News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


58 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Նրա մոտ, ըստ մամուլի տեղեկությունների, կորոնավիրուս էր հայտնաբերվել, մոտ երկու շաբաթ ծայրահեղ ծանր վիճակում էր։ «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշ ժամանակ գտնվելուց հետո նրան տեղափոխել էին արտերկիր։ Ռիտա Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն ամուսնացել էին 1983 թ․։ Նրանք ունեն երկու դուստր և հինգ թոռ։

Էջմիածնում այսօր տեղի է ունեցել Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգիստը։ Հարազատներից ու մտերիմներից բացի հոգեհանգստին մասնակցել են զինակից ընկերները, նախկին գործընկերները։ Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի վաղը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Կառավարությունում այսօր Նիկոլ Փաշինյանը մի քանի պաշտոնակություն է արել։ Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Պաշտոնից ազատվել է նաեւ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այդ պաշտոնում նշանակվել է  «Առաքելություն» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը։ Իսկ արտակարգ իրավիճակների նոր նախարար է նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը՝ փոխարինելով պաշտոնից ազատված Ֆելիքս Ցոլակյանին։

Ընդդիմախոսների կարծիքով այս կերպ Նիկոլ Փաշինյանը քավության նոխազներ է գտնում՝ փորձելով իրեն ազատել պատերազմում պարտության համար պատասխանատվությունից։

Տարածաշրջանային այցով Երեւան կժամանեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրանք մի քանի ժամ կմնան Երեւանում։ Սպասվում է նաեւ ՌԴ բարձրաստիճան պատվիրակության այցը Բաքու։

Արդեն երկրորդ օրն է՝ ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանի տարբեր հատվածներում։ Այսօր այդ ակցիային միացել է նաեւ Գյումրին։ Ոստիկանները, որոնց շարքերում կային մեծ թվով դիմակավորվածներ, բռնի ուժ գործադրելով այսօր էլ բերման են ենթարկել բողոքի ակցիա անող քաղաքացիներին՝ այդ թվում հասարական-քաղաքական գործիչների։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ դիմակավորվածների մեծ մասը տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներն են, որոնց հավաքագրել են հատուկ բողոքի ակցիաները ցրելու նպատակով։

Ոստիկանության կիրառած բիրտ ուժի հետեւանքով ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել։

ԵՊՀ գիտխորհուրդը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին․ 48 կողմ, 5 դեմ ձայների համամասնությամբ այսօր գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի եւ ամբողջ կառավարության հրաժարականը։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ելքին հանգեցրած հանգամանքներին։ Հարցին՝ ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնաց Մոսկվա, Զուրաբյանը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանը, թեեւ երկու նախկին նախագահներին ասել է՝ գնացեք Մոսկվա, սակայն ընդգծել է, որ ինքը նրանց բանակցելու լիազորություն չի տալիս, իսկ առանց լիազորությունների ռուսների հետ խոսելն անիմաստ էր։  Լեւոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանին անվանել է անհեռատես, իրականությունից կտրված, անպատասխանատու։

«Այս ամբողջ ընթացքը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում»,- ասել է Լեւոն Զուրաբյանը։

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է պաշտպանության նախարարության այն մեղադրանքներին, թե ինքը նախօրեին իր ասուլիսում իրականությանը չհամապատասխանող կեղծ ինֆորմացիա է տվել, եւ որ պետական գաղտնիք է բացահայտել։

«ՊՆ-ի հայտարարությունում հակասություն կա, պետք է կողմնորոշվեն։ Եթե իմ ասածը կեղծ է, ապա պետական գաղտնիք չէ, իսկ եթե պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել պատերազմի ընթացքի վերաբերյալ, ասել էր, որ պատերազմի ելքի վրա մեծ ազդեցություն էր ունեցել փաստը, որ ներկայիս իշխանությունները փոխել են սպառազինությունների ձեռք բերման 2017թ․ ընդունված պլանը եւ ՀՕՊ համակարգերի փոխարեն ձեռք բերել «ՕՍԱ ԱԿՄ»-ներ եւ  «ՍՈՒ 30»-ներ, ընդ որում, վերջինները չեն ունեցել հրթիռներ։ Բացի դրանից՝ Մովսես Հակոբյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը հրահանգել էր դադարեցնել զորքերի լրահամալրումը եւ փոխարինել դա կամավորականների հավաքագրմամբ, ինչը նույնպես մեծ ազդեցություն է ունեցել պատերազմում մեզ համար բացասական զարգացումների վրա։

Արցախի Ասկերանի շրջանի եւս 2 գյուղ կանցնի հակառակորդի վերահսկողության տակ։ Մինչեւ այդ արդեն ադրբեջանական կողմը գրավել էր Ասկերանի շրջանի 6 գյուղ։ Բոլոր ութ գյուղերում ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։ Արմենակավանի եւ Ուխտասարի բնակիչները երկու օր առաջ են տեղեկացել, որ իրենք նույնպես պետք է տեղահանվեն։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներ էին անակնկալի եկել՝ իմանալով, որ ընդամենը 1 օր ունեն իրենց գյուղերից դուրս գալու համար։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, այս անգամ վիրահատել են նրա թեւը, որը ոսկրային վնասվածքներ է կրել։  Հիշեցնենք․ նոյեմբերի 9-ին՝ Արցախի կապիտուլյացիայի հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։ Հարձակման մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել եւ ձերբակալվել են:

Հայաստանում նոյեմբերի 20-ին կորոնավիրուսով վարակվելու 1667 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 123 646 դեպքի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1900 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով

Հայկական դրամը դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել։ Դոլարի փոխարժեքն անցել է 503 դրամից՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.40 դրամով: Եվրոն եւս թանկացել է ավելի քան 4 դրամով՝ կազմելով 596.72 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն  էլ աճել է՝ հասնելով 667.97 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է ու  կազմել 6.60:

Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 21-ին տեղումներ են սպասվում: Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երեւանում նոյեմբերի 22-ին, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ին եւ 23-ի գիշերը սպասվում է անձրև։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ