News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նորից կրակոցներ են հնչել Երեւանում։ Դատելով հետեւանքներից Աջափնյակում փոխհրաձգություն է տեղի ունեցել. հրազենային վնասվածքներով, նախնական տվյալով՝  հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ։ Վիրավորներից երկուսը այսպես կոչված «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի՝ նույն ինքը Արմեն Հարությունյանի, քրոջ որդիներն են: Իրավապահները Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակում հայտնաբերել են արնանման հետքեր, պարկուճներ եւ հողաթափեր:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստն անցել է  թեժ մթնոլորտում. պաշտպան Ամրամ Մակինյանը եւ  մեղադրող Արսեն  Մարտիրոսյանը մի քանի անգամ բանավիճել են։ Սերժ Սարգսյանը նիստին ներկա չի եղել վատառողջության պատճառով։ Նրա բացակայելը, մեղադրողի խոսքով՝  էական նշանակություն ունի ամբաստանյալի խափանման միջոցի փոխելու հարցը քննարկելու համար։ «Ամբաստանյալ» բառից վրդովված Մակինյանը հիշեցրել է, որ խոսքը պետության նախագահի մասին է եւ արժանի հարգանք է պահանջվում նրա մասին խոսելիս շեշտադրումներ ընտրելու հարցում։ «Երբ հարգելի դատախազը ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում երրորդ նախագահը ղեկավարում էր պատերազմ», ասել է Սերժ Սարգսյանի փաստաբանը։ Դատավոր Վահե Միսակյանը հետաձգել է նիստը։

Արարատի մարզում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել օրվա առաջին կեսին. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան խաղողի մթերման ցածր գների դեմ բողոքի, փակել են Երեւան-Երասխավան ճանապարհի, Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ուղին։ Խաղողագործները պահանջել են հանդիպում Կառավարության ներկայացուցիչների հետ։ Մարզպետ Գարիկ Սարգսյանն է շտապել նրանց հետ հանդիպման եւ խոստացել քննարկում կազմակերպել  գործարանների տնօրենների հետ եւ մթերողների հետ։

Անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 44271-ի: Բուժվողների թիվը շարունակում է նվազել, այժմ  4258 է: Երեկ մահացել է 5 վարակակիր, նրանցից 2-ը այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1158 է։

Կառավարության նիստի օրը, արդեն ավանդույթի համաձայն, գործադիրի շենքի մոտ բողոքի ցույցի էին եկել Ռուսաստան մեկնել պահանջող քաղաքացիները։ Նրանք դարձյալ ասել են, որ իրենց աշխատանք եւ ընտանիքի մի մասն այնտեղ է, Հայաստանում գոյատեւելու միջոց, նույնիսկ գիշերելու տեղ չունեն։

Ցուցարարները բռնացրել են Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին, որն ասել է, թե ինքն այդ հարցով չի զբաղվում եւ խոհուրդ տվել դիմել պարետատուն կամ արտգործնախարարություն։

Ցուցարարներն էլ փորձել են կրկին արտգործնախարարից օգնություն խնդրել։  Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այս պահին էլ Ռուսաստանի հետ Հայաստանը բանակցություններ ու քննարկումներ ունենում է, սակայն չի կարող ասել, թե երբ կբացվի սահմանը։ Նախորդ դեպքերում արդյունքի հասնել հաջողվել է, քանի որ դիմողները Ռուսաստանի քաղաքացիներ են եղել, ասել է նա։ 

Երեկ ուշ երեկոյան ոստիկանության ձերբակալվածների պահպանության վայրից Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել. լրացել էր նրանց ձերբակալման ժամկետը։ Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության հոդվածներով։

Լրագրողների հետ զրույցում Մալաքյաններն ակնարկել են, որ իրենց դեմքին կապտուկներից կարելի է հետեւություններ անել, սակայն միջադեպի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել։

Կառավարությունը որոշում է կայացրել 2021 թվականի օլիմպիական խաղերին պատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական մարզաձևերի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով գումար հատկացնել։

Հայաստանից Վրաստան անցնելիս 3 հնդիկ սահմանախախտի են ձերբակալել վրացի ոստիկանները:  Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում:

Վերջին կես տարում, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ղեկավարության փոփոխություններից հետո Հայաստանում մինչեւ 5 տարեկան 7 երեխաների մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել, լրագրողներին հայտնել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը, նշելով, որ տվյալն աննախադեպ է, քանի որ Հայաստանում հաջողվել էր  վերացնել ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Աշխատանքային խումբ է ստեղծվել՝  պարզելու, թե ինչպես են երեխաները վարակվել։

Չարենցավանցի Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները Արցախի անկախության տարեդարձին՝ Ստեփանակերտում, գրանցել են համաշխարհային և Գինեսի հերթական ռեկորդները, որոնք նվիրել են Արցախի օրվան: «Յուրի Սաքունցը ձեռքերի վրա հենված դիրքում ատամներով քաշելով տեղից շարժել է 4տ. 100կգ. քաշով ավտոմեքենան, Արթուր Սաքունցն էլ ատամներով քաշելով տեղից շարժել է 12տ. քաշով ավտոբուսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ Հիշեցնենք, որ վարչապետն արձակուրդում է։

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Հայաստանի ու Արցախի տարածքում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցել. մեկը Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արևմուտք, 2-րդը՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արևելք, 3-րդը՝ Աշոցքից 10 կմ հարավ-արևելք։ Երկու ցնցում էլ մեր Սեյսմիկ ծառայությունը գրանցել է թուրք-իրանական սահմանին եւ Իրանում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով ու հասել 487.48 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.16 դրամով ու կազմել է 576.35 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.98 դրամով  ու կազմել է 647.23  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով ու կազմել 6.47 դրամ:

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Երեւանում կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը՝ + 32 + 34 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ