News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գործադիրի նիստին  անդրադառնալով կառավարություն–բիզնես գործընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ ՀԴՄ չխփելը զինվորի հարցը գողանալ է։ Ըստ վարչապետի՝ այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին և փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ «Ոչ մեկը չի արձանագրում, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, այլև դրանից հետո գույքահարկ չի վճարվել»,- ասել է Փաշինյանը։

Այդ պահին կառավարության մոտ էին հավաքվել Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք իրենց համարում են գերակա շահի զոհ եւ հանդիպում էին պահանջում։ Մեկուկես տասնամյակ իրենց բնակարաններին սպասող բնակիչների համբերությունը հատել է եւ նրանք որոշել են դիմել տարբեր երկրների դեսպանատներ՝ կացարան հայցելու։ «Մենք գինդով հայտարարություն չենք տվել, որ գաք ու մեր տները քանդեք, գնում ենք հանձնվենք, քանի որ մեր վերանգիրն է՝ պետությունից  տուժածներ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցույցի մասնակիցներից անվասայլակով մի տարեց կնոջ  ինքնազգացողությունը վատացել է, «Շտապօգնություն» է ժամանել։ Եկմալյանի բնակիչներն ասել են, նա  իրենց խնամքի տակ է, նրա պարտադիր դեղամիջոցները չեն կարողանում ըստ կարգի ստանալ նախարարությունից։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի նախագահի հտ հեռախոսազրույցում Իլհամ Ալիեւը դժգոհել է, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումներից հետո՝ հուլիսի 17-ից մինչեւ օրս մեծացել է Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների տեղափոխման ինտենսիվությունը, մասնավորապես տարբեր երկրների տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 400 տոննա ռազմական նշանակության բեռ: Կրեմլի մամուլի ծառայությունն ի դեպ, նշելով, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ է կայացել զրույցը, հայտնել է, որ ռուսական կողմը շեշտել է սահմանախային բախումների  անթույլատրելիությունը

Տավուշի մարզի Այգեձոր համայնքում տեղադրվել է հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական մարտերում զոհված 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանի հուշաքարը։ NEWS.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հայտնել է, որ հուշաքարը  տեղադրել է Շիրակի Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը, որը կապիտան Էլբակյանի հորեղբոր տղան է։ Արշակյանը նաեւ 10 մեքենա անվադող է տեղափոխել դիրքեր։ Սամվել Սաղոյանը հրապարակել է հուշաքարի լուսանկարն ու կից գրել. «Սոսը վերադարձավ Տավուշ»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» ֆեյսբուքյան գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանին դեռ նախկին ոստիկանապետի օրոք ուղարկել են կադրերի ռեզերվ, այսինքն՝ հարկադիր պարապուրդի։ «Այո, ինձ համար Արցախը գերագույն արժեք է եւ ցանկացած զտարյուն հայի համար այդպես պետք է լինի: Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի եւ կամայական կերպով», Ֆեյսբուքում գրել է ոստիկանության սպան եւ զգուշացրել, որ այն կհրապարակի, եթե խնդրին իրավական ընթացք չտան։

Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հույս ունի, որ իշխանությունների դեմ համախմբվելու իր կոչը կհասնի ազգի ճակատագրով մտահոգ անձանց եւ նրանք կմիաբանվեն։ Հակոբկոխյանի խոսքով, նույն լոզունգներով, որոնք ինքն է այսօր հռչակել, Նիկոլն էլ քայլում էր, հետո նստեց փափուկ աթոռին, մոռացավ իր խոստումները, եւ հիմա  համ Ամուլսարն է աշխատեցնում, համ Ստամբուլյան կոնվենցիան է ընդունում։  Հացադուլավորն ասել է, որ իրեն շատերն են մոտենում, զորակցում, ասում են՝ այն ժամանակ կույր էինք, հավատացինք, խաբվեցինք։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազարությունները կասեցված են, վարչապետին առաջարկել է իրեն և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին միասին պաշտոնանկ անել: Ֆեյսբուքում նա գրել է, որ «գլխավոր դատախազը սաբոտաժ է անում» եւ ժողովուրդը հիմա ամենաշատը նրա պաշտոնանկությանն է սպասում։ Միաժամանակյա պաշտոնանկությունն էլ, ըստ Սանասարյանի՝ ՊՎԾ-ում որոշակիություն կմտցնի, և դատախազությունն առողջանալու հնարավորության կտա։

Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի: Մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1047-ի: Այս պահին փաստացի բուժվում է 6079 մարդ։

Այսօր առավոտյան Ադրբեջանի տարածքում թույլ երկրաշարժ է գրանցվել:

3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել տեղական ժամանակով 09:21-ին Աղսուի շրջանի տարածքում:

Իսկ նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների պատճառով Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն ամբողջ գիշերը դրսում են անցկացրել: Երկրաշարժից քարեր են թափվել եւ բնակիչները վախեցել են, որ 4-րդ կարգի վթարային շենքը, որում ապրում են, կփլվի: Շենքի բնակիչները, որ բազմաթիվ ցույցեր են արել շենքի նորոգման պահանջով, դարձյալ հիշեցնում են իշխանություններին,  2015 թվականի որոշումն այդ մասին մինչեւ օրս չի կատարվել։

Բելառուսում հետընտրական կրքերը չեն հանդարտվում․ ցույցերը շարունակվում են։ Չարտոնված ակցիաների մասնակցելու համար ձերբակալվել է մոտ 700 մարդ: Ըստ Բելառուսի ներքին գործերի նախարարության՝ բախումների ժամանակ տուժել է 130 իրավապահ, որոնցից  28-ը հոսպիտալացվել է: Կալանավորվածների թվում է  «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբանը։ Երեկ Մինսկում եւ Բարանովիչիում կրկին բախումներ են եղել: Իրավապահները զենք են կիրառել:

Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին: 18  եւ 19 տարեկան երիտասարդները պատմել են, որ որոշել են այրվող խառնուրդ պատրաստել բաղադրատոմսով, որը տեսել են Թելեգրամի ալիքներից մեկում:

Մինսկում ծաղկի խանութներն անվճար ծաղիկներ են բաժանում ոստիկանական բնռության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, հայտնում են ռուսական աղբյուրները: Հաղթանակի հրապարակում բողոքի ցույցին մոտ 1000 մարդ է մասնակցում: Արեւմուտքից Բելառուսի իշխանությանը դատապարտող հայտարարություններ են հնչում։

Բելառուսում գործադուլների մասին իրարամերժ տեղեկություններ են տարածվում։ Սոցցանցերում հայտնվել են Բելառուսի տարբեր քաղաքներում գործադուլներից տեսանյութեր եւ լուսանկարներ: Ըստ լուրերի՝ գործադուլ են սկսել «ԲԵԼԱԶ» եւ «Գրոդնո Ազոտ» գործարանների աշխատակիցները, թեեւ ձեռնարկությունների ղեկավարները հայտարարում են, թե հանդիպում են անցկացնում աշխատակիցների հետ, եւ գործադուլ ոչ ոք չի հայտարարել։ 

Վաղ առավոտից սկսվել է Սեւանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, մեկ ամիս առաջ առանց թույլտվության կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը։ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Սեւանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից եւ ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը մեկնարկել է։

Այսօր երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է 34 տարեկան հասակում մահացած ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստյան արարողությունը: Նա մահացել է սրտի կաթվածից: Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին վնասվածքների պատճառով ընդհատած ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հայկական ու էստոնական թիմերում, մարզիչ էր աշխատում Ղազախստանում։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.17 դրամով ու  կազմել  485.17դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 3.55 դրամով ու հասել 574.15 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 1.87 դրամով ու հասել 634.70 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել  6.60 դրամ:

Օգոստոսի 14-ին Հայաստանի առանձին վայրերում, նաեւ մայրաքաղաքում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի: Առաջիկա գիշերը Երեւանում    կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +31+33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ