News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները եւս հետաքրքրված է Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր ձեւաչափի ստեղծմամբ, բայց եթե այն գոյություն ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը զուգահեռ: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով G20 համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանն ու քննարկված խնդիրներին:

Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրների ղեկավարները, ի թիվս այլ միջազգային հարցերի, քննարկել են նաեւ «Հարավային Կովկասում գործադրվող դիվանագիտական ջանքերը»:

«Սպիտակ տան հաղորդագրությունից զատ Էրդողանը, փակագծերը բացելով, նշեց, որ քննարկվել են նաեւ այն ձեւաչափերը, որոնք կարող են տեղ գտնել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Վերջերս շատ են քննարկվում «3+3» ձեւաչափը՝ հարավկովկասյան երկրներ եւ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, կամ «3+3+2» ձեւաչափը, որը նույնն է՝ ներառելով նաեւ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Հիմա թե որ ձեւաչափն է կոնկրետ քննարկվել, դժվար է ասել, բայց կարծում եմ, որ ԱՄՆ-ը եւս հետաքրքրված է նման ձեւաչափի ստեղծմամբ, բայց որ այն լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը զուգահեռ, որպեսզի կարողանա նեգրավված լինել տարածաշրջանային գործընթացներում»,- նշեց միջազգայնագետը:

Անդրադառնալով այն վարկածին, թե ԱՄՆ-ը Թուրքիայի «ձեռքով» է փորձում միջնորդավորված ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում, Սարգսյանը նկատեց, որ Վաշինգտոնն առավելապես Վրաստանի միջոցով է ձգտելու դա անել:

«Թուրքիան այդքան էլ վստահելի գործընկեր չէ ԱՄՆ-ի համար, վերջին տարիներ տեսնում ենք՝ որքան ընդհանուր շահեր ունեն, այդքան էլ՝ հակասող, եւ երբ Միացյալ Նահանգներին չի հաջողվում այստեղ ինչ-որ բանի հասնել Թուրքիայի միջոցով, ապա փորձում է դա անել՝ աշխատանք տանելով իր ռազմավարական դաշնակից Վրաստանի հետ: Պենտագոնի ղեկավարի վերջին այցը Վրաստան եւ ընդունված համատեղ հայտարարությունները խոսում են հենց դրա մասին: Եթե անգամ ԱՄՆ-ը դուրս մնա ենթադրվող «3+3» ձեւաչափից, ապա կփորձի Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով որոշակի ազդեցություն ունենալ գործընթացների վրա:

Արդյո՞ք ԱՄՆ-ը ճանաչում է Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության աճն ու դրա ընդլայնման միտումները: Միջազգայնագետի համոզմամբ՝ այո՝ Վաշինգտոնը Թուրքիային ընդունում է որպես տարածաշրջանային կարեւոր տերություն:

«ԱՄՆ-ը Թուրքիային համարում է նաեւ ռազմավարական դաշնակից՝ հասկանալով, որ թեեւ հարաբերություններն այսօր լավ մակարդակում չեն, բայց Թուրքիան մի օր վերադառնալու է դեպի ՆԱՏՕ, եւ այդ ուղղությամբ, բնականաբար, աշխատանքներ տանում են՝ օգտագործելով թե՛ փափուկ ուժը, թե՛ պատժամիջոցները եւ թե՛ թուրքական ընդդիմության հետ աշխատանքը, ինչը, բնականաբար, Էրդողանի դիրքերի թուլացում է ենթադրում, որի հետեւանքով, հնարավոր է, Թուրքիան որոշակի շրջադարձեր կատարի արտաքին քաղաքական հարթությունում»,- նկատեց Սարգսյանը:

Էրդողանը Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու տարածաշրջանային ձեւաչափի ստեղծման հարցը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետության՝ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ է քննարկել: Սարգսյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիան համանախագահության ձեւաչափում ոչ միայն ինքն իրեն է ներկայացնում, այլ նաեւ՝ Եվրոպական միությունը:

«ԵՄ-ն եւս որոշակի ազդեցություն ունի, տեղեկություններ ունի կատարվողի մասին հենց Ֆրանսիայի՝ այդ ձեւաչափում ներկայացվածության միջոցով: Ֆրանսիան, հատկապես Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո, ավելի ակտիվ դերակատար է դարձել եւ ինչ-որ առումով հիմա ԵՄ-ի լոկոմոտիվներից մեկն է, ուստի այդ ներգրավվածությունը կարեւոր է նաեւ ԵՄ-ի համար»,- նշեց միջազգայնագետը:

«3+3» ձեւաչափի ստեղծման շուրջ ակտիվ հայտարարությունները պարզապես խոսակցություննե՞ր են, թե՞ այդ ուղղությամբ լուրջ գործընթաց կա ներկա պահին: Սարգսյանի գնահատմամբ՝ ռեալ գործընթաց գոյություն ունի:

«Մի կարեւոր հանգամանք կա՝ բոլորը խոսում են այս ձեւաչափի մասին, բայց բոլորն էլ խոսում են այդ հարցում Վրաստանի ունեցած վերապահումների մասին՝ կապված ռուս-վրացական հարաբերությունների հետ: Ոչ ոք, սակայն, չի խոսում Հայաստանի դիրքորոշման, վերապահումների մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանը մեծ հաշվով համաձայնություն տվել է այդ ձեւաչափին, եւ դրանում ներգրավվելը մեր իշխանությունները համարում են ՀՀ շահերից բխող եւ որեւէ վերապահում չունեն: Կրկնում եմ՝ պարզ չէ, թե հստակ որ ձեւաչափը կարող է լինել, որովհետեւ տարբեր առաջարկներ են եղել:

Ամենակարեւորն այն չէ, թե ինչ է ուզում երկրների յուրաքանչյուրը, կարեւորն այն է, թե ինչ է իրականում կատարվում մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ տարածաշրջանում պատերազմից հետո որոշակի ազդեցություն ձեռք բերեց Թուրքիան, ակնհայտ է, որ լրջագույն ազդեցություն ունի նաեւ Իրանը, որովհետեւ առնվազն իրանա-ադրբեջանական սահմանին իր զորքերն են կանգնած: Սրանք փաստեր են, որոնք վկայում են տարածաշրջանում ուժային բալանսի փոփոխության մասին, եւ այլեւս չի կարող լինել առաջվա պես, ինչից էլ մի շարք հետեւանքներ ու նոր իրողություններ են բխում: Ռուսաստանը, լինելով տարածաշրջանային գերտերություն, պետք է այս իրողությունները հաշվի առնի՝ 5 տարի առաջվա Թուրքիան էապես տարբերվում էր այսօրվա Թուրքիայից, եւ Ռուսաստանը որպես հիմնական մարտահրավեր եւ մրցակից նրան դիտարկում է մեր տարածաշրջանում»,- նկատեց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ