News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր հապճեպ հրավիրված արտահերթ նիստում երկու ընթերցումներով ընդունեց Սահմանադրության փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Երկրում իրավակարգի համար խիստ կարեւոր նախագիծն առաջին ընթերցման ժամանակ ընդունվել է մեկուկես ժամում, երկրորդ ընթերցման ժամանակ՝ շատ ավելի արագ: Իշխող ուժը ներկայացրել է օրինագիծը, ինքը քննարկել, ինքն էլ քվեարկել, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ–ն քվեարկությանը չէին մասնակցել՝ հայտարարելով գործընթացի ապօրինի լինելու մասին։ Մինչև երկրորդ ընթերցումը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում իշխող խմբակցությունը հասցրեց ևս մի փոփոխություն քննարկել, որն այնուհետև արտահերթ նիստից հետո հաշված րոպեների ընթացքում հրավիրված մեկ այլ արտահերթ նիստում իմքայլականներն ընդունեցին միաձայն։ Ըստ այդ՝ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի ուղարկվի նախագահ Արմեն Սարգսյանին, այլ կհամարվի վավեր այն պահից, երբ Ազգային ժողովի նախագահը կհրապարակի այն։ Եվս մեկ միաբերան քվեարկություն «Իմ քայլի» կողմից արձանագրվեց նիստի ընթացքում։ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չի ուղարկվի Սահմանադրական դատարան։ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես նախապես տեղեկացրել էր Լիլիթ Մակունցը, դեմ քվեարկեց։  Սահմանադրական արդեն ընդունված փոփոխությամբ՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Սա ՍԴ ներկայիս կազմը փոխելու՝ իշխանությունների հերթական փորձն է, նախկին մի քանի տապալված փորձերից, այդ թվում՝ չյկայացած հանրաքվեի նախաձեռնությունից հետո։ Դրա արդոունքում կընտրվրի ՍԴ երեք նոր անդամ, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չի լինի։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ–ն դիմել է «Լուսավոր Հայաստանին» միանալու այս նախաձեռնությանը։ Ի դեպ, պահանջված թվով ստորագրություններ հավաքելու համար ԲՀԿ–ին այս պահին պակասում է ընդամենը երկու ձայն։ Առավոտից նախագիծն արտահերթի օրակարգ մտցնելն ուղեկցվում էր սկանդալներով։ Գրեթե միաժամանակ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ։ Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ նախագիծն օրակարգ է մտցվել հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, նաև նշել, որ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։

Արդարադատության նախարարությունը տարածել է երկարաշունչ հաղորդագրություն, ըստ որի, ընդհանուր առմամբ, Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իշխանության առաջադրած իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։

Մինչդեռ իրավակարգի ոչնչացման մասին են ահազանգել բազմաթիվ իրավապաշտպաններ ու իրավաբաններ։

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքում շեշտել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 82-րդ կետում հստակ նշվել է, որ, մեջբերում եմ, «տղաներ եւ աղջիկներ՝ նախագիծը, որը դրել եք շրջանառության մեջ չի համապատասխանում այս կարծիքում նշված դիրքորոշմանը։ Մնացածը՝ հեքիաթ, քարոզչություն ու էլ ինչ կուզեք: Վայելեք սա ու տապալեք սահմանադրական կարգը, յուրացրեք իշխանությունը»,- մեջբերման ավարտը:

Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցից շեղվելու առչնությամբ հայտարարություն է հնչել եւրոպական կառույցից: Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի նշած ուղեցույցով: «Իշխանություններին կոչ եմ անում ղեկավարվել Վենետիկի հանձնաժողովի խորհուրդներով»,- ասել է նա:

Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և շտապ խորհրդակցություններ է սկսում՝ պետության ապագայով մտահոգ բոլոր ուժերի հետ: «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։ Այսօր նա գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում, Փաշինյանը գնում է խմբակային ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի», գրել է Արթուր Վանեցյանը։

Արտակարգ դրության պայմաններում իշխանությունները շարունակում են հաշվեհարդար տեսնել  Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ըստ նրա՝ իշխանության սրտով է Վահե Գրիգորյանը, որը չկատարելով իր պարտականությունները, մոտ 15 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել:

Չդիմելով Սահմանադրական Դատարան, իշխանությունը խախտում է Սահմանադրությունը, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ եթե հանրաքվեով հարցը լուծելու դեպքում Հրայր Թովմասյանը պետք է դուրս մնար ՍԴ-ից, այս նախագծով նա մնալու է Դատարանի անդամ: «Ես չգիտեմ, թե այդ զիջումն ինչի հաշվին է արվում»,- նշել է Մարուքյանը:

Հավաքները հիմա սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն հայտնեն գործող կառավարությունից, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշ շրջանակներ, ըստ Փաշինյանի, գերագնահատում են հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը: «Եթե հանրահավաք ասելով նկատի ունեն մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը եւ նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»,-հայտարարել է Փաշինյանը:

Մեկ այլ աղմկահարույց դեպքով՝ կիրակի դատարանը մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Ծառուկյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: Դատախազությունը դատարանի որոշումը որակել է անհիմն եւ ապօրինի ու պատրաստվում է բողոքարկել այն:

Գագիկ Ծառուկյանն իր աջակիցների հետ նշել է իր չկալանավորվելը սեփական ռեստորանային համալիրներից մեկում: «Ուզում եմ իմանաք ամենակարեւորը՝ Ծառուկյանը անձնական շահի համար չի անում», ասել է նա:

Այսօր ազգային անվտանգության ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել Ծառուկյանի ենթադրյալ օրինախախտումների մասին: Հաղորդագրությունում էլ նշվում է, որ ԱԱԾ-ն ակնկալում է հանրության աջակցությունը եւ հորդորում է քաղաքացիներին ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել վարույթն իրականացնող մարմնին:

Հունիսի 22-ի դությամբ Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 477 մարդ: Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվելու 320 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը հասել է 20588-ի: Մահացածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 360-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ մարդն ունեցել է COVID-19, բայց մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է: 627 քաղաքացի գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դամով ու կազմել 478.99 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով ու կազմել 537.09 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.47 դրամով ու կազմել 594.04 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.91 դրամ։

Հունիսի 23-ի ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Առաջիկա 2 օրերին եղանակն աստիճանաբար կտաքանա 4-5 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +31 +33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ