News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կել Կոմորուն, որը Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոյի ամուսինն է դարձել, ներողություն է խնդրել սկանդալի համար, որը տեղի էր ունեցել նրանց նշանադրության ժամանակ։ Այս մասին նա հայտարարել է իրենց ամուսնության պաշտոնական գրանցման առիթով հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել երեքշաբթի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Կցանկանայի ներողություն խնդրել բոլոր անհարմարությունների համար, որոնք առաջ եկան մեր հարսանիքի առիթով։ Այս ընթացքում շատ բան տեղի ունեցավ, բայց շնորհիվ մեզ սատարող մարդկանց ես կարողացա պահպանել հավատը, որ ցանկանում եմ Մակոյի հետ միասին անցնել կյանքը։ Եվ դրա համար ես սրտագին շնորհակալություն եմ հայտնում»,- նշել է նա։ Կոմուրոն ընդգծել է, որ կանի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի որքան հնարավոր է արագ լուծի ֆինանսական խնդրի հետ կապված իրավիճակը, որն առաջ էր եկել նրա մոր եւ վերջինի նախկին փեսացուի միջեւ։

Նախկին արքայադուստր Մակոն, որն այժմ պաշտոնապես կրում է Մակո Կոմուրո անունը, նույնպես ներկա է եղել մամուլի հետ հանդիպմանը։ Նա ընդգծել է, որ ամուսնու ձեռնարկած բոլոր գործողություններն այն բանից հետո, երբ սկանդալ բռնկվեց, նրանք մտածել են միասին։ «Օրինակ, Կեյի մոր ու նրա նախկին փեսացուի հետ կապված իրավիճակը  լուծվեց այն ուղղությամբ, որը ես էի խնդրել»,- ասել է նա։ Նախկին արքայադուստրը նաեւ ափսոսանք է հայտնել, որ ԶԼՄ-ներում անկոռեկտ եւ սխալ շատ տեղեկություններ են հայտնվել իրենց հարաբերությունների վերաբերյալ։

Ամուսնանալու վերաբերյալ հայտարարություններից հետո Մակոն եւ Կոմուրոն հեռացել են մամուլի ասուլիսից, իսկ միջոցառմանը մասնակցող լրագրողներին ներկայացրել են նախապես պատրաստված հինգ հարցերի գրավոր պատասխանները։ Այսպիսի ձեւաչափն ընտրվել է այն բանի համար, որպեսզի նորապսակները պաշտպանված լինեն հավելյալ սթրեսից՝ պայմանավորված մամուլում բազմաթիվ հրապարակումներով Կոմուրո ընտանիքի հնարավոր ֆինանսական խնդիրների մասին։ Ճապոնական հանրության մի մասը, ըստ սոցցանցերի հրապարակումների, բացասաբար է վերաբերվում այդ ամուսնությանը։ Այն չի արժանացել նաեւ Մակոյի հոր հավանությանը, որը չէր թաքցնում կարծիքը, թե դստեր ընտրությունը ըմբռնում չի գտել երկրի բնակչության մեծամասնության շրջանում։

Հարսանիքը սկզբում նախատեսված էր 2018թ. նոյեմբերին, բայց հետաձգվեց։ Հետաձգման պատճառը տեղեկություններն էին նախկին ընկերոջ հետ փեսացուի մոր ֆինանսական վեճերի մասին , որը պահանջում էր վերադարձնել 4 մլն իենը (մոտ 35 հազար դոլար), որ հատկացվել էր այդ թվում Կոմուրոյի ուսման համար։ Ֆինանսական վեճը կարգավորված չէ, ինչը բացասաբար է անդրադառնում նորապսակների ամուսնության եւ հոգեվիճակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ