News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը սկանդալային հայտարարություն է արել, թե ադրբեջանցիներն իրեն են հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին ինքն իր չեչեն ընկերների հետ հայտնվել է ադրբեջանցիների միջավայրում։ Ադրբեջանցիները, կարծելով, թե ինքն էլ է չեչեն, պատմել են, որ ունեն հայկական անձնագրեր և հայկական ցանկացած անձնագիր ստանալն իրենց համար ընդամենը գումարի  խնդիր է, անձնագրե ստանալու հարցում իրենց օգնում է ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը: Խոսքը, ըստ Անդրանիկ Հովհաննիսյանի, ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի մասին է։ Փորձագետը որոշել է ստուգել այս տեղեկության իսկությունը և խնդրել է իր համար ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։ Նոյեբերի 7–ին Փաշինյանի անձնագիրը մեծ գումարի դիմաց փոխանցել են Հովհաննիսյանին։ Վերջինը գումարը հավաքել է մի քանի մեծահարուստների օգնությամբ, որոնց անունները փորձագետը չի հրապարակում։

Այս սկանդալային տեսանյութի հրապարակմանը հաջորդել է ատգործնախարարության արձագանքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է՝ թե նոյեմբերի 9–ին կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են 14 դիվանագիտական անձնագրեր, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։ Բոլոր անձնագրերը ԱԳՆ–ի կողմից չեղարկվել են:

Արցախի պաշտպանության բանակը երկար դադարից հետո վերսկսել է պատերազմում զոհվածների անունների հրապարակումը։ Այսօր հրապարակվել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները, նրանց մեծ մասը 18-20 տարեկան երիտասարդներ են:  Պաշտոնական տվյալով զոհերի թիվը 2007 է։

Ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։ Վարորդական իրավունքից հայտնի է դարձել, որ նա 27-ամյա Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային։ Եվս 3 զինծառայողի մարմիններ հայտնաբերվել են որոնումների արդյունքում։ Մինչեւ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։

Գորշ գայլերի քաղաքական թեւի՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում»  կուսակցության  առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է Շուշիում  ազգայնական ոգով կրթություն տվող դպրոց կառուցելու նախաձեռնության մասին։ Բահչելին հայտնել է, որ Շուշիում դպրոց կառուցելու իր առաջարկին հավանություն են տվել  թե նախագահ Էրդողանը, թե նախագահ Ալիեւը։ Նա շեշտել է, թե ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնարկեքը նախատեսված է  2021–ի հունվարի 30–ին։

Մասիսի հիվանդանոցում ոստիկանները  ծեծի են ենթարկել Արարատի մարզի Արեւաբույր համայնքի՝ կոտրվածք ունեցող բնակչին եւ նույն համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանին։ Համայնքապետը NEWS.am-ին պատմել է, որ իր համայնքի բնակիչ Խաչատուր Գրիգորյանը դիրքապահ է, դիրքերում ոտքը կոտրել է, հիվանդանոցում, ուժեղ ցավերի պատճառով բարձր է խոսել, ցավազրկող պահանջել։ Բժիշկներին դուր չի եկել նրա պահվածքը եւ նրանք ոստիկաններ են կանչել։ Մասիսի ոստիկաններն էլ եկել ու ծեծել են երիտասարդին։ Ինքը հասել է այն պահին, երբ Գրիգորյանին ոստիկանները ծեծելով տարել են դեպի իրենց մեքենան, փորձել է միջամտել, սակայն իրեն էլ են ծեծի ենթարկել։ Մանուկյանը վկայել է, որ իրավապահները հարվածներ էին հասցնում դիրքապահի կոտրված ոտքին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։

Իշխող ուժը ծրագրել է արտահերթ ընտրությունների հասնել Ազգային ժողովն ինքնալուծարելու ճանապարհով։ Այդ նպատակով «Իմ քայլում» սկսել են քննարկել համապատասխան Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Բանն այն է, որ վարչապետի հրաժարականի դեպքում խորհրդարանը գործող օրենքով լուծարվում է երկու անգամ վարչապետ չընտրելու պարագայում, սակայն եթե Փաշինյանը հրաժարական տա, ընդդիմությունը, մասնավորապես Լուսավոր Հայաստանը կառաջադրի իր թեկնածուին, որը կարող է ընտրվել, եթե նրա թեկնածությանը կողմ քվեարկեն ոչ միայն ԲՀԿ–ն, ԼՀԿ–ն և «Իմ քայլից» դուրս եկած հինգ պատգամավորները, այլև իշխող թիմի մի քանի պատգամավորներ։ Փորձագետների կարծիքով՝ Փաշինյանն այնքան էլ վստահ չէ 83 հոգի մնացած իր խմբակցության վրա։ Տհաճ անակնկալներից խուսափելու համար էլ նա այժմ դիտարկում է Ազգային ժողովին ինքնալուծարման իրավունք տալու գաղափարը։ Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասել է՝ նման նախագիծ քննարկվում է։ Սակայն այս նախաձեռնությունն էլ իշխող խմբակցության համար հեշտ չի լինելու անցկացնել Ազգային ժողովում։ Քանի որ սահմանադրական օրենք է փոխվում, դրան պետք է կողմ քվեարկի պատգամավորների 2/3—ը, իսկ հինգ պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո «Իմ քայլը» կարող է խնդիրներ ունենալ այդքան թվով ձայներ ապահովելու հարցում։

Այս հարցը քննարկվել է այսօր ԱԺ–ում կայացած՝ «Իմ քայլը» խմբակցության նիստում։ Այս ամսին նիստից հետո լրագրողներին ասել է իշխող խմբակցությունից Համազասպ Դանիելյանը։ Ըստ նրա՝ սկզբում հանրային քննարկման, ապա փետրվարին շրջանառության մեջ են դնելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, նա հատուկ ընդգծել է, որ դեռ 1.5 տարի առաջ էին ծրագրում այդ բարեփոխումները։

ՎԵՏՕ շարժման անդամները Ազգային ժողովի դարպասների վրա փորձել են «օմեգա» նշանը փակցնել։ Տարածքում գտնվող ոստիկանները հորդորել են նրանց հեռացնել նշանները։ ՎԵՏՕ-ի անդամները նկատել են՝ չնայած իրենց թույլ են տվել փակցնել այդ նշանները, դրանից իրողությունը չի փոխվում․ «ԱԺ նախագահը երկակի գործակալ է՝ «օմեգա» ծածկանունով»։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկակի գործակալ է։ Միքայել Մինասյանի խոսքով Արարատ Միրզոյանը 2005թ․-ին հայտնվել է թուրքական ծառայությունների տեսադաշտում, ապա համաձայնվել գումարի դիմաց պատմել Ցեղասպանության թանգարանում տեղի ունեցողի մասին․ «ԱԱԾ-ն նրա դեմ դրել է ապացույցներն ու կատարել «կոնտրվերբովկա», արդյունքում նա դարձել է կրկնակի գործակալ»,-ասել էր Միքայել Մինասյանը։ Արարատ Մրիզոյանն այս մեղադրանքը հերքել է։

Տարածաշրջանային այսի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան եւ Թեհրանն ընդգծում են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը՝ խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Իր հեթին, Զարիֆը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի եւ Մոսկվայի համատեղ հոգսն էր, այն կարգավորվեց Ռուսաստանի միջնորդությամբ, եւ այժմ հնարավոր է խաղաղություն եւ բարեկամություն տարածաշրջանում: Նա բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում։

Զարիֆն ասել է, որ իր այցի նպատակներից մեկն է տարածաշրջանում ստեղծված վիճակի քննարկումը: Նախօրեին Բաքվում Զարիֆը բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Զարիֆը այսօր կժամանի Հայաստան։ Վաղը ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այցի շրջանակում Իրանի ն արտաքին գործերի նախարարին կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարատի մարզում, բնակիչների հետ հանդիպումից առաջ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ կլինեն եւ հանրահավաքներ, եւ դահլիճային հանդիպումներ: ԲՀԿ-ի՝ իր թեկնածությունը չպաշտպանելու լուրը Մանուկյանը հնարովի է համարել եւ համոզմունք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը անպայման հեռանալու է։ 

Արդեն դահլիճում, անդրադառնալով վերջին պատերազմին, Վազգեն Մանուկյանը նշել է, որ Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք՝  պարտվելու: «Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին   գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրել Արցախի ղեկավարությունը։ Նախկին իշխանությունը ծրագրել էր հակաօդային պաշտպանության ՏՈՌ համակարգեր ձեռք բերել, սակայն նորերը խաղալիք ինքնաթիռներ գնեցին, հոկտեմբերին Ֆրանսիան 2 անգամ առաջարկեց տրամադրել զենք՝ անօդաչուների դեմ, հրաժարվեցին», ասել է Մանուկյանը, որի բնորոշմամբ սա պատերազմ չէր, այլ սպանդանոց. «Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար: Գաղտնի բանակցություններով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին, ի վերջո Ռուսաստանը պարտադրեց։ Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»: Հանդիպումից հետո Մանուկյանը լրագրողներին ասել է, թե ապստամբություն ասելով հասկանում է շենքեր գրավելը եւ զոռով իշխանություն փոխելը՝ առանց ֆիզիկական բռնության:

Վարչապետը Ֆեյսբուքով հանրությանը տեղեկացրել է, որ խորհրդակցություն է անցակցրել Արդարադատության նախարարությունում: Փաշինյանն ասել է, թե դատական համակարգի բարեփոխումներին մեծ թափ են հաղորդել, , բայց վերջին շրջանում ականատես են լինում դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչն անթույլատրելի է:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են  տարածաշրջանի տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերը, կայանալու է մինչեւ հունվարի 30–ը։ NEWS.am-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցել են, որ  հանդիպման ամսաթիվն ու ժամը դեռ ճշտվում են, մինչդեռ ռուսական ՌԲԿ-ն պնդում է, որ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 27-ին՝ Մոսկվայում։

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում մահերի թիվը հասել է 3810-ի։ Երեկ մահացել է 10 վարակված, որոնցից 5-ի մահն, ըստ առողջապահության նախարարության՝ վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Անցած մեկ օրում գրանցվել է COVID-ով վարակվելու 138 նոր դեպք,  վարակվածների ընդհանուր թիվը 166 հազարից ավելի է։

Երեկ երեկոյան միջադեպ է գրանցվել Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգի ժամանակ։ Համերգը դեռ չսկսված՝ որոշ քաղաքացիներ լքել են դահլիճը, քանի որ չեն ցանկացել նույն դահլիճում ներկա գտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ։ Վերջինը համերգն ունկնդրելու էր եկել դուստրերի հետ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով ու կազմել  518.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.90 դրամով ու կազմել  628.49 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.81 դրամով ու հասել է 707.79 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.86 դրամ:

Հունվարի 27-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղը եւ մյուս օրը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով։

Երևանում եւս տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում գիշերը կլինի -9-11, վաղը ցերեկը -1-ից +1։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ