News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արմեն Սարգսյանը քաղաքական քաջություն չունի կատարելու իր վրա դրված պարտականությունները՝ որպես Հանրապետության նախագահ և Սահմանադրությանը հետևող պաշտոնատար անձ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցի շուրջ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ մարտի 2–ին Արմեն Սարգսյանը որոշել էր երկրորդ անգամ չստորագրել վարչապետի միջնորդությունը Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, և դիմել է Սահմանադրական դատարան։ Բայց նախագահը ՍԴ է դիմել ոչ թե բուն միջնորդության, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Արդյունքում նախագահի հրամանագիրը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել ինչպես առանձին իրավաբանների, այնպես էլ գլխավոր շտաբի մոտ։

Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ նախագահի հայտարարությունում իրավական անհստակություն չկա։

«Նախագահն ի սկզբանե պետք է վիճարկեր հրամանագիրը Սահմանադրական դատարանում, սակայն նա կիսաքայլ արեց․ առարկեց վարչապետի առաջարկությանը այն հիմքով, որ այն հակասահմանադրական է, բայց դրանից հետո քաջություն չունեցավ դիմելու Սահմանադրական դատարան, ինչը նրա պարտականությունն է՝ ըստ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի»,–ասաց Պողոսյանը։

Իրավաբանի համոզմամբ՝ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկն ինքնին հակասահմանադրական է։

«Պաշտպանության մասին օրենքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով և մինչև իր լիազորությունների ավարտը նրան որեւէ մեկն իրավունք չունի այդ պաշտոնից ազատել։ Այդ պաշտոնը կարող է թափուր մնալ միայն այն պարագայում, երբ օրինակ նա հրաժարական ներկայացնի, իրենից անկախ հանգամանքներում դատապարտվի, կամ  մահվան հիմքով անհայտ բացակայող ճանաչվի եւ այլն։ Այսինքն Սահմանադրությունը երաշխավորում է, որ Գլխավոր շտաբի պետն անփոխարինելի է, և նրան չի կարելի քաղաքական որեւէ դրդապատճառով իր պաշտոնից հեռացնել։ Եվ եթե Սահմանադրությունը դա է պահանջում, ապա վարչապետը ընդհանրապես իրավունք չուներ նման առաջարկություն ներկայացնել Հանրապետության նախագահին։ Իսկ Հանրապետության նախագահն էլ, երբ առաջին քայլը արեց եւ վարչապետին մատնացույց արեց, որ ԳՇ պետին ազատելու նրա առաջարկությունը հակասում է Սահմանադրությանը, պարտավոր էր անմիջապես դիմել Սահմանադրական դատարան, ինչը չի արել»,–պարզաբանեց սահմանադրագետը։

Պողոսյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության հետ որևէ կապ չունի Փաշինյանի կողմնակիցների այն հիմնավորումը, թե նախագահի կողմից հրամանագիրը ՍԴ–ում չվիճարկելու արդյունքում Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով  ազատվելու է այդ պաշտոնից։

«Հաշվի առնելով, որ ի սկզբանե  իրավունք չկար գլխավոր շտաբի պետին իր պաշտոնից ազատելու առաջարկ ներկայացնել, հետևաբար նախագահի կողմից Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ լիարժեք կատարելը չէր կարող համապատասխան իրավական հետեւանք առաջացնել։ Այսինքն չի կարող հրամանագիրն ուժի մեջ մտնել իրավունքի ուժով»,–ասաց նա։

Նշենք, որ որոշ իրավաբաններ կարծիք էին հայտնել,  որ եթե նախագահը մինչև մարտի 4–ը բուն հրամանագրի սահմանադրականության հարցով չդիմի ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով կազատվի այդ պաշտոնից։ Գխավոր շտաբն էլ իր հերթին վերլուծել էր նախագահի հայտարարությունը և եկել այն եզրահանգման, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»։

Վարդան Պողոսյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբին և իրավաբաններին թյուրիմացության մեջ է գցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2018թ. հունիսին կատարված փոփոխությունները։

«Այդ փոփոխությամբ նախատեսված է, որ բարձրագույն հրամանատարական կազմի ազատման հետ կապված չեն գործում օրենքի սովորական դրույթները, որոնք շարադրված են 40-րդ հոդվածի 1-ին մասով, օրինակ՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը, այլ աշխատանքի անցնելը եւ այլն, այլ վարչապետն իրավունք ունի անկախ այդ հիմքերից նման առաջարկ ներկայացնել Հանրապետության նախագահին։ Այս օրենքը ակնհայտ հակասահմանադրական է, որովհետեւ ինչպես արդեն նշեցի՝ Սահմանադրությունը խոսում է միայն Գլխավոր շտաբի պետի նշանակման մասին եւ ո՛չ վարչապետին, ո՛չ էլ նախագահին իրավասություն չի տալիս այդ պաշտոնից ազատելու. գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարում են ինքնաբերաբար։ Հիմա Գլխավոր շտաբը վերլուծություն է արել՝ հղում կատարելով այդ օրենքին, որովհետեւ այդ օրենքի վրա է հղում կատարել նաև Նիկոլ Փաշինյանը, երբ առաջարկում է նրան ազատել պաշտոնից։ Այդ օրենքում կա մի բավականին անհեթեթ կետ, համաձայն որի, եթե Հանրսպետության նախագահը համաձայն չէ վարչապետի առաջարկին եւ առարկություն է ներկայացնում այդ առաջարկի վերաբերյալ, ապա վարչապետը 5-օրյա ժամետում իրավունք ունի նախագահի առարկությանը իր առարկությունը ներկայացնել, եւ եթե վարչապետը իր առարկությունը ներկայացնում է, ապա Հանրապետության նախագահը՝ այդ 5-օրյա ժամկետի ավարտվելուց հետո 3-օրյա ժամկետում նոր իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան։ Օրենքի հիշյալ փոփոխությունը բացի նրանից որ հակասահմանադրական է, հակասում է նաեւ ՍԴ–ի մայր օրենքին՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։ Իսկ ՍԴ-ի մասին օրենքը հստակ ասում է, որ Հանրապետության նախագահը, երբ ստանում է վարչպետի առարկությունը, առարկությունը ստանալու պահից սկսած 3-օրյա ժամկետում իրավունք ունի դիմելու ՍԴ։ Դրա համար առաջացել է այս խառնաշփոթը։ Մի տարբերակով ժամկետը լրանում էր այսօր՝ մարտի 4–ին, մյուս՝ Գլխավոր շտաբի վերլուծած տարբերակով, լրանում է մարտի 8-ին»,–պարզաբանեց սահմանադրագետը՝ նկատելով, որ այժմ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որը իրավական լուծում այլեւս չունի։

Հարցին, եթե Արմեն Սարգսյանը բուն հրամանագիրը վիճարկելու հարցով չդիմի ՍԴ, վարչապետն իրավունք ունի՞ նոր ԳՇ պետ նշանակելու միջնորդություն ներկայացնել, սահմանադրագետը պատասխանեց.

«Իհարկե չունի, նա չի կարող երկրորդ կամ երրորդ ԳՇ պետ նշանակել։ Բայց նա դա էլ կանի եւ ավելի կսրի երկրում քաղաքական իրավիճակը»։

Դիտարկմանը, թե փաստացի ԳՇ պետի հետ կապված խառնաշփոթը երկրում սահմանադրական ճգնաժամի հիմք է դարձել, սահմանադրագետն արձագանքեց.

«Մեր երկրում վաղուց արդեն սահմանադրական ճգնաժամ կա, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը ամբողջությամբ քայքայել է սահմանադրական կարգի հիմքերը եւ ճգնաժամ բառը, նույնիսկ մեղմ է ասված»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ