News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեկ ուշ երեկոյան հանրապետության նախագահի ուղերձը շատերի համար անակնկալ լուծումներ է առաջարկել վերջին իրադարձություններից փոթորկված հայ հանրության համար։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ ստեղծված իրավիճակից ելքը վարչապետի հրաժարականն է կամ պաշտոնավարման դադարեցումը, գործադիրի լծակները բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը փոխանցելը եւ նոր ընտրությունների կազմակերպումը։ Նախագահը նշել է, որ այդ պահանջն ունի իր կազմակերպած հանդիպումների մասնակիցների բացարձակ մեծամասնությունը։

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այս քայլերը բխում են համապետական շահերից, նաեւ դիմել իրավապահ մարմիններին՝ ընդգծելով, որ որեւէ շեղում, օրենքի եւ օրինականության որեւէ խախտում, անընդունելի եւ աններելի է:

Օրվա կարեւոր իրադարձությունները ծավալվել են Ազգային ժողովում։ Նիստը գումարվել է երկու հարցով՝ հաջորդ տարվա բյուջե եւ Վրաստանի էներգահամակարգի հետ կապված միջազգային վարկային համաձայնագիր, մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ պետք է հրավիրվի արտահերթ նիստ ռազմական դրության վերացման, իշխանափոխության եւ նոր բանակցողի հարցերով։ Օրակարգի քննարկման ընթացքում կրքերը թեժացել են եւ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում է խնդրել։ Նիստի վերսկսումից հետո «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են այն։

Նոյեմբերի 9-ի ծեծից հետո վիրահատության ենթարկված Արարատ Միրզոյանին փոխարինող՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանը եւ «Իմ քայլից» Արփի Դավոյանը քննադատել են ընդդիմությանը, որ նաեւ նրանց մասնակցությամբ Ազգային ժողովի վրա հարձակվածները գույքային վնաս են պատճառել, մասնավորապես կոտրել են դահլիճի դռների բռնակները, ինչը վրդովվեցրել է ընդդիմադիր պատգամավորներին։ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» զբաղված է ամեն ինչով, բացի այդ խայտառակ փաստաթղթի քննարկումից։

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ վարչապետը շարունակելու է Ալիեւի հետ բանակցություններն ու քննարկումները, երբ Ալիեւը ստորացրեց վարչապետին, երբ ծիծաղի առարկա դարձրեց Հայաստանի համար մեկ պաշտոնյային։ Խորհրդարանի դահլիճի բռնակի որպիսությունն ամենավերջին բանն է, որ ձեզ պետք է հետաքրքրեր, որովհետեւ դուք իշխանության եկաք Ռադիոտունն ու ԵՊՀ-ն, բռնակներ ու դռներ ջարդելով», ասել է Իվետա Տոնոյանը։

«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը պնդել է, որ պատերազմի ժամանակ չի եղել որեւէ պահ, երբ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել ավելի լավ պայմաններով եւ դա չի արվել։ Ընդդիմադիրները հակադարձել են, թե եղել է։ Ռուբինյանը ընդդիմադիրներին մեղադրել է ժողովրդի ցավի կապիտալիզացիայով զբաղվելու մեջ, ինչին տեղից արձագանքել է ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե պատերազմից հետո մեկ անգամ է ցավ տեսել Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ նա ասել է, որ իր դուխին եւ կոնյակը գողացել են։ «Նիկոլ Փաշինյանի ստորագրած դավաճանական համաձայնագրով մեզանից գողացել են Թալիշը, Մատաղիսը, Մարտունու եւ Ասկերանի մի մասը, Շուշին, Հադրութը, Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Աղդամը, Քաշաթաղը, Շահումյանը»,- հիշեցրել է Զոհրաբյանը։

Պատերազմի առաջին օրվա ուղերձից հետո այսօր առաջին հրապարակային հայտարարությունն է արել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Օնիկ Գասպարյանը նշել է, թե որոշ գործիչներ մեղադրանքներ են հնչեցնում, որ Բանակը պետության ղեկավարին ոչ իրատեսական տվյալներ է ներկայացրել հակառակորդի կարողությունների վերաբերյալ, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Գեներալ-գնդապետը նշել է, որ դեռևս հունիսին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները, որ մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլև Թուրքիան, որ պատերազմի չորրորդ օրը` ներկայացրել է մեր կորուստները և նշել, որ երկու-երեք օրում անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: «Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում»,– նշել է Գասպարյանը:

Վերլուծաբանները համարում են, որ Օնիկ Գասպարյանն այսօրվա հայտարարությամբ արձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որը երեկվանից հեռակա բանավեճի մեջ է պաշտպանության նախարարի հետ։ Քոչարյանը երեկ լրագրողներին ասել էր, թե Տոնոյանը խորհրդարան է ներկայացել «անհասկանալի համազգեստով» և «ձնկորսի համազգեստով»: Պաշտպանական գերատեսչությունը Քոչարյանին մեղադրել է  պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր պահվածքի համար, ինչը հետևանք է պաշտպանական ոլորտի մասին Անդրանիկ Քոչարյանի գիտելիքների ճչացող պակասի։ Այդ համազգեստը կրում են գերատեսչության բոլոր քաղծառայողները։

Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր եւ միանշանակ կկանխեր Շուշիի առումը։ Այս մասին Սոլովյովի հաղորդմանը Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում հայտարարել է Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։

«Արցախում պատերազմին Հայաստանի բանակը մասնակցել է բացառապես միջնորդավորված։ Եղել են ռազմական մասնագետներ, որոնք խորհրդատվություն են կատարել, Արցախի Պաշտպանության բանակի եւ Հայաստանի բանակի միջեւ փոխգործակցությունը շատ սերտ էր, բայց ես չեմ տեսել, որ, օրինակ, Հայաստանի բանակի որեւէ կորպուս առաջ շարժվեր եւ փակեր ճակատի ինչ-որ հատված։ Ես տեսել եմ աշխարհազորայինների, նրանք տեղի բնակիչներն էին, որոնք զենք էին վերցնում եւ ուղղակի պաշտպանում իրենց տները, եւ ես տեսել եմ Արցախի Պաշտպանության բանակը։ Բացարձակապես ակնհայտ է, որ եթե եւս մեկ մարտունակ կորպուսի աջակցություն լիներ, ապա այն կկարողանար շատ բացեր փակել»,- շեշտել է նա։

«ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են եւ հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Նախագահ Մակրոնի հետ մենք համաձայնության եկանք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ բնույթ են կրում, այդ թվում Ադրբեջանին նրա աջակցությունը»,- ասել է Պոմպեոն: Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ցանկանում են Ռուսաստանից ավելի շատ հստակություն ստանալ Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանների, ինչպես նաեւ պայմանավորվածություններում Թուրքիայի դերի վերաբերյալ։

Փաշինյանը փոխել է ոստիկանության զորքերի հրամանատարին։ Նրա առաջարկով եւ նախագահի հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Գուրգեն Դալլաքյանը եւ նշանակվել Հայկ Բաբայանը։

Գիշերը հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Երկու անհայտ անձ փողոցում վիճաբանություն են հրահրել Արցախյան պատերազմի թեմայով՝ պաշտպանելով Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել Կոստանտինի դեմքին եւ ոտքին։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ այդ հարձակման ողջ պատասխանատվությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա է՝ «որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչի»։

Այսօրվա դրությամբ Հայստանում մահացել է 2274 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում մահացել է 32 մարդ, որոնցից 9-ը այլ հիվանդությունից։ Գրանցվել է COVID-19-ով վարակվելու 984 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 118870-ի:

Մոսկովյան դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս խորհրդային կինոյի լեգենդ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Բազմաթիվ երկրպագուներ ու արվեստի գործիչներ են եկել վերջին հրաժեշտը տալու մեծ արտիստին։

Ջիգարխանյանին կհուղարկավորեն Վագանկովսկու գերեզմանատանը՝ դստեր կողքին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով ու կազմել 497.38 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.38 դրամով ու հասել 590.24 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.75 դրամով  ու հասել 657.83 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 6.49 դրամ:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկը կնվազի մի քանի աստիճանով։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 0-ից +2, վաղը ցերեկը 10-ից 12 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ