News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Չնայած անցած գիշեր վարչապետը Ֆեյսբուքում գրել էր, թե 0 ժամ 1 րոպեից Հրայր Թովմասնյանն այլեւս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, 3 դատավորներն էլ՝ ՍԴ անդամ, այսօր առավոտյան աշխատավայր ժամանած Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, թե շարունակելու է կատարել իր պարտականությունները:  Գյուլումյանը չի պատրաստվում ուժով մնալ, բայց պայքարելու է իր իրավունքների համար, մինչեւ իսկ Եվրադատարանում: Հրայր Թովմասյանի եւ Արեւիկ Պետրոսյանի արձակուրդ գնալու կապակցությամբ Ալվինա Գյուլումյանն ասել է, որ այդ պարագայում ՍԴ նախագահին փոխարինում է տեղակալը, այսինքն ինքը: Ավելի ուշ ԱԺ-ն հայտարարել է, թե ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի ամենատարեց անդամը՝ Աշոտ Խուրշուդյանը:

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն առավոտյան Սահմանադրական դատարան են այցելել եւ հանձնել Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը վիճարկող դիմումի թղթային տարբերակը:  Էլեկտրոնային տարբերակը, 26  պատգամավորի ստորագրությամբ երեկ են ուղարկել: Անդրադառնալով վեճին, թե առնվազն 27 ստորագրություն էր պետք, Զոհրաբյանը նշել է, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի:

ՍԴ անդամներին սատարելու համար բարձր ատյանի շենքի մոտ եկած իրավաբաններից ու քաղաքական գործիչներից Արա Սահակյանը հայտարարել է, որ «Հայրենիք» կուսակցությունից լիազորված է հայտարարել, որ տեղի է ունենում սահմանադրական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում:  Անդրադառնալով Սահմանադրական Դատարանի անդամ Վահե Գրիգորյանի տեսակետին, թե այս փոփոխություններով ՍԴ ճգնաժամը լուծվում է, Արա Սահակյանն ասել է. «Ես այդպիսի անուն-ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում: Ես գիտեմ, որ կա այդ անուն ազգանունով մի դասալիք: Նա ձրիակեր է եւ որեւէ բաոյական հեղինակություն չունի մեր հասարակության մեջ»:

Առավոտյան աշխատավայր եկած Վահե Գրիգորյանը շնորհավորել է սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու առիթով, համարել, որ այդպիսով լուծվել է ՍԴ ճգնաժամը, ողջունել է խորհրդարանի քայլը, օրը պատմական համարել եւ այլն: Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու է չաշխատելով աշխատավարձ ստացել:  Գրիգորյանը այսօրվանից  մասնակցելու է նիստերին: Նրա հաշվարկով՝ դատարանում արդեն կա 6 դատավոր, ինչը  բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար:

Սահմանադրական դատարանի մոտ բողոքի ակցիաները սկսվել էին գիշերվանից. Դաշնակցական գործիչ Արգիշտի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել, որում ակցիայի մասնակիցը նշել է, որ ՍԴ-ն զավթված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից: Մասնակիցները «զավթված է» գրությամբ պաստառներ են փակցնել ՍԴ-ի վրա:

«Վերնատուն» ակումբի անդամ Ռուբեն Հակոբյանը համարում է, որ պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Նրա համոզմամբ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: «Ցավոք, օրենքի շրջանակում փոխել իշխանությունը հնարավոր չէ, որովհետեւ Փաշինյանը բացարձակ հակաօրինական դաշտում է գործում: Պետք է գրավել պետական մարմինները եւ նրան վռնդել իշխանությունից: Նրանք պետությունը տանում են դեպի կործանում»,-հայտարարել է Հակոբյանը: Ըստ Հակոբյանի՝ այսօր ընդդիմությունը չունի միասնական ռազմավարություն, բայց պետք է ամբիցիաները մի կողմ թողնել եւ միասնաբար գործել:

Այսօր արդեն իսկապես ունենք սահմանադրական դատարանի ճգնաժամ, համոզված է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Մենք այսօր ունենք փշուր-փշուր եղած սահմանադրական կարգ եւ մեր հանրությանը շատ դժվար է լինելու վերականգնել այս խայտառակ վիճակը», ասել է նա

Հայաստանում բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին. մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանմանը։, լրագրողների հետ զրույցում հայտարարել է մեկ այլ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանին էլ Սահմանադրական դատարանի մոտից ոստիկանները բերման են ենթարկել  դիմակ չկրելու եւ մոտն անձնագիր չունենալու համար, թեեւ Աղեկյանն առարկել է, որ փոխարենն ունի հպարտ քաղաքացու անձնագիր:

Երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի մասին Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությանը. «Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարեւան երկրի խան Իլհամ Ալիեւը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, այն աստիճանի վստահում, որ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է: Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով,  ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջեւ ունեցած իր տխրահռչակ ելույթներում: Բռնապետ Ալիեւը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ բռնություններից եւ գործող իշխանության այլ աղաղակող ապօրինություններից ու կոռուպցիայից:  Ալիեւի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես եւ իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանն իր հաղթական բանակով եւ հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին», գրել է Սերժ Սարգսյանը։

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում անցել է 400-ից: Մեծ տեմպերով աճում է նաեւ վարակակիրների թիվը: Անցած մեկ օրում գրանցվել է  759 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է  23247-ի: Մահացածների թիվն ավելացել  է 13-ով, հասնելով 410-ի:

Բրիտանական BBC News-ի ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է: Մեկնաբանն ասել է, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ  մեծանում է քննադատությունը վիսուսի դեմ պայքարը տապալելու համար. սակայն իշխանությունները պնդում են՝ երկիրն իրեն չի կարող թույլ տալ ևս մեկ լոքդաուն։

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել, NEWS.am-ին հայտնել է  Ազգային ժողովի աշխատակից Լիլիթ Մինասյանը։ «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանը ջերմությունի ունի, բայց թեստավորում դեռ չի անցել։ Ըստ մամուլի՝ ԲՀԿ-ից  Արման Աբովյանի և  Իվետա Տոնոյանի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս։ Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը ևս վարակվել են կորոնավիրուսով։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները Հյուսիսային պողոտայում «պառկեցնում ասֆալտին» բերման ենթարկելուց առաջ։ Տեսանյութը տարածողները նշում են, որ պատճառը  դիմակ չկրելն է, ոստիկանությունն էլ պարզաբանել է, որ քաղաքացին չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջին:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների մեղադրական եզրակացությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել դատարան։  Ըստ ՀՔԾ-ի՝  պաշտոնեական դիրքի չարաշահման ու կեղծիքի, պետական միջոցներից հափշտակության դեպքերի հետեւանքով պետությանը պատճառվել է 114 մլն դրամի վնաս:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.64 դամով ու հասել 481.94 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.33 դրամով ու հասել  540.69 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.90 դրամով ու կազմել  596.98 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.95 դրամ:

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում, նաեւ մայրաքաղաքում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Հունիսի 27-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:  Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է +16+18, վաղը ցերեկը՝ 26-ից 28 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 07.08.2020
Երրորդ նախագահի գրասենյակը տարածել է տեսանյութ...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 06.08.2020
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հերթական հնչեղ ձերբակալությունը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 05.08.2020
Երեկ Բեյրութի ժամանակով երեկոյան 6-ին, որը մեկ ժամ է հետ Երեւանից, տեղի ունեցած հուժկու պայթյունի կադրերը կայծակի արագությամբ տարածվեցին համացանցով...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 04.08.2020
Երեւանի քաղաքապետը չի հերքել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 03.08.2020
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 31.07.2020
Առավոտյան հայկական զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի...