«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» 2011թ առաջին եռամսյակում` տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների «սեւ ցուցակում» հայտնվել են Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը եւ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը: Նրանք, ըստ Կենտրոնի, ամենաշատն են խախտել տեղեկատվության ազատության մասին օրենքը: Այս մասին այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Ամփոփումը կատարվել է ուղարկված 50 հարցերի հիման վրա: Բոլոր նախարարություններին հարցում էին ուղարկել` պարզելու, թե որքա՞ն գումար են ծախսել 2010թ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար եւ արդյոք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից հետո մեզանում պակասե՞լ է թղթի ծախսը, թե` ոչ: Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենեւին էլ չի պակասել թղթի ծախսը, ընդ որում` ֆինանսների նախարարությունում 20 անգամ ավելի են ծախսել գրենական պիտույքների գնման համար, քան Տարածքային կառավարման նախարարությունը, իսկ երկրորդ տեղում ԱԳՆ-ն է:
Այս հարցման վերաբերյալ Կենտրոնը ՊՆ-ից մերժում է ստացել, քանի որ դա համարել են պետական գաղտնիք, իսկ 3 դեպքում անտեսվել է հարցումը: Բացի այդ, հարցումներ են ուղարկվել բոլոր պետական կառույցներին, թե 2010թ տվյալ կառույցը որքան փաստաթղթեր է գաղտնազերծել: Յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է ունենալ առավելագույն 30 տարվա, նվազագույնը` 10 տարվա գաղտնիության ժամկետ:
Միայն ԱԳՆ-ն է տրամադրել, թե քանի փաստաթուղթ է գաղտնազերծվել. «Առողջապահության նախարարությունից ընդհանրապես չեկավ պատասխան, իսկ ԱԻՆ-ից պատասխան եկավ, թե այդ փաստաթղթերն առգրավել է ՀՔԾ-ն: Մենք դիմեցինք վերջինիս, թե ինչու են դրանք առգրավել, նրանք ասացին, թե դրանց պատճենները գտնվում են ԱԻՆ-ում: Մենք դարձյալ դիմեցինք ԱԻՆ, նորից անպատասխան մնացինք»,- ասաց Դոյդոյանը, հավելելով, որ Ստեփանավանի քաղաքապետն էլ 11-րդ էջից սկսած յուրաքանչյուր էջ ինֆորմացիա տրամադրելու համար պահանջում է 500 դրամ:
Շ. Դոյդոյանի խոսքով, այս դեպքում տեղեկատվության տրամադրումը որոշակի առումով դառնում է բիզնես: Նրա խոսքով`այս եռամսյակում հարցումների 88 տոկոսի դեպքում տրվել է լիարժեք պատասխան, իսկ 2006թ նույն ժամանակահատվածում` 51-56 տոկոս է եղել. «Որոշակիորեն բարձրացել է նաեւ պաշտոնյաների իրազեկվածությունը: Ընդամենը երկու դեպքում է գրավոր մերժում ստացվել, երկուսն էլ ՊՆ-ից, որը պատշաճ բացատրել է, թե այն համարվում է պետական գաղտնիք»,- ասաց Դոյդոյանը: Շ. Դոյդոյանը նշեց, որ սկսելու են դատական գործընթաց օրենքի խախտողների հանդեպ` հուսալով, որ վարչական պատասխանտվություն սահմանվելու դեպքում նման նախադեպերը խստիվ կկրճատվեն:




























