Մետրոպոլիտենի տոմսի թանկացումից հետո տրանսպորտի այդ տեսակով երթեւեկողների թիվը պակասել է 10-20 տոկոսով: Այսօր` հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա իր տվյալները հիմնավորեց երեւանցիների շրջանում կատարված հարցումներով:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 1-ից մետրոյի ուղեվարձը դառնում է 100 դրամ` նախկին 50 դրամի փոխարեն:

Ա. Պողոսյանի կարծիքով` մետրոն աշխարհի բոլոր երկրներում էլ աշխատում է պետական սուբսիդիայով, իսկ Հայաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել մետրոն սուբսիդավորելուց: «Վերջին 25 տարում Երեւանում մետրոյի ոչ մի կայարան չի կառուցվել, այս առումով բացառիկ ենք ողջ աշխարհում»,- ասաց Ա. Պողոսյանը, հավելելով, որ Մադրիդում վերջին 3 տարում 28 կմ, իսկ Կազանում 30 կմ մետրոյի գիծ է կառուցվել: