News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գլխավոր դատախազությունը ապացույցներ է ձեռք բերել Ադրբեջանի կողմից   միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին՝ կտրել են հայ ռազմագերու  և քաղաքացիական անձի ականջը՝ վերջինին ներկայացնելով որպես հայ լրտես, ծաղրել են թվով 3 հայ ռազմագերիների՝ ստիպելով ծնկի իջած վիճակով ծափահարել իրենց, գերեվարել են հայ զինծառայողների, որոնցից մեկին ոտքով հարվածներ են հասցրել, ստիպել են հայ ռազմագերուն համբուրել Ադրբեջանի Հանրապետության դրոշը՝ հարվածելով նրա գլխին, շամփուրով հարվածներ են հասցրել թվով 5 ռազմագերիներին, որոնց մեջ կան վիրավորներ, ինչպես նաեւ պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին, ուղեկցել են քաղաքացիական հագուստով մեկ տարեց տղամարդու, որի ընթացքում հարվածել են նրա մեջքին, հայհոյանքներ են հնչեցրել գետնին ընկած ռազմագերու հասցեին՝ քաշքշելով նրա կրծքավանդակի հատվածից, մի դեպքում էլ կտրել են հայ ռազմագերու գլուխը եւ այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա։

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը՝ դեռեւս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսեւորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակում:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է՝ եթե ճիշտ սպառազինություն գնվեր եւ ճիշտ կազմակերպվեր պատերազմը, մենք չէինք պարտվի. «Կարող է իրենք մի 1000 քմ գրավեին ու կկանգնեցնեին՝ չափից շատ զոհեր տալու պատճառով»,– ասել  նա: Բագրատյանը նաև հարցեր է բարձրացրել՝ ինչու մեր զինվորները զրահաբաճկոն չունեին, և ինչու մենք չենք խփել նավթամուղին։

Բագրատյանի կարծիքով՝ դեռևս կա հնարավորություն պահելու Շուշին, նաեւ հետ ստանալ Հադրութը: Նաև առաջարկում է Լաչինի միջանցքը փոխարինել Քելբաջարի միջանցքով: Վստահ է, որ գոնե սրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով։

Razm.info-ն շարունակում է ներկայացնել, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։ 2020թ․ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց, թե «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»։ Այդ և հաջորդած օրերին ցանցում հայտնված տեսանյութերից հնարավոր եղավ ենթադրել, որ հարվածները հասցվել են «Սկադի» հրթիռներով։ Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ օդանավակայանին նշանակալի վնաս չի հասցվել։ Օդանավակայանը գտնվում է քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների սկզբից հենց այստեղ տեղակայվեցին թուրքական F-16 կործանիչները։ Արցախից հրթիռային հարվածից հետո այդ կործանիչները տեղափոխվեցին այլ օդանավակայան։ Եթե «Սկադի» հրթիռները կպնեին իրենց թիրախին, ապա օդանավակայանը թեև հօդս չէր ցնդի, սակայն F-16-երի ոչնչացումն էապես կթեթևացներ մեր հակաօդային պաշտպանության խնդիրը։ Սակայն հարցն այն է, որ «Սկադի» հրթիռների գործարանային հավանականային շեղումը 450 մետր է։ Այս պայմաններում մի քանի հրթիռներով ակնկալել օդանավակայանի երաշխավորված խոցում՝ անհնար է։ Մինչդեռ «Իսկանդերի» դեպքում հավանականային շեղումը չի գերազանցում մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքում՝ անգամ մի քանի մետրը։

Շուշիի հետ կապված որոշումն ավելի շատ քաղաքական էր։  Այս մասին Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ ասել է «WarGonzo» նախագծի ղեկավար, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովը։ Ես չեմ պնդում, որ քաղաքը Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության տակ էր, քանի որ այնտեղ կային նաեւ Ադրբեջանի զինված ուժեր։ Բայց հայտարարության ստորագրման պահին քաղաքի համար մարտեր էին ընթանում, եւ անձամբ ինձ համար սա անվիճելի փաստ է։ Նոյեմբերի 9-ին Շուշիից 2 կմ հեռավորությամբ շուրջ 400 մարդ կար, որոնք պատրաստ էին առավոտյան 5:00-ին առաջ գնալ քաղաքը մաքրելու։ Արցախի Պաշտպանության բանակի զինվորների նվազագույնը 2 խումբ անմիջապես Շուշի քաղաքի տարածքում էր։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես քաղաքն ամբողջությամբ չէր վերահսկում։ Ավելին՝ ինձ հայտնի է, որ նոյեմբերի 7-ին, երբ Ալիեւը հայտարարեց Շուշին վերցնելու մասին, իրականում քաղաքում միայն 6 դիպուկահար կար։ Գիտեմ, որ նոյեմբերի 7-ին քաղաքը մաքրվել էր նաեւ այդ դիպուկահարներից՝ ասել է Պեգովը։

Ինչ վերաբերում է Հադրութին, ապա այնտեղ, Պեգովի խոսքով, ոչ այնքան հետախուզության սխալներ են թույլ տրվել, որքան զորքերի տեղակայման, պաշտպանական ամրությունների գծերի եւ այլ հարցերում։

«Քչերն էին սպասում, որ դիվերսանտներն անմիջապես Հադրութ կթափանցեն, որոնցից ոմանք անգամ հայկական համազգեստով էին եւ հայերեն էին խոսում։ Այսինքն՝ սա ավելի շուտ ռազմական կորուստ է, քան քաղաքական։ Քաղաքի համար մարտերն ընթացել են շաբաթից ավելի։ Հայկական կողմը հակաահաբեկչական  գործողություն անցկացնելու համար քաղաքից հանել է մոբիլիզացիոն ուժերին եւ աշխարհազորայիններին, որոնք ի սկզբանե այնտեղ էին գտնվում, որպեսզի մաքրելիս յուրայիններին չսպանեն։ Մի քանի անգամ քաղաքը ձեռքից ձեռք է անցել։ Քաղաքը վերցվել է միայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական հայտարարությունից 10 օր անց»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ «Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել Պուտինի հետ, մենք քննարկել ենք քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղում խնդրի լուծման համար: Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը մեկ օր մնաց անգործ, նա արդեն նոր պաշտոն ունի։  Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա դեկտեմբերի 4- ից ստանձնում է Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։

Արդեն երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ երիտասարդներ հերթով այցելում են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բնակարանների կամ տների բակեր և բողոքի ակցիա իրականացնում։ Նրանք պատգամավորներին մեղադրում եմ Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթին չընդդիմանալու մեջ։ Երիտասարդներն արդեն հասցրել են լինել Անդրանիկ Քոչարյանի, Ռուբեն Ռուբինյանի և Միքայել Զոլյանի բակերում։

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես է եկել գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը։ «Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»,– ասվում է հայտարարությունում։

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են եկել Հայկական Սփյուռքի երկու տասնյակից ավելի կազմակերպություններ եւ կառույցներ, մասնավորապես, տարբեր երկրներում գործող  Հ․Յ․Դաշնակցության մարմինները, օժանդակ եւ գործընկեր կառույցները հանդես են եկել հայտարարություններով եւ ուղերձներով, որոնցում ստեղծված իրավիճակի, ստորագրված փաստաթղթով նախատեսված հակազգային եւ հակապետական դրույթների, ներազգային անհամերաշխության եւ ընդդիմության նկատմամբ կիրառվող բռնարարքների պատասխանատու են համարում վարչապետին ու նրա թիմին։ Որպես ելք՝ կառույցներն իրենց համերաշխությունն են հայտնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնին եւ գործընկեր 16 կուսակցություններին՝ իրենց բողոքի գործողությունների եւ առաջադրած ճանապարհային քարտեզի իրագործման հարցերում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն այսօր մոտեցել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 2 օր է՝ Կառավարության դիմաց հացադուլ է անում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Խոսնակն ասել է, որ որպես կոլեգա մոտեցել է՝ տեղեկանալու, ինչպես է իրեն զգում Գեղամ Մանուկյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը նույնպես հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը այս տարվա փետրվարին նախ ձերբակալվել, հետո կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

Mediaport-ը բացառիկ լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած գաղտնի այցից: «Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը նրա հետ վերադարձել է Հայաստան»,– հայտնում է կայքը:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի այցի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չի տարածվել։  Նախօրեին էլ «Հրապարակը» կադրեր էր հրապարակել, թե ինչպես է Արայիկ Հարությունյանի ավտոշարասյունը մտնում «Զվարթնոց» օդանավակայան։

Այսօրվանից Քարվաճառն անցավ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Նախօրեին հայկական զորքի վերջին շարասյուները դուրս էին եկել այդ շրջանից։ Քարվաճառում տեղակայված հայ մոտոհրաձգայինները հեռանալիս պայթեցրել են զորամասի զորանոցներն ու շինությունները։ Քարվաճառի բնակիչները դուրս էին եկել դեռ տասն օր առաջ, նրանք դուրս գալիս այրել են իրենց տները՝ չցանկանալով, որ այնտեղ իրենցից հետո ապրեն ադրբեջանցիները։ Տեղի ունեցածի ողբերգականությունն ավելի ընդգծված է դառնում՝ հաշվի առնելով, որ Քարվաճառն Ադրբեջանին է հանձնվում Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս,  հայազգի լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է նոյեմբերի 25–ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, զոհվել 1993թ. հունիսի 12–ին՝ Աղդամի շրջանում։ Նա այսօր կդառնար 63 տարեկան։

Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհը մեզ համար այսօրվանից փակ է։ Այսուհետ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։

Դեկտեմբերի 1–ից, երբ Քաշաթաղը նույնպես կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ, Սյունիքի սահմանն Ադրբեջանի հետ կմեծանա տասնյակ կիլոմետրերով։ Մինչև զինվորականները ինժեներական աշխատանքներ են սկսում, գյուղացիները անհանգստանում են՝ թուրքին շատ մոտ են լինելու ինչպես իրենց տները, այնպես էլ այգիներն ու արոտավայրերը։ NEWS.am-ի նկարահանող խումբը եղել է այդ գյուղերից մեկում՝ Խնածախում, որտեղ գյուղացիներն ասել են՝ արդեն վախով ենք ապրելու։

Փաշինյան–Ալիև–Պուտին համաձայնության արդյունքում Ադրբեջանին ընդհանուր թվով Արցախի 181 գյուղ և քաղաք է անցնում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։ Նոյեմբերի 21-ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի` նշվում էր Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը: Նշված է 121 համայնքի անուն, բայց որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի հետեւանքով 51 գյուղի անուն չի նշվել: Իրականում 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին:

Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար և Ակնաբերդ գյուղերը կմնան հայերի վերահսկողության ներքո։ Նշենք, որ գյուղերի բնակիչները վերջին պահին են իմացել այս որոշման մասին։ Մինչև այդ նրանց մեծ ամսն արդեն դուրս էր բերել իրերը և այրել տները։

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. «Բրիտանացի անկախ ռեժիսոր Էմիլի Գեսսեն, ով այս օրերին գտնվում է Արցախում, տեղեկացրել է, որ ադրբեջանցիները փորձել են ռուսական զինվորական կեղծ համազգեստներով քողարկված սողոսկել հայկական կողմից վերահսկվող տարածքներ: Նրանցից մեկին հաջողվել է բռնել»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 129085 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 2040 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:

Արգենտինայում 60 տարեկան հասակում սրտի կաթվածի հետևանքով մահացել է արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան։ Մարադոնայի առողջական վիճակը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոյեմբերի 25-ին կտրուկ վատացել է: Երբ բժիշկները ժամանել են Մարադոնայի տուն, լեգենդար ֆուտբոլիստն արդեն մահացած է եղել:

Դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր նվազել է։ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 511.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 609.06 դրամ (աճել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.70 դրամ (նվազել է 1.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.78 դրամ (աճել է 0.03 դրամով):

Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում ևս տեղումներ չճեն դիտվի։ Գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև –1, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ