News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ապրիլի 8-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, հայտնում է հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Վարակվածների թիվը հասել է 881-ի: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 114 մարդ, 9 պացիենտ մահացել է:

Կորոնավիրուսի վարակման հետեւանքով մահացած 93-ամյա քաղաքացին տառապում էր քաղցկեղով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի, ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին», գրել է նա:

Համաճարակի դեմ պայքարի այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով: Այս բառերով տեսաուղերձ է տարածել փոխվարչապետ, պարետ Տիգրան ԱՎինյանը: «Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորին անվտանգությունն ու առողջությունը՚, ասել է պարետը:

Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեստը դրական է եղել, պատմել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը, իսկ վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնում է, որ քաղաքապետարանը բուժհաստատությունների համար գնել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար միանգամյա օգտագործման բժշկական խալաթներ, 45 հազար բժշկական ձեռնոցներ եւ ախտահանիչ լուծույթներ։

Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է, ֆեյսբուքում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա թվարկել է այն հիվանդությունները, որոնցով տառապում էր կորոնավիրուսով վարակված եւ մահացած 93-ամյա քաղաքացին:

Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանից Զվարթնոց օդանավակայան ժամանած Հայաստանի 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Մարտի 23-ից ի վեր ԱԻՆ-ը օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ այդ վայրերից իրենց բնակավայրեր է տեղափոխել 595 ուղևորի:

Մեզ ասել են, որ ձեր ղեկավարությունը չի ուզում դուք գնաք Հայաստան, այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դեպի Հայաստան թռիչքի սպասող մեր համաքաղաքացիներից Էդիկ Նալբանդյանը։ Բոլորը Ռուսաստանի տարբեր քաղաքներից են եկել այստեղ ու չեն կարողանում մեկնել, մնալու տեղ էլ չունեն։ Մարդիկ կան, որ 3–4 օր է օդանավակայնում են քնում։ Նրանց խոսքով՝ իրենք տոմսեր գնել են, սակայն երբ թռիչքները չեղարկվել են, իրենց տոմսերի համար վճարած գումարները հետ չեն վերադարձրել, հիմա ստիպված պետք է նոր տոմսեր գնեն, սակայն դրանք շատ թանկ են։

Կորոնավիրուսից մահացել է պոլսահայ ակտիվիստ Հակոբ Բայթայանը։ Նրա մահվան լուրը հայտնել է Ստամբուլի Սարըյերի թաղային խորհուրդը, որի անդամ էր Հակոբը։

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը Պաշտպանության Բանակի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության շնորհիվ, առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի՝ Պաշտպանության Բանակ ներթափանցելու դեպքերից»:

Կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին են հեռախոսով խոսել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովը: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցում նախարարներն ընդգծել են փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը: Անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումներին:

Մամուլից տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: «Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` սեփական դիմումի համաձայն: Իսկ իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումներն են», գրել է նա:

Երբ այս մասշտաբի օրենքի խախտումներ են տեղի ունենում, դժվար է դրան ինքնուրույն բացատրություն գտնել, այսքան օրենքի խախտում անելու համար պետք է լինել պաթոլոգիկ օրինախախտ, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` անդրադառնալով դատական գործընթաց շուրջ տիրող իրավիճակին: Մարտի 17-ից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը չի ներկայացել աշխատանքի, դատարանի նախագահն էլ միջնորդության քննությունը չի փոխանցում այլ դատավորի, չնայած ԲԴԽ որոշման: Ոչ մեկն են անում, ոչ մյուսը, եւ ոչ մի բացատրություն մեզ չեն տալիս, ասել է Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանն այս անգամ խորհուրդ չի տա Ռոբերտ Քոչարյանին՝ հրաժարվել հայցից, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից հրաժարվի իր ասածներից, ինչպես մեկ անգամ արդեն արել է: Փաստաբանը հիշեցրել է Փարիզում Փաշինյանի հայտարարությունը Քոչարյանի մասին: Նրա խոսքով՝ նոր հայցի հիմք է դարձել թալանի մասին Փաշինյանի հայտարարությունը:

Երրորդ նախագահի գրասենյակը Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է ոչ պարզորոշ պատասխաններ: Ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի՝ նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ երրորդ նախագահի դիրքորոշման մասին գրասենյակը կտեղեկացնի այսօր: Հիշեցնենք, որ նախկին նախագահը համաձայնել էր պատասխանել հանձնաժողովականների հարցերին, եթե հանդիպումը ձայագրվի եւ դրա մեկ օրինակը տրամադրվի իրեն:

Փաստաբան Լուսինե Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ծեծի ենթարկված մի տղամարդ Սիսիանի հիվանդանոցում պատմում է, որ իրեն ծեծի է ենթարկել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը։ Փաստաբանի բառերով՝ Սիսիանն արդեն Սիցիլիան է հիշեցնում, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի: Հիշեցնենք, որ նույն ահազանգը երեկ հնչեցրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, նշելով, որ 3 քաղաքացի է ծեծի ենթարկվել, որոնք հոսպիալացվել են։

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն ամենաբարձր մակարդակի է հասել` մեկ օրում 1700 մարդ: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով` ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 396 հազար դեպք: 12 722 մարդ մահացել է, առողջացել է մոտ 22 հազար մարդ: Մեկ օրվա համար մահացության նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 3-ին` հազար 400 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է արդեն գրեթե 1,5 միլիոն մարդ, իսկ վիրուսի հետեւանքով զոհերի թիվն անցել է 82 հազարից, առողջացել է 302 հազար պացիենտ, 1 միլիոնը դեռեւս բուժում է ստանում, ընդ որում՝ նրանցից 4 հազարի վիճակը գնահատվում է որպես ծանր կամ ծայրահեղ ծանր: Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 209 երկրում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 2.79 դրամով ու կազմել 496.58 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.63 դրամով ու կազմել 539.43 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.69 դրամով ու ապրիլի 8-ին 612.23 դրամ է, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.00 դրամով ու կազմել 6.56 դրամ։

Ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի եւ Արցախի հովիտներում, Արարատյան դաշտում ջերմաստիճանը կիջնի 0-ից: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։ Երեւանում վաղը տեղումներ չեն լինի: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը