News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարարի պաշտոնաթողության մասին 2 օր օդում համառորեն պտտվող լուրերի ֆոնին, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին արձակուրդ է ուղարկել. նրա որոշմամբ՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը նախարարին կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Հիշեցնենք, որ Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական և պաշտոնական էջերն այլևս հասանելի չեն։ Փորձագետները պնդում են, որ նա իրավունք չուներ ջնջել պաշտոնական էջը, քանի որ այն պաշտոնական տեղեկություններ էր պարունակում։

Politik.am-ն իր աղբյուրները վկայակոչելով հայտնել է երեկ առավոտյան Թորոսյանի Փաշինյանի միջեւ սկանդալային միջադեպի մասին։ Վարչապետը նախարարին հանդիմանել է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար, Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունե՞ս, բեր թող աշխատի»։ Վեճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, ինչից հետո Թորոսյանն ակնարկելով վարչապետի հոգեկան վիճակը՝ դիմելով Ավինյանին, ասել է՝ «տիրություն արեք ձեր հիվանդին», ապա հեռացել: Ըստ կայքի՝ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել։

Օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանում մահացել է 1118 կորոնավարակակիր։ Երեկ մահացել է 8 մարդ, որոնցից 4-ը՝ այլ հիվանդությունից։ Վարակվածների թիվն ավելացել է 111-ով ու հասել 42936-ի: Վերջին տվյալներով ապաքինվել է 36475 մարդ։

Ոչ առանց սկանդալային միջադեպերի՝ Գեւորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Մայր բուհի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը հայտնել է նաեւ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Միքայել Մալխասյանը: Լրատվամիջոցներին թույլ չեն տվել լուսաբանել հոգաբարձուների խորհրդի նիստը՝ հիմնավորելով, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չի արգելվել, ասել է Կրթության ու գիտության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, արտակարգ դրության պատճառով՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում, կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել. «Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ», ասել է նա:

Մայր բուհի խոսնակը պնդում է, որ լրագրողներին ներս թողնելուն դեմ արտահայտվողներից մեկն էլ կրթության ու գիտության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է։ Լրագրողների աշխատանքը խոչնդոտելը քրեական հանցագործություն է, նշել է Գեւորգ Էմին-Տերյանը: Մայր բուհի խոսնակի խոսքով՝ դրա համար պետք է պատասխան տան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը եւ նաեւ Գեւորգ Մուրադյանը, որովհետեւ անվտանգության ծառայողներն ասացին, որ ինքն է ասել, որ լրագրողներին ներս չթողնեն:

Նախարարությունից միանշանակ օժանդակություն կար հոգաբարձուների խորհրդի նախագահ վերընտրված Գեւորգ Մուրադյանին, պնդել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: «Համալսարանում իմ շրջապատում շատ քիչ մարդիկ կան, որոնք բավարար են գնահատում նրա վերջին 1,5 տարվա գործողությունները, Մուրադյանի բազմաթիվ քայլեր չեն ծառայել բուհի շահերին»,- ասել է Դավիթ Ափոյանը:

Իսկ կրթության նախարարը օգոստոսի 26-ին, ժամը 20-ին համապետական ծնողական ժողով է նշանակել. Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում ազդարարել է, որ կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ իր էջի ուղիղ եթերում: «Չվախենաք խավարից եկող աղմուկից եւ ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- գրել է նա։

Գաղտնիության պայմաններում ստեղծված դպրոցական ուսման չափորոշիչները պայթյունի նման ներխուժեցի մեր կյանք, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երեւանի Բլոկի անվան 122 դպրոցում ռուսական բաժնի ուսմասվար Արմինե Վաղրամյանը: «Ոչ մի մանկավարժ, ոչ մի գիտնական, այդ ոլորտի գործիչ տեղյակ չի եղել այդ գործընթացից: Գաղտնիության պայմաններում ստեղծվել են խմբեր, որոնք ստեղծել են բացարձակապես անընդունելի չափորոշիչներ», ասել է նա:

Ըստ մանկավարժի՝ նույնպիսի մի անկատար փաստաթուղթ էլ դպրոց հաճախելու նոր կարգն է: «Գործող նախարարը շատ մեծ շնորհակալ գործ արած կլինի հենց իր անձի համար, եթե հրաժարական տա»,- նշել է Արմինե Վաղրամյանը: Պատմաբան, ազգագրագետ Սուսաննա Մելիքյանն էլ ասել է, որ դպրոցները սեպտեմբերի 1-ից պետք է անժամկետ գործադուլ հայտարարեն:

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնությունը շարունակում է պահանջել կրթության նախարարի հրաժարականը։ Նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարել է, որ արդեն 40-րդ անգամ տուգանվելն իրենց չի կանգնեցնելու, ոստիկաններն էլ Արայիկ Հարությունյանին չեն փրկելու պաշտոնանկությունից։

Գերության մեջ հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտորեն խախտման կապակցությամբ Հայաստանի օմբուդսմենը դիմել է միջազգային կառույցներին։ Ադրբեջանը տեսանյութեր է տարածում, որոնցում Գուրգեն Ալավերդյանը ձեռնաշղանթերով ու ձմեռային գլխարկով է, որը փակել է նրա աչքերը, հնչում են նրա ազգային արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ։ Արման Թաթոյանը դատապարտել է նաեւ այդ տեսանյութերի տիրաժավորումը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է ադրբեջանական համանուն գերատեսչությանը Ալավերդյանին դիվերսանտ ներկայացնելու եւ իրականությունը խեղաթյուրելու ավելորդ ջանքեր չգործադրել: Նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ մեր տվյալներով հայ սպան մոլորվել է, իրականացվում է ծառայողական քննություն եւ շուտով եղելությունը կպարզվի:

Պաշտպանության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել նոր օրինագիծ, որով սահմանվում են ՏԻՄ-երում աշխարհազորի ստեղծման եւ ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հարցերը: Օրինագծում նշված է, որ այն բխում է երկրի պաշտպանությանը համընդհանուր եւ համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ։

Հայաստանում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ փաշինյանը, նաեւ տեղադրել տեսանյութ Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպումից: «Կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը: Սա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար», գրել է նա:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի Համախառն ներքին արդյունքի անկումը, Վիճակագրական կոմիտեի տվյալով, տարեկան կտրվածքով կազմել է 13,7 տոկոս։ Իսկ առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ անկումը տարեկան կտրվածքով ընդհանուր կազմել է շուրջ 7,07 տոկոս։

Ոոստիկանությունը բացահայտել է Հեռուստաաշտարակի մոտ խեղդամահ արված վիճակում հայտնաբերված 26-ամյա աղջկա սպանության հանգամանքները։

Նախնական տվյալով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա ընկերը՝ օտարերկրացի 32-ամյա մի տղամարդ, որին որոնում են։

Երեկ ուշ երեկոյան Հաղթանակի կամրջից ցած նետվելով ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները եւ ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը եւ տեղափոխել է ոստիկանություն:

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: «Դեռ չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ամեն ինչ կանեմ՝ ապացուցելու մարզիչներին, որ նրանք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն», ասել է Անգուլոն:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով և հասել 485.71 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.30 դրամով ու հասել 574.50 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել է 636.96 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով ու կազմել 6.50 դրամ:

Օգոստոսի 26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա եւս 3-5 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ