News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար «Այո»-ի կողմի հայտարարած մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո Ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց, որ այդ լոգոն գրագողություն է և մրցույթի պայմաններով 3 միլիոն դրամ շահած «Garoon agency» ընկերությունը կրկնoրինակել է 1991թ. Անկախության հանրաքվեի լոգոն։ Այս մասին հայտնել է Armdaily.am կայքը, որն ուսումնասիրել է Garoon agency ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և պարզել, որ այն ստեղծվել է 2018թ. ապրիլի 27-ին, սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով հրապարակումներ են արվել։

Ընկերությունն ունեցել է նաև կայք, որի գործունեությունը, սակայն, կասեցված է։ Հետեւաբար հնարավոր չէ պարզել նաև, թե ում անունով է գրանցված եղել կայքի դոմեյնը։

Հետաքրքրականն այն է, որ «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» անունով որևէ ընկերություն երբևէ գրանցված չի եղել և ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում այդ անվամբ որևէ կազմակերպությունը չկա։ Համակարգում այդ անունը փնտրելիս ոչինչ հնարավոր չէ գտնել ո՛չ հին ընկերությունների ցանկում, ո՛չ՝ նոր։

ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգում ևս, ըստ աղբյուրի, ընկերության անունը որևէ կերպ հիշատակված չէ։

«Սփյուռ» տեղեկատվական համակարգում նշված է, որ ընկերության տնօրենը Ռաֆայել Դանիելյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Դավթաշեն, Փիրումյանների 33 հասցեում։

Garoon գործակալության տնօրեն Ռաֆայել Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ տարբերանշանի կրկնության վերաբերյալ բարձրացված աղմուկի առնչությամբ հանդես կգա հայտարարությամբ:

«Բոլորն ինձ հիմա հարցնում են, ես չեմ ուզում ինչ-որ մեկին պարզաբանում տալ, ինչ-որ մեկին՝ ոչ: Ես հայտարարությամբ հանդես կգամ»,- ասել է նա:

Կայքը հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ, հաղթողին խոստանալով  3 միլիոն դրամ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողի անունը.

«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում:

Սակայն պարզվեց, որ «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը նոր չէ: Իրավապաշտպան, «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը իր  ֆեյսբուքյան էջում 90-ականների սկզբի մամուլից մի լուսանկար է հրապարակել, որը 1991-ի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն է ներկայացնում։ Լուսանկարում զանգի մեջ պատկերված «Այո»-ն կրկնում է «Այո» քարոզչական կողմի՝ օրերս հրապարակած տարբերանշանի «Այո»-ն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ըստ կայքի, այժմ քննարկում է «Այո»-ի բրենդինգի մրցույթը շահած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը և որոշում կայացնելուն պես հայտարարություն կտարածի:

Նկարիչ Ցոլակ Ղանդիլյանը Tert.am-ին հայտնել է, որ «Այո»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Նկարը հրապարակվել է «Երեկոյան Երևան» օրաթերթի սեպտեմբերի 23-ի համարում:

Ղանդիլյանը ժամանակին թղթակցել է «Երեկոյան Երևանին», ծաղրանկարներ արել, հիշեցրել, որ այդ տարիներին Ստյոպա Նարոյանն ու Նիիկոլայ Մանուկյանն իր գործընկերներն էին։

Ավելի վաղ «Երեկոյան Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը Tert.am-ին ասել էր, որ կասկածում է, թե նկարի հեղինակը կարող է Ցոլակ Ղանդիլյանը լինել, վերջինը, սակայն ճշտել է, որ հեղինակը  Ստյոպա Նարոյանն է։

Տպել
Ամենաշատ