News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գիշերվա ընթացքում առաջնագծում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ եղել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հակառակորդն վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով։

Այսօր ադրբեջանական զինուժը կրկին թիրախավորեց Հայաստանի տարածքը, մասնավորապես, Քարվաճառին  սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։ Պաշտպանության նախարարությունը դրանից հետո հայտարարեց՝  այսուհետ Հայաստանի զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է Վարդենիսում 14 տարեկան երեխա, որը մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Հակառակորդը շարունակում է թիրախում պահել քաղաքացիական օբյեկտները։ Մարտակերտ քաղաքին այսօր հրթիռահրետանային հարվածներ են հասցվել, կիրառվել է նաև ռազմական ավիացիա: Բացի դրանից հյուսիսարևելյան ուղղությամբ թիրախավորվել է հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք։

Այսօր Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։

Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է հայկական կողմը հարավ-արեւելյան ուղղությամբ ոչնչացնում թշնամու դիվերսիոն հետախուզական խումբը։

Ռուս զինվորականները ստուգում են անմիջապես Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյոք դա կնշանակի ՀԱՊԿ որեւէ մեխանիզմի գործարկում, Պեսկովն ասել է. «Եկե՛ք սպասենք ստուգման արդյունքներին»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնակիցներ Դավիթ Տոնոյանին եւ Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջությամբ կատարել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս հարցով Շոյգուն հեռախոսով նորից բանակցություններ է վարել նրանց հետ։

Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները մնում են բանակցությունների սեղանին, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում եւ ընդունվել երկու կողմից, ենթադրում էին, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում: Առաջին փուլում բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային շփումները պետք է վերականգնվեին եւ խաղաղապահներ տեղակայվեին, որոնք կերաշխավորեին մարտական գործողությունների դադարեցումը: Այժմ եթե ոչ խաղաղապահները, ապա ռազմական դիտորդները բավարար կլինեին: Ճիշտ կլիներ, եթե դա լինեին մեր ռազմական դիտորդները, սակայն վերջնական խոսքը կողմերինն է»,– ասել է Լավրովը։

Լավրովը նաև մանրամասներ է պատմել հոկտեմբերի 9–ին սկսված ու 11 ժամ տևած եռակողմ բանակցությունների մսին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերահսկել է բանակցությունների ընթացքը, իր ներդրումն ունեցել բանավեճի վճռական պահին: Գիշերվա ընթացքում մենք երկու անգամ զրուցել ենք՝ պատմել է Լավրովը:

Այսօր ժողովրդին ուղղված տեսաուղերձներով են հանդես եկել Արցախի նախագահն ու Հայաստանի վարչապետը։

Արայիկ Հարությունյանն իր տեսաուղերձում ասել է՝ հումանիտար հրադադարի մասին հայտարարության հաջորդ օրվանից հակառակորդն սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ուղերձով հանդես եկել ու հայտարարել, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի  ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։

Ըստ Փաշինյանի՝ հուլիսյան մարտերից հետո թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժությունների ժամանակ նրանք համոզվեցին, որ Ադրբեջանը միայնակ չի կարող խնդիրներ լուծել, ինչից հետո էլ Թուրքիան որոշեց, որ ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Վարչապետի խոսքով՝ պատերազմն ընդդեմ Արցախի անսպասելի չի եղել։ Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին: Պաշտպանության բանակը առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տվել, հակառակորդը ավելի քան 1 միլիարդ դոլարի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել մի բան. թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է։  Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ՝ նշել է վարչապետը։

Բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավական ծանր իրադրություն, ասել է վարչապետը և խոսել մեր հետագա անելիքների ու ռազմավարության մասին։

Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ կոչով դիմել է այս անգամ՝ դրսում գտնվող բոլոր արցախցիներին կոչ արել գալ ու զենքով պաշտպանել ծննդավայրը: «Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության։ Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: Արցախը սպասում է բոլորիդ»,– Ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի խորհրդի անդամներից, մասնակցել են նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  «Իսկանդերի» կիրառման հարցին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոչ է արել վերլուծական դատողություններ չանել, դրա համար կան մասնագետներ: «Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասել է նա:  Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը:

Լավ լուր առաջնագծից՝ նախօրեին երկու զինծառայող դուրս եկել է Մատաղիսի անտառներից, որտեղ 10 օր պահ մտած են եղել։ Նրա խոսքով՝ այս պահին հայկական կողմը չի կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել։ Բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել՝ ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Երկրապահ կամավորականների միության հերթական խումբն է մեկնել առաջնագիծ: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մեկնումից առաջ նրանց համախմբման կոչ է արել։ 

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրել է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ են Սիրիայից տեղափոխվել Ղարաբաղյան հակամարտության գոտի։ Պարբերականի տեղեկություններով՝ գրոհայինների տեղափոխումը հակամարտության գոտի սկսվել է սեպտեմբերի կեսից՝ «ամեն անգամ մինչեւ 100 մարդ թվաքանակով խմբերով», բայց շատերն արդեն վերադարձել են՝ մարտերի արյունահեղությունից տագնապահար։

Անցած մեկ օրում խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանը պատերազմի օրերին, հայկական կողմի տվյալով, տվել է 5500 սպանված։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի զինծառայողներ Արեգ Սարգսյանը եւ Նարեկ Ամիրջանյանը գերեւարվել են։  Զինծառայողների ընտանիքների անուններից հայաստանցի իրավաբանների խումբը օրեր առաջ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել։ Իրավաբանները դատարանից պահանջել են հրատապ միջոց կիրառել եւ պարտավորեցնել Ադրբեջանին ըստ հրադադարի պայմանավորվածության վերադարձնել գերիներին, իսկ մինչեւ վերադարձը  ապահովել նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը, պատշաճ բժշկական օգնությունը։ Դատարանը դիմումից մեկ օր անց՝ հոկտեմբերի 12-ին գրանցել է գործը եւ ծանուցել Ադրբեջանի կառավարությանը: Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել տեղեկատվություն նրանց պահման պայմանների, բժշկական հետազոտությունների եւ առողջական վիճակի, ինչպես նաեւ նրանց փոխանակման հնարավորության մասին մասին։  Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչեւ հոկտեմբերի 22–ը։

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից ցնծություն ապրելով գրում էր, թե իբր զոհվել է Հայաստանի ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում էին տեղեկությունը՝ ներկայացնելով այն որպես իրենց հաղթանակների վկայություն։ «Զինուժ մեդիան» օրվա ընթացքում հրապարակեց տեսանյութ, որում ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում զրուցել է կապիտան Սանամյանի հետ, որը ողջ և առողջ է և կատարում  իր առջև դրված մարտական խնդիրները։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որը կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում:

Ֆրանսիայի հայ համայնքը Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Հավաքվածների թվում ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ են եղել: Ցույցին միացել  են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը:

Հայաստանի Կոմունիստական կուակցությունը Երեւանի կենտրոնում բողոքի ակցիա է անցկացրել ընդդեմ Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Մասնակիցները ՆԱՏՕ-ին կոչ են արել սանձել Անկարային։

Ցույցի մասնակիցներն այնուհետեւ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների դիմանկարները։

Հայաստանում  կորոնավիրուսով վարակվելու նոր հակառեկորդ է գրանցվել. 1058 դեպք մեկ օրում, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624 դեպքի: Մահացել է 10 վարակակիր, որոնցից 3-ը այլ հիվանդությունից։ Մահացածներից ամենաերիտասարդը 47-ամյա տղամարդ է, որը քրոնիկ հիվանդություն չի ունեցել։ Մահացածների ընդհանուր թիվը 1350 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով  ու հասել  491.34 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.29 դրամով ու կազմել 576.44 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.70 դրամով  ու կազմել  635.94  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 6.36 դրամ:

Հոկտեմբերի 15-ին Հայստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի։ Այս գիշեր մայրաքաղաքում սպասվում է 9-11, վաղը ցերեկը 24-26 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ