Շաբաթ օրը Երևանում ավարտված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) մասնակիցները պայմանավորվել են արագացնել բնության պահպանության հարցում մինչև 2030 թվականն ստանձնած պարտավորությունների կատարումը։ Բնապահպանական կազմակերպությունները հանդիպման արդյունքները գնահատել են զգուշավոր լավատեսությամբ, սակայն նշել են, որ ձեռնարկված միջոցառումները բավարար չեն կենսաբազմազանության լայնամասշտաբ ճգնաժամի հաղթահարման համար։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի մասնակից շուրջ 200 պետություններ գրեթե երկու շաբաթ քննարկում էին, թե ինչպես ապահովել համաձայնեցված բնապահպանական նպատակների իրագործումը՝ նախանշված ժամանակացույցից հետ մնալու պայմաններում։ Համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին և տևել նախատեսվածից մեկ օր ավելի։

Գերմանիայում Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հանդիպման գլխավոր արդյունքներից մեկն է համարել գործողությունների ծրագրի համաձայնեցումը, որը կոչված է արագացնելու մինչև 2030 թվականը երկրների կողմից սահմանված նպատակների իրագործումը։

«Ընդհանուր առմամբ, տոնելու առիթներն ավելի շատ են, քան քննադատելունը», - հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկե Վեսպերը։ Նրա խոսքով՝ համաձայնեցված ծրագիրը պետք է օգնի պետություններին՝ պարտավորություններից գործնական քայլերի անցում կատարելու հարցում։

Չորս տարի առաջ երկրներն ընդունեցին Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը, որը ներառում է մինչև 2030 թվականը բնական էկոհամակարգերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված 23 նպատակ։ Առանցքային պարտավորությունների թվում է մոլորակի ցամաքի և ծովային ջրատարածքների առնվազն 30 տոկոսի պահպանության ապահովումը։

Սակայն համաժողովից քիչ առաջ հրապարակված միջանկյալ զեկույցը ցույց է տվել, որ առանց բնապահպանական ջանքերի էական արագացման՝ այդ նպատակներն անհնար կլինի իրագործել։

Greenpeace բնապահպանական կազմակերպությունն ընդունել է, որ COP17-ի մասնակիցները մշակել են գլոբալ ծրագրի իրագործման ճանապարհային քարտեզ, սակայն հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ ամփոփիչ որոշումները չեն համապատասխանում զեկույցում մատնանշված խնդրի մասշտաբին ու հրատապությանը։