News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է Ապրիլյան պատերազմի մասնակիցներին հարգանքի տուրքով՝  ողջերին եւ նահատակվածներին։ Այսօր, ի դեպ, նրանցից 2-ի ծննդյան տարեդարձն է։

Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ ասուլիսում հայտարարելով, թե հայկական բանակը կռվում է 80-ական թվականների զենքով։ 2016-ին Գերմանիան էր նախագահում ԵԱՀԿ-ում, հիշեցրել է նա։ Նախկին նախագահն ավելացրել է, որ աշխարհի բոլոր, այդ թվում հզոր երկրների բանակներում կա նախորդ դարի 80-ականների սպառազինություն։ Իսկ  «Իսկանդերը» չի կրակել, քանի որ քառօրյա պատերազմն առաջինն հերթին լայնածավալ պատերազմ չէր։

Դաշնակիցների մասին չստուգված տեսակետներ հայտնելն ունենում է շատ խորը հետեւանքներ, ասել է երրորդ նախագահը, երբ նրան հիշեցրել են տարեսկզբին կապանյան ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը Ռուսաստանի գործընկերների հետ քննարկել ու ստացել է պատասխաններ ընդդիմադիր եղած ժամանակ իր այն խոսքերի առնչությամբ, թե Ապրիլյանը եղել է Ռուսաստանի իմացությամբ եւ թույլտվությամբ։ «Ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ է տրվել։ Խնդրում եմ՝ հարցը տալ հասցեատիրոջը»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա՝ այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են։   2016 թվականի ապրիլյան իրադարձություններին Ռուսաստանից ստացել ենք 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն, այսինքն՝ անվճար, իսկ «Իսկանդեր» ոչ մի երկիր չունի, Հայաստանից բացի, ասել է նա։

2016-ի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ոչ գաղտնի, ոչ բաց, ասել է Սերժ Սարգսյանը, ուժի մեջ է մնացել 1994-ի անժամկետ համաձայնագիրը, ինչը շատ կարեւոր է հայկական կողմի համար։ Գեներալ Խաչատուրովին զանգահարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը եւ ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են  հրադադարի։ Խաչատուրովը պատրաստակամություն է հայտնել  հանդիպել Թբիլիսիում, որպեսզի  ռազմական գործողությունների վերսկսման դեպքում արագորեն վերադառնա։ Նրան ասել են, որ ադրբեջանցիները ցանկանում են  հանդիպել Մոսկվայում, միջնորդի երաշխավորությունն ունենալու համար։ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողով Խաչատուրովի չներկայանալուն Սերժ Սարգսյանն ըմբռնումով է վերաբերվում։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017 թվականին խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե ապրիլյանի ժամանակ եղել են  դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով՝ վրիպում է եղել, ասել է երրորդ նախագահը։ «Զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ եւ նա խոստովանել է, որ դա թյուրիմացություն էր։ Երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ գուցե այդպիսի խնդիր է եղել, հետո ստուգմամբ պարզել են, որ այդպիսի խնդիր չի եղել»,- պատմել է նա։ Նախկին նախագահը պատմել է նաեւ, որ 2009-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, Հայաստանն Իրանի տարածքով մեծ քանակությամբ վառելիք է ներկրել ու պահեստավորել Բանակի համար, ինչը մինչեւ այս պահը բավարարում է։

Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու, այդ թվում Ստեփանակերտը, ասել է Սարգսյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությանը, թե 2016-ին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր։ «Եթե անօդաչու թռչող սարքերն այդպես հանգիստ, ազատ կարողանային ճախրել Արցախի երկնքում, դա առաջին կանեին հենց Ստեփանակերտի վրա»,- ասել է Սերժ Սարգսյանը։

1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի մի էր բերում նախորդ 4 տարիների պատերազմն ու դրա ակտիվ մասնակիցներին, ընդամենը 2 տասնյակը պարգեւատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով, պատմել է նախկին նախագահը, երբ նրան խնդրել են զուգահեռներ անցկացնել տավուշյան դեպքերի եւ ապրիլյան պատերազմի միջեւ։ Երրորդ նախագահը նշել է, որ այդ ռազմական գործողությունների տարբերությունը շատ մեծ է. «Մի բան է լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք մղվում էին 200 կիլոմետրից ավելի հատվածում, մեկ այլ բան՝ մարտական բախումը, որը տեղի է ունենում  մի քանի հարյուր մետր հատվածներում։ Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր Զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս։ Գոնե հիմա որեւէ մեկը չի կարող ասել, որ մեր Զինված ուժերը մարտունակ չեն», ասել է նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան, փաստորեն միանալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ հունիսի վերջին ներկայացրած դիմումին։  ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում պարզաբանել է, որ առաջին ընթերցումից հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծը չներկայացնելով բարձր ատյան, Ազգային ժողովը խախտել է Մայր օրենքը։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԲՀԿ-ին չմիանալը Մարուքյանը պատճառաբանում էր երկրորդ նախագահի՝ ՍԴ ներկայացրած դիմումի հանգուցալուծմանը սպասելով, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ետ էին վերցրել դիմումը։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է իր գլխավոր խորհրդական։ Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է նշանակվել 1999-ին եւ 2000-ին, վարչապետ Արամ Սարգսյանի հետ միասին պաշտոնանկ արվել՝ երկրորդ նախագահի հրամանագրով։ Այդ ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը գեներալ-լեյտենանտ Հարությունյանին նաեւ զրկել էր զինվորական կոչումից, որն այս տարի Նիկոլ Փաշինյանը վերականգնել է։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղական համայնքների փողոցների խճապատման թեմայով։ «Ցավոք, մեր գյուղական համայնքները հիմնականում ճանապարհներ չունեն: Այսինքն՝ այդտեղ ճանապարհ հասկացության մասին խոսելը շատ պայմանական է՝ ուղղակի արահետներ են, որոնք իրենց հետ բազմաթիվ խնդիրներ են բերում, այդ թվում՝ քաղաքակրթական», ասել է նա:

Արցախում կայացած հանդիպմանը Արթուր Վանեցյանն ու Վիտալի Բալասանյանը  պայմանավորվել են իրենց գլխավորած «Հայրենիք» եւ «Արդարություն» կուսակցությունների գործակցության սերտացման մասին։ Վանեցյանի՝ արցախյան հանդիպումների շրջանակում երեկ սկանդալային միջադեպ էր գրանցվել, երբ Արցախի նախագահի խոսնակը Ֆեյսբուքում գրել էր, թե Արայիկ Հարությունյանը չի կարող հանդիպել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը չընդունող ուժերին։ Այս հայտարարույունը խիստ քննադատության էին ենթարկել մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ։

Հայաստանում մահացած կորոնավարակակիրների թիվը հասել է 1082-ի։ Երեկ մահացել է 5 մարդ, որոնցից 4-ն, ըստ պաշտոնական հաղորդագրության, այլ հիվանդությունից։ Անցած մեկ օրում հաստատվել է վարակման 210 նոր դեպք, ընդհանուր էիվը 42056 է:

Սահմռկելի դեպք է տեղի ունեցել Տավուշում. պապն այնպես է փայտով ծեծել 4 ու 6-ամյա թոռներին, որ նրանք հիվանդանոց են ընկել։ Ըստ Shamshyan.com-ի՝ երեկ, իրիկնադեմին, «Իջեւան» բուժկենտրոնից ոստիկանությունն ահազանգ է ստացել ծանր վնասվածքներով հիվանդանոց բերված 6-ամյա Սերգեյի մասին։ Ոստիկանները պարզել են, որ պապը՝  58-ամյա Սամվելն է փայտով ծեծի ենթարկել Սերգեյին եւ 4-ամյա Նաիրիին, որը նույնպես հիվանդանոցում է։ Երեխաներից մեկին ծանր վիճակով տեղափոխել են Երեւան։ Պապը ձերբակալվել է։

Երեխաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք, ֆեյսբուքում գրել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նրա խոսքով՝ անմարդկային քայլի հետեւանքով երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:

Երեւանյան կամուրջներից ինքնասպանության փորձերը շարունակվում են. երեկ երեկոյան երկու քաղաքացի է փորձել նետվել Հաղթանակի կամրջից։ Ահազանգից հետո փրկարարներն ու հոգեբանը, հասնելով դեպքի վայր,  կանխել են ինքնությունը չպարզված անձանց ինքնասպանությունը։ Եվս մեկ նման փորձ էլ եղել է կեսգիշերին մոտ։ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը եւս հաջողվել է խափանել:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկում քաղաքացուն՝ դիմակ չկրելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դարձյալ դիմել է իրավապահներին՝ իր տարածք ակտիվիստների ներխուժումները կասեցնելու կոչով։ Հայտարարությունում նշվում է, որ վագոն-տնկաների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։  Նշվում է նաեւ, որ օգոստոսի 12-ից սկսված «Լիդիանը» ստացել է աշխատանքի ընդունվելու 350 դիմում-հայտ, որից 250-ը՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից:

Մոսկվայի հարավ-արեւմուտքում հայ է սպանվել, մեկն էլ վիրավորվել է, երկուսն էլ Ջավախքի Կորխ գյուղից: Գիշեր փողոցում ավտոմեքենայի տերը բանվորների հետ վիճել է, մեղադրել, որ նրանց դրած եզրաքարը վնասել է իր մեքենան, ապա սկսել կրակել: 31-ամյա Մակարյանն ազդրի շրջանում վնասվածքով վերակենդանացման բաժանմունքում է,  32-ամյա Աթանյանը, տեղում մահացել է որովայնի շրջանում ստացած վնասվածքից: Մարդասպանը փախել է հանցանքի վայրից:

Բելառուսում դրությունը չի հանդարտվում։ Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել է եվրոպացի առաջնորդներին նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչով։ Դրանք, ըստ նրա, կեղծված են։ Նա ասել է, թե նախաձեռնել է Բելառուսի Ազգային համակարգող խորհրդի ստեղծումը, որը կղեկավարի երկխոսության միջոցով իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը։

Եվրամիության առաջնորդները մտադիր են արտահերթ տեսակոնֆերանսով խստացնել Բելառուսի դեմ պատժամիջոցները, հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը։ Ըստ նրա՝ ընտրությունների ելքը չի համապատասխանում ժողովրդի ցանկությանը։ «Պատժամիջոցներն արդեն ընդունված են եւ այսօրվանից կխստացվեն»,- ասել է Բրեթոնը։

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցության համար չափազանց ուշ դիմեց երկրի ձեռնարկությունների բանվորներին։ «Լուկաշենկոն աջակցության համար դիմեց արդյունաբերական ձեռնարկությունների բանվորներին։ Բայց, կարծում եմ, ուշ»,- ասել է նա «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում։ Գորբաչովն ինքն էլ ժամանակին դիմել էր աշխատավորներին, բայց աջակցություն չստանալով՝ հեռացել։

Իսկ Լուկաշենկոն նահանջելու միտք չունի։ Նա ասել է, որ սպառնալիքներ են հնչում զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների, պետական ծառայողների, լրագրողների ընտանիքների հասցեին: «Ուզում եմ դիմել գործարանների աշխատողներին՝ հայացքներդ մի թաքցրեք, դուք եք ձեր գործարանների տերերը, իսկ այդ ցուցարարների հարցը մենք կլուծենք»,-ասել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով ու  կազմել  484.30 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1.95 դրամով ու հասել 578.21 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 3.07 դրամով եւ հասել 640.87 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել է 6.60 դրամ։

Օգոստոսի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը +33+35 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ