ Տավուշում. նախկինում դատապարտվածը կրակել է քրեական անցյալ ունեցող մեկ այլ երիտասարդի վրա, որը մեկ տարի առաջ էր ինքնաձիգով աչքի ընկել համանման միջադեպում։ Դատարանների հանդեպ ճնշումների մասին ահազանգերը զավեշտ են. Արդարադատության նախարարը՝ Վերաքննիչ դատարանի նախագահի հայտարարության մասին։ Գոնե մեկ գիտակից անձնավորություն կա՞, որը կարծում է, թե ճնշումներ չկան։ Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ դատավորների ու դատական համակարգի անկախության մասին։ Թումանյանական օրակարգը արդիական է նաեւ մեր օրերում։ Բռնության համար պատժի խստացման օրինագծի քննարկման ժամանակ Փաշինյանը բերել է «մի մուշտիի» օրինակը. նրան հուշել են՝ պատմվածքը գրել է Նար-Դոսը։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը եւ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. վարչապետը  զայրացած է՝  բոլոր դրական տեղաշարժերը գրանցվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի։  Դանիել Իոաննիսյանը համամիտ է վարչապետի հետ. երկրում կա խորքային պետություն, որի դասական օրինակը ԱԱԾ-ն է։ 

Տավուշում երեկոյան 21:30-ին մոտ «Դիլիջան» բուժկենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով քաղաքացի են բերել հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը:  Իրավապահները պարզել են, որ վիրավորը նախկինում մի քանի անգամ դատապարտված 31-ամյա դիլիջանցի Արման Ղալեչյանն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել նախկինում դատապարտված Ավագ Բալինյանի վարձած գազալցակայանի մոտից: Պարզվել է, որ Ղալեչյանի վրա կրակել է հենց Բալինյանը, որը դեպքի վայրից Range Rover-ով դիմել է փախուստի: Անցյալ տարի Ղալեչյանը ինքնաձիգից կրակել էր ոմն Արագած Թամրազյանի վրա ու ձերբակալվել, սակայն երկու անգամ դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել։

Քրեական ենթամշակույթի առկայությունը եւ ընդհանրապես կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում է խնդիրներ առաջացնում, դրանց  լուծումներից մեկն էլ հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է, լրագրողներին ասել է արդարադատության նախարարը։ Միաժամանակ Ռուստամ Բադասյանը կասկածի է ենթարկել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու՝ դատարանների նկատմամբ  ճնշումների մասին հայտարարության հիմնավորվածությունը։

Ինչ-որ մի գիտակից անձնավորություն կա՞, որ կարծում է, թե ճնշումներ չկան, «168 Ժամին» ասել է Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ըստ նրա՝ վնգստացողն այն դատավորն է, որը տեղի է տալիս քաղաքական իշխանության ճնշումներին, նրա պատվերներն է կատարում, որն իր խղճին, օրենքներին ու Սահմանադրությանը հակառակ դատական ակտեր է կայացնում։ «Ինձ համար էլ ակնհայտ էր քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»՝ մասնավորապես՝ իմ և Դավիթ Գրիգորյանի որոշումներից հետո: Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե որոշ դատավորներ պատերի տակ վնգստալով՝ տերեր են ման գալիս, պետք է ասեմ, որ վարչապետը շատ լավ գիտի՝  այն դատավորը, որը տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է», ասել է նա: Ազարյանի խոսքով՝ մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ ոչ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հետվիրահատական պլանային բուժզննում է անցել«Իզմիրլյան» բուժկենտրոնում: Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։

Ռոբերտ Քոչարյանի բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին 16:30-ին: Հիշեցնենք, որ սա նոր կազմով առաջին նիստն է, քանի որ նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնել: Գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին: Ըստ slaq.am-ի նրա եղբայրը հակաքոչարյանական է։

Կառավարությունը հավանություն է տվել քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծին, որն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում բռնության կամ նույնիսկ բռնության կոչերի դեպքում։ «Այս  նախագիծը բխում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից։ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն», ասել է վարչապետ Փաշինյանը եւ բերել «մի մուշտիի» պատմությունը։ Վարչապետին հուշել են, որ պատմվածքը, որի մասին խոսում էր, գրել է ոչ թե Թումանյանը, այլ Նար-Դոսը։

Նույն օրինագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք մարդկանց խմբերի նկատմամբ բռնության կոչի դեպքում նախագծի կարգավորումը կիրառելու խնդիր չի լինի։

Կառավարությունը որոշել է չերկարացնել զորակոչից խուսափած քաղաքացիների հանդեպ օրենքի գործողության ժամկետը։ Ներկայացնելով որոշման նախագիծը պաշտպանության նախարարն ասել է, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից

Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը եւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վիճել են Գյումրիի ավտոմաքսատան տարածքում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման  կենտրոն կառուցելու համար ծախսերի ավելացման թեմայով, ինչին միջամտել է վարչապետը։ Փաշինյանը դժգոհել է իրենց պարտականությունների հանդեպ պետական ծառայողների վերաբերմունքից։

Հեղափոխության գաղափարները երկրի կառավարման ու տնտեսության զարգացման գործին ծառայեցնելու հարցում ամբողջ պետական համակարգը դիմադրում է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ բոլոր դրական տեղաշարժերը, մասնավորապես տնտեսական ցուցանիշները գրանցվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը համամիտ է վարչապետի կարծիքին, թե երկրում կառավարման համակարգը հակառակվում է հեղափոխությանն ու բարեփոխումներին։ Ըստ նրա Հայաստանում կա խորքային պետություն եւ դրա ցայտուն օրինակը ԱԱԾ-ն է։

Ես չգիտեմ դիփ սթեյթն ինչ է նշանակում, լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Անդրադառնալով վարչապետի դժգոհությանը, նա ասել է, որ կառավարման համակարգում ստվերային պայմանավորվածությունների մասին խոսք չի կարող լինել, պարզապես այն մեծ եւ ծանրաշարժ է եւ այդ պատճառով են փոփոխությունները դանդաղում։

Կեսգիշերին Երևանում  տեղի է ունեցել ինքնասպանության դեպք: Ըստ Shamsyan.com-ի ահազանգը ստանալուց հետո Կիեւյան կամրջի մոտ են շտապել շտապօգնության բժիշկները, որոնք արձանագրել են քաղաքացու մահը:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Գ.-ն է:

Քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը կառավարության բակում ինքնահրկիզման փորձ է արել։ Նա պատմել է, որ իր 29-ամյա որդին ամիսներ շարունակ կոմայի մեջ է, սակայն դեպքի հանգամանքները պարզելով իրավապահները չեն զբաղվում եւ իրեն էլ չեն իրազեկում։ Որդին կեսգիշերին դուրս է եկել տնից եւ անհայտ հանգամանքներում վնասվածք ստանալով՝ լուսադեմին հայտնվել է հիվանդանոցում։ Ավելի ուշ քաղաքացին դուրս է եկել կառավարության ընդունարանից եւ լրագրողներին ասել, թե խոստացել են իր խնդրին լուծում տալ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.31 դրամով եւ  կազմել  477.71 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.76 դրամով եւ հասել  531.55 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.94 դրամով եւ կազմել  629.96 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը աննշան աճել է եւ կազմել  7.56 դրամ։

Հայաստանի որոշ շրջաններում դեկտեմբերի 13-ին սպասվում են թույլ տեղումներ։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա։ Արարատյան դաշտում եւ Երեւանում առավոտյան մառախուղ կլինի։ Մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին սպասվում է թույլ թաց ձյուն։ Առաջիկա գիշեր Երեւանում սպասվում է +1+3, վաղը ցերեկը՝ +3+5։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ