News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արցախում կա կորոնավիրուսով վարակված մեկ մարդ: Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով Հայաստան ուղարկված երկու փորձանմուշների թեստերի արդյունքներից մեկը եղել է դրական: Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում վարակակրի հետ շփված բոլոր 17 քաղաքացիներն ինքնամեկուսացվել են, նրանք ախտանշաններ չունեն: Կասկածներ կան, որ վարակված են կորոնավիրուս ունեցողի ընտանիքի անդամները:

Հայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու  20  նոր դեպք է գրանցվել, Ֆեյսբուքի իր էջում նշել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջացել է 25 քաղաքացի: Նրա տվյալով՝ թեստավորվել է 211 քաղաքացի:  Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 7-ին հաստատվել է կորոնավիրուսի 853 դեպք:

Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալների միայն մի մասն է օգտագործվում։  Վարչապետի խոսքով՝ եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա կառավարությունը կսկսի արտակարգ դրության ռեժիմի թուլացման մարտավարություն վարել։

«Գիշերը մինչեւ ժամը 4-ը մնացել ենք ավտոբուսի մեջ դրսում, որովհետեւ անհամաձայնություն կար, պահանջում էինք, որ ամեն մեկիս առանձին սենյակ տան, ինչպես կարանտինն է պահանջում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մոսկվայից ժամանած ուղեւորներից մեկը։ Քաղաքացին պահանջում է, որ թողնեն՝ գնա տուն եւ այնտեղ մեկուսանա, քան օտար մարդկանցով իրար հետ մնան՝  միմյանց ենթարկելով վարակվելու վտանգին: Կնոջ խոսքով՝ սենյակում չկան հիգիենայի միջոցներ, ջուր, դժգոհ են նաեւ կերակուրից։ Հիշեցնենք, որ նախօրեին հատուկ չվերթով 222 քաղաքացի է Մոսկվայից տեղափոխվել Հայաստան։ Այսօր իրականացվում է նմանատիպ երկրորդ չվերթը։ Դեռւես մի քանի հարյուր քաղաքացի էլ հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել։

Արտգործնախարարությունը, վկայակոչելով ապրիլի 3-ի կառավարության որոշումը, հայտարարել է, որ յուրաքանչյուր անձի, որը Հայաստանի քաղաքացի կամ նրա ընտանիքի անդամ չէ  արգելվում է մուտք գործել Հանրապետություն ՝ արտակարգ դրության ընթացքում: Բացառություն են կազմում օտարերկրյա դիվանագետները, հյուպատոսությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, նաև Պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող անձինք:

«Լուսավոր Հայաստանը» դիմել է վարչապետին եւ ԱԺ ղեկավարությանը, որպեսզի, նրա խոսքով, այդքան քննադատված պարգեւատրման 30 տոկոս ֆոնդերը հանվեն, ընդ որում՝  միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանն ասել է, որ աշխարհի որեւէ պառլամենտում մերժված, տապալված նախագիծը երկրորդ անգամ չի բերվում օրակարգ: Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն  արտահերթ նիստում ընդունել էր բջջային հեռախոսով մարդկանց տեղորոշման մասին նախագիծը, որը տապալվել էր ընդդիմության բոյկոտի արդյունքում:

Երրորդ նախագահը կներկայանա Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, բայց պայմանով: Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարել է, որ նա ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու 2016-ին Ադրբեջանի  սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին: Գրասենյակը միայն խնդրել է պարզաբանել` արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում է, և տեղեկացրել, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում, որ այդ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նախկին նախագահը դատարանից պահանջում է պաշտպանել իր պատիվը եւ արժանապատվությունը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից:

Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ընդգծելով որ կոպտորեն խախտվում են իր պաշտպանյալի իրավունքները: Արդեն 4 շաբաթ դատական նիստ չի կայացել դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։ Առաջին դիմումը օմբուդսմենին պաշտպանը ներկայացրել է մարտի 24-ին։ ՄԻՊ-ի գրասենյակից մամուլով պատասխանել էին, որ դիմումն ուսումնասիրման փուլում է։

Քրեակատարողական հիմնարկներում նախնական կալանքի տակ պահվող անձանց կորոնավիրուսային վարակումից պաշտպանելու նպատակով դատախազությունը սկսել էր առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Արդյունքում, ըստ Գլխավոր դատախազի խորհրդականի, փոխվել է 9 անձի խափանման միջոցը:

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները դարձել են անգլիական լրատվական դաշտի հերոսներ: Նրանք իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են պատրաստում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում օգնելու համար։ Երիտասարդների գործունեությանն անդրադարձել են Sky News-ը,  BBC-ն, այլ լրատվամիջոցներ։

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տվյալով՝ Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2019-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.8%-ով կամ 1 մլրդ 290 միլիոն դոլարով` հասնելով 12 մլրդ 200 միլիոն դոլարի: Կառավարության արտաքին պարտքը 2019-ին ավելացել է գրեթե 339 մլն դոլարով` կազմելով շուրջ 5 մլրդ 430 միլիոն դոլար: Անկում է արձանագրել  Կենտրոնական բանկի արտաքին պարտքը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 2.18 դրամով ու կազմել 499.37 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.68 դրամով ու հասել  543.06 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.84 դրամով  ու կազմել 614.92 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու հասել 6.62 դրամի։

Ապրիլի 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում մարզերում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի: Երեւանում տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +8+1

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ