News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 20-րդ՝  հոկտեմբերի 16

Պատերազմի 20-րդ օրը ռազմաճակատում տիրող դրության մասին առաջին հաղորդագրությունը տարածվեց առավոտյան 9-ին։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ»,- հավելել էր նա:

Նույն պահին հաղորդագրություն տարածեց նաեւ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը.

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը: Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները»:

Հիշեցնենք, որ, ինչպես պատերազմից հետո խոստովանել էր Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանը, պատերազմի առաջին ժամերին հակառակորդի ինտենսիվ հրետակոծությունից շարքից դուրս էին եկել ՊԲ ՀՕՊ-ի 50, հրետանու 40 տոկոսը։  ՊԲ հրետանին ու ՀՕՊ-ը թիրախավորվել են նաեւ պատերազմի բոլոր օրերին։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը` խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում թողեց.

«Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետեւակը դիմել է փախուստի»:

Ֆեյսբուքի իր էջում  լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազին իշխանություններին կոչ արեց ժամանակավորապես փակել սոցցանցերը, քանի որ դրանց միջոցով հակառակորդը խուճապային տրամադրւթյուններ է տարածում։ Նա հիշեցրեց, որ 2014-ին,  Շանգալի վրա հարձակվելուց առաջ, Իսլամական պետությունը սոցցանցերի էջերում տարածում էր մարդկանց գլխատման տեսանյութեր, ինչից հետո Շանգալի եզդիները զանգվածաբար փախան։ Հանրային գործիչը հորդորեց իշխանություններին ժամանակավոր արգելափակել սոցցանցերը թշնամու մտադրությունները խափանելու համար։

Հիշեցնենք, որ այդ օրերին թշնամին ակտիվորեն տարածում էր գերի ընկած հայ քաղաքացիականների եւ զինծառայողների խոշտանգումների տեսանյութեր։

Ինչպես հայտնի է, սոցցանցերը չփակվեցին։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակեց հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. խոցվել է ևս 1 աթս, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ:

Հոկտեմբերի 16-ի դրությամբ, Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 ԱԹՍ, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդը տվել է 5959-ից ավելի սպանված։

«Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք» կարգախոսներով Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայ համայնքը փակել է քաղաքի մուտքն ու ելքը։ Երթեւեկությունը կաթվածահար է եղել։ Հայերն այս կերպ Գերմանիայից  պահանջում են դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան  եւ ճանաչել Արցախի անկախությունը։

Հայերը փակել են նաեւ Ֆրանսիա-Բելգիա սահմանը։ Պահանջը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Նրանք պահանջում են, որ տեղի լրատվամիջոցները լուսաբանեն իրենց բողոքի ակցիան, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա իշխանությունների համար։ Ոստիկանության հորդորով ցուցարարները բացել են ճանապարհները։

Հայերն առավոտից փակել էին նաեւ Ֆրանսիա-Գերմանիա սահմանը, մասնավորապես ֆրանսիական Ստրասբուրգից դեպի Գերմանիա տանող կամուրջը: Նրանք պահանջում են իրենց կառավարություններից դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, ինչպես նաեւ ճանաչել Արցախի անկախությունը:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդմամբ, փողոցներ ու ճանապարհներ փակելու գաղափարը Ն.Փաշինյանինն էր։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում սփյուռքահայությանը կոչ արեց փակել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները:

«Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել: Պահանջները հետևյալն են. երկրները Պետք է դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, Պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, Պետք աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում: Իսկ Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները: Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ, երկաթուղիներ ու կամուրջներ»։

Շատերն են տարակուսել, որ համամոլորակային ակցիա իրականացնելու այս կոչը աշխարհի հայերին ուղղում է ՀԿ ղեկավար։ Նկատենք, որ Դ.Իոաննիսյանին Սփյուռքում դժվար թե ճանաչողներ լինեն։

Արծրուն Հովհաննիսյանը, որի խոսքին էին առաջին հերթին սպասում միլիոնավոր հայեր, հերթական գրառման մեջ բացահայտել է հաղթելու եւս մեկ բանաձեւ.

«Սմերչը, Լոռան, Դրոնը եւ նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարեւոր են: Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարեւորությունը եւ այլն, սակայն միեւնույնն է ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես չես պարտվում»:

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբը իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների պարագայում ունի գործելու հստակ պլան և հիմա էլ շարժվում է ըստ այդ պլանի։

«Որքան էլ դժվար կամ ծանր լինի, մեր հանրությունը պետք է գիտակցի և տրամադրվի երկարատև պայքարի։ Երկարատև պայքար ասելով նկատի չունեմ բուն ռազմական գործողությունների տևողությունը։ Անկախ այն հանգամանքից, թե պատերազմը երբ կավարտվի գործելու, աշխատելու մեծ ճակատ է բացվում։ Մեր անելիքները ամենատարբեր ուղղություններում պետք է գնահատենք, հաշվարկենք և կառուցենք երկարաժամկետ կտրվածով»,- Ֆեյսբուքում գրել էր նա։

Հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած անկախ լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում գրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայից բերված վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան։ 

«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա էին»,- լրագրողը մեջբերել է Ադրբեջանից վերջերս վերադարձած վարձկանի խոսքը՝ կից ներկայացնելով նրա հետ հարցազրույցից ձայնագրություններ։

Վարձականի խոսքով՝ Սիրիայից ժամանած և Ադրբեջանի բանակում կռվող գրոհայինները սկսել են զոհվել պատերազմի հենց առաջին օրը։

«Ամեն օր 5-10 հոգի, նույնիսկ ավելին։ Մի մարտում դիպուկահարների պատճառով կորցրինք 28-ին, նրանք լավ պատրաստված են»,- լրագրողին ասել է վարձկանը։

Նա նաև նշել է, որ ի սկզբանե Ադրբեջան են մեկնել «թուրքերի հետ նավթահորերի անտանգությունը պահպանելու համար»։

RVVoenkor-ի Telegram ալիքը  հայտնեց, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում սկսել են ոչնչացնել Ադրբեջանի համար ահաբեկիչներ պատրաստող ճամբարները:  Իդլիբում էլ ընթանում է նմանատիպ այլ ճամբարների որոնումը դրանց ոչնչացման համար։

Առավոտյան ռուսական ՍՈւ-34-ը եւ ՍՈւ-24Մ-ը գրոհել են ճամբարի օբյեկտները, այդ թվում՝ շտաբը, ապաստարանները եւ քողարկված տեխնիկան:

Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին հայրենիքի սահմանները պաշտպանելիս՝ թշնամու դեմ մղվող ծանր մարտերի ընթացքում զոհվեց, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վիրավորում ստացավ։ Նա գիշերը վիրահատվեց։

Ավելի ուշ, Ռուստամ Գասպարյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացավ։ Ըստ լուրերի՝ նրանց ավտոմեքենային հարվածել էր Բայրաքթարի հրթիռը։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված ևս 29 զինծառայողի անուն:

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում, վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խոր մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։

Նախարարն առանձնահատուկ ընդգծեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:

Թե ինչ է պատասխանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ԱԳՆ հաղորդագրությունում չէր նշված։

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Արցախի ՊԲ-ն կասեցնում թշնամու ստորաբաժանումների հարձակումն ու ոչնչացնում դրանք։

Զինուժ Մեդիան տեսանյութ է հրապարակել, որում հայկական զինված ուժերը ոչնչացնում են թշնամու տեխնիկան ու հենակետերը։ Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է թշնամին  փախչում։

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստան մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:

Արծրուն Հովհաննիսյանը գրեց, որ առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաեւ սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք, ըստ նրա, նույնքան կարեւոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։

«Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։

Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարեւոր է եւ այստեղ եւս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին, որը հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում է տեղեկատվական թիկունքը։ Բոլորիդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք»:

Շվեդահայերը բողոքի ցույց են անցկացրել թագավորության խորհրդարանի շենքի դիմաց։ «Արցախը Հայաստան է» վանկարկումներով շվեդահայերը պահանջել են Արցախի անկախության ճանաչումը, և կոչ արել Ադրբեջանին դադարեցնել ահաբեկչությունը։

Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի մարտիկների գերեվարած ադրբեջանցի զինծառայողին: Համացանցում հայտնվել է ռազմագերու՝ բժշկական հաստատությունում գտնվելու տեսանյութը։

Հիշեցնենք, որ նախօրեին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ադրբեջանցի զինվորականները ցուցադրաբար գնդակահարում են հայ աշխարհազորայիններին, որոնք գերության մեջ էին հայտնվել և զենքերը վայր դրել։ Հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան էր, մյուսը՝ 25։

Այս առնչությամբ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքում գրեց.

«Անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում»:

Իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժին գերի ընկած հայերի նվաստացումները եւ սպանությունները ցույց են տալիս մեր առջեւ ծառացած բարբարոսության խորությունը:

«Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ խոսքն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության մասին է։ Աշխարհը պետք է տեսնի, որ Ադրբեջանը քանդում է քաղաքակիրթ աշխարհի բոլոր հնարավոր նորմերը: Սա է այս հակամարտության էությունը»,- ընդգծել էր նախարարը:

Նիկոս Դենդիասը շեշտեց, որ Աթենքում ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացմանը։

«Պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում»,- հայտարարեց Դենդիասը։ Նա հիշեցրեց, որ Հունաստանն առաջինն է պահանջել ԵՄ արձագանքը հակամարտությանը եւ առաջարկել է կոչ անել դադարեցնել արտաքին խաղացողների միջամտությունը։

Հույն նախարարը հիշեցրեց, որ Հունաստանը Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Թուրքիան ձգտում է ընդլայնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աշխարհագրությունն ու տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Հանդիպումն անցկացվում է պայմաններում, երբ մեր հայրենակիցներն Արցախում հայտնվել են էքզիստենցիալ սպառնալիքի ներքո: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում իմ հույն գործընկերոջը այս կարեւոր պահին այցի եւ հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,- ասաց նա:

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց.

«Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են: Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Նա ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի»:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ շարքային Հարություն Վարդանյանը կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նա ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում ոչնչացրել է թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ:

«Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար»  մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց.

«Հայտարարում ենք, որ Նախիջեւանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որեւէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է», գրել էր նա եւ հավելել, որ դա նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ամենօրյա հարցազրույցներից հերթականը բրիտանական The Critic պարբերականին էր: «Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Այն պահին, երբ Թուրքիան դուրս բերվի այս խնդրից, վստահեցնում եմ, որ մեկ-երկու օրից պատերազմը կդադարի: Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաեւ ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատ լինել, քան նույնիսկ Սիրիայում է: Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է: Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանում, Աստված օգնական բոլորիս», ասել է Արմեն Սարգսյանը:

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ: Անվտանգության աշխատակիցն ասել է, թե կարանտին է եւ մարդկանց ներս թողնել չի կարող։

Ցուցարարներից կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հայտարարել է, որ  հայ երեխաները Արցախում զրկված են կրթություն ստանալու իրավունքից, նրանց դպրոցները ռմբահարված են: Դիմելով ՄԱԿ-ի աշխատակիցներին՝ նա ասել է.

«Ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել եւ այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել»:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային գործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ եւ տեղեկացրել, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները եւ գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Արցախի ՊԲ-ի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հակամարտության թեման Լեռնային Ղարաբաղում։

ՊՆ-ն կրկին վերահաստատեց, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից», ասված էր ՊՆ հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույցներից մեկը շվեյցարական RTS հեռուստաընկերության հետ էր։ Ըստ նրա՝ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու համար: Արցախի շուրջ 7 շրջաններից 5-ն ազատելու վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասել է, թե ինքը ՀՀ  վարչապետն է, ոչ թե Լեռնային Ղարաբաղի և շատ կարևոր է, որ ԼՂ-ի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց ԼՂ-ի ընտրված ներկայացուցիչների հետ: Հայկական կողմը պատրաստ է փոխզիջման, ասել է նա եւ հիշեցրել 2011թ կազանյան պրոցեսը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որը ստորագրել էր Ն.Փաշինյանը, հակառակորդին հանձնվեցին մի քանի շրջաններ։

CBN News հեռուստաընկերության հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այս պատերազմում Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի տարածքն է առանց բնիկ ժողովրդի՝ հայերի: «Երբ ցանկանում ես հողը ազատագրել մարդկանցից, դա կոչվում է էթնիկ զտում: Նրանք ցանկանում են հողերն առանց հայերի, առանց այն մարդկանց, ովքեր հին մշակույթ ունեն, այնտեղ են ապրել հազարավոր տարիներ: Նրանք հպարտ մարդիկ են, մարտիկներ են, որոնք կպայքարեն մինչև մահ: Առաջին պատերազմից հետո ԼՂ երկրորդ քաղաքը համարվող Շուշիում կային մի քանի հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Հայերն ամբողջությամբ վերականգնեցին տեղի գեղեցիկ Սուրբ Ամենափրկիչ տաճարը, որից 500 մետր այն կողմ գտնվում էր մզկիթը, որը եւս ԼՂ կառավարությունը վերականգնեց:

France 24-ը ահազանգեց, որ Ստամբուլի հայ համայնքն ապրում է վախի մթնոլորտում՝ հայկական շրջաններում ուլտրաազգայնական բողոքի ցույցերից հետո: Պատերազմի երկրորդ օրը  թուրք ուլտրաազգայնականները ավտոերթ են կազմակերպել Գումգափուի շրջանում, որտեղ գտնվում է հայոց Պատրիարքարանը, զանգվածաբար միացրել ավտոմեքենաների ազդանշանները։

Արցախի անկախության ճանաչման պահանջով, Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման ռեժիմի, ինչպես նաեւ վերջնական հրադադար հաստատելու պահանջով երեւանցիները երթ են անցկացրել դեսպանատների մոտ։

Գերմանիայի հայերը փակել են Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը։ Նրանք պահանջում են Արցախի անկախության ճանաչումը։ «Ստոպ գենոցիդ» «Էրդողան տեռորիստ», «Ալիեւ տեռորիստ»  վանկարկումներով եւ փակելով փողոցները, նրանք կաթվածահար են արել  երթեւեկությունը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից հայերը փակել էին Համբուրգի մուտքն ու ելքը։

Թրքուհի հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, վկայակոչելով պատերազմը, որը Արցախի դեմ սանձազերծել է Ադրբեջանը, Twitter-ում խաղաղության կոչով գրառում էր արել եւ հրապարակել բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի ելույթը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում։ Թուրք եւ արդբեջանցի  օգտատերերը անպարկեշտ արտահայտություններով ու սպառնալիքներով հեղեղել են նրա էջը։ Ադրբեջանի գրախանութներում դադարեցվել է Շաֆաքի գրքերի վաճառքը։

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառումը.

«Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Արցախում հերոսաբար զոհվել է Արցախի  գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց.

««Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսեւորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որեւէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետեւանքներին։

Հատկապես սա պիտի դրվի Ղարաբաղի հարցի կարգավորման մեր հայեցակարգի հիմքում եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունը ընթացիկ պատերազմին, Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական գործելակերպը նման միջազգային ըմբռնման հասնելու իրական հնարավորություն է տալիս։

Ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնենք այս խնդրի լուծման վրա»։

Պատերազմից հետո այս սկզբունքի մասին իշխանությունն այլեւս չի խոսել, նաեւ հայության ներուժը կենտրոնացնելու մասին։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ ոստիկանության ստորաբաժանումները հայտնաբերել են արգելված հրապարակումների 82 դեպք, որոնցից 23-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 59-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։

Կիրառվել են վարչական տույժեր։ Լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 14-ը՝ 300 հազար դրամի չափով, որոնցից 2-ը հրապարակումը չեն հեռացրել, ուստի, բացի հիշյալ 300 հազար դրամից, տուգանվել են նաեւ 700 հազար դրամի չափով։ 8 լրատվական կայք էլ տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաեւ 1,5 միլիոն դրամի չափով։ Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Կառավարությունը համարում էր, որ միակ հավաստի տեղեկությունները հայտնում են իշխանավորների եւ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջերը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 16-ից սկսած ամեն օր՝ կեսօրին, մինչեւ պատերազմի ավարտը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն եւ կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։

Օրվա ամփոփիչ ասուլիսում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը եւ հյուսիսում, եւ հարավում երկար հրետակոծություից հետո, որի ընթացքում կիրառվում են նաեւ օդային այլ հարձակման միջոցներ, ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։

«Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական Զինված ուժերին, ահաբեկիչներին եւ այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը։

«Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Հատկապես հարավում մինչեւ այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաեւ որոշակի թռիչքներ։ Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցրել, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ եւ 1 ՏՕՍ խոցած ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը նույն ասուլիսում հայտարարեց, որ երբ ինքն ու իր զինակիցները կանգնած էին սահմանին՝ գիտեին, որ պիտի պահեն մեր հայրենիքը, ժողովրդին,   քաղաքը, ընտանիքը,  բայց երբ նրանք փոխադարձ օգնում են մեզ՝ դա մեծ բան է։

«Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան է ներդրել ու գտնում ես քո ուզածը, դա մի մեծ ուրախություն է պարգեւում։ Երբ մեքենա է գալիս, որտեղ տաք ծածկոցներ կան, մենք ասում ենք՝ տղերք, էսօր մենք չմրսեցինք։ Մեր  հայ ժողովրդի օգնությունը, սահմանում տղերքի եղբայրությունը դա մի մեծ ուժ է, որը զգալով երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս։ Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա, ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել, ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»,- ընդգծեց Հարությունը։

Ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ ելույթում ընդգծեց, որ այնտեղ, որտեղ կամավորները գնալու են, հնարավոր է՝ ոչ մի ծանոթ ծառ ու թուփ չտեսնեն, բայց իրականում  կանգնած են լինելու ձեր սեփական ննջարանների, իրենց երեխաների ննջարանների դռների առաջ, իրենց երեխաների դպրոցների առաջ, որպեսզի կարիք չլինի այդ ննջարանները պաշտպանել  մուտքերի,  շքամուտքերի դիմաց։

«Ես շատ կուզեի այսօր ձեր առջև ելույթ ունենալով ասել, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է, և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի, բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև հայրենիքն այսօր ունի ձեր և մեզանից յուրաքանչյուրի ծառայության կարիքը։ Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի մոռանա իր նախորդ քաղաքացիական կարգավիճակը, և ամբողջ ազգով պիտի զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին։

Բայց ես ուզում եմ, որ լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու՝ ձեր տներից, երեխաներից, հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով։ Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, հարազատների, կանանց, ծնողների, ձեր շեմի և օջախի պաշտպանության դիրքերում։ Այնտեղ, որտեղ գնալու եք, հնարավոր է՝ ոչ մի ծանոթ ծառ ու թուփ չտեսնեք։ Բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր սեփական ննջարանների, ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որպեսզի կարիք չլինի ձեր ննջարանները պաշտպանել ձեր մուտքերի, ձեր շքամուտքերի դիմաց, ձեր բակերում։

2016թ. գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած։ 2016–ին, երբ որոշում եմ կայացրել որպես կամավոր մեկնել հայրենիքը պաշտպանելու, դա տեղի է ունեցել պահի ակնթարթի տակ, երբ առավոտյան արթանացել ու տեսել եմ իմ մեկ տարին չբոլորած դստերը քնած, ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու, և եթե պետք լինի, պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որ իմ երեխան, հարևանիս, եղբորս երեխան հաղթեն ու ապրեն։

Ուզում եմ հստակ արձանագրենք, խոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Շատ են հարց տալիս՝ արդյոք աշխարհում մենք ունենք բարեկամներ։ Այո, մենք ունենք բարեկամներ։ Բայց նրանք մեր փոխարեն չեն որոշելու։ Բայց նրանք կպաշտպանեն մեր ընտրությունը. եթե մենք որոշենք պարտվել, նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը, եթե որոշենք հաղթել, կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը։ Ես գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այդ դժվար որոշումը կայացելու, այդ որոշումը հաղթելու որոշումն է։ Խնդրում եմ, պահանջում եմ, որ այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտում պահած։ Եվ մենք կհաղթենք։

Հայ ժողովուրդը Երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան»,– հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ն.Փաշինյանը, մի խումբ կողմնակիցների հետ Արցախ էր մեկնել Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ավարտից շաբաթներ անց։

Կեսգիշերին մոտ Մեղրիի համայնքապետարանը հորդորեց Մեղրիի  բնակիչներին, առանց ավելորդ խուճապի պատսպարվել պաշտպանական կառույցներում։

«Հայտարարված է օդային տագնապ։ Ավարտի մասին հավելյան՝ կտեղեկացնենք»,- ասված էր հաղորդագրությունում։

Որոշ ժամանակ անց Մեղրիի համայնքապետարանը տեղեկություն տարածեց, որ օդային տագնապն ավարտվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ