News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքները: Ըստ այդմ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 1288 ձայն, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337։

ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով շաբաթվա վերջին մանդատների բաշխում կանի եւ հստակ կլինի՝ ՔՊ-ն մեծամասնություն կունենա՞, թե՝ ոչ։ 

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ ՔՊ-ի ձայները բավարար չեն Տաթեւ համայնքում մեծամասնություն կազմելու համար։  

«Համայնքի ավագանին բաղկացած է 15 անդամից։ Մեծամասնություն ունենալու համար քաղաքական ուժը պետք է ունենա 8 եւ ավելի մանդատ։ ՔՊ-ն ստանալու է 7 մանդատ, հետեւաբար, այդ ուժը  մեծամասնություն չի կարող կազմել։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը կստանա 6,  իսկ «Ապրելու երկիրը»՝ 2 մանդատ»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Եթե այս ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի կազմում, սա նշանակում է, որ 15 անդամից բաղկացած ավագանին պետք է համայնքապետ ընտրի։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահը բացառում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելը։

«Կապիտուլյացիոն իշխանության հետ  մեր կուսակցությունը բացառում է որեւէ համագործակցություն։ Մենք իրենց դեմ ենք, կարծում ենք, որ նրանք պետք է հեռանան»,- ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության հետ համագործակցությանը, ապա կուսակցությունում սպասում են ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին։

«Երկուշաբթի օրը  սպասվում է ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է ընտրվի համայնքապետ։ Մինչեւ այդ օրը ամեն ինչ կհստակեցվի»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՔՊ–ի եւ  «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունների հետ համագործակցության շուրջ քննարկումներ չկան։ 

«Այս պահին կուսակցությունը վերջնական որոշում չունի, եթե լինի, միանշանակ, կհրապարակենք։ Մինչեւ ավագանու առաջին նիստը ժամանակ կա, որը բավարար է որոշում կայացնելու համար։ Խնդիրն այն չէ, թե այս կամ այն համայնքում որ ուժին ենք միանալու։ Մեր մասնակցությունն այս ընտրություններին եւ առաջիկայում նախատեսված ընտրություններին բացառապես այդ համայնքներում աշխատելն ու դրանք հզորացնելն է, հետեւաբար ինքնանպատակ որեւէ համագործակցություն չի լինելու»,– նշեց Մեսրոպ Առաքելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ