News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատարանը պետք է որոշի՝ արդարացի՞ է «Ապրելու երկիր» կուսակցության պահանջը, թե՝ ոչ, մինչ այդ համայքնում կշարունակվի բնականոն աշխատանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը՝ անդրադառնալով «Ապրելու երկիր» կուսակցության՝ Վարչական դատարան ներկայացրած դիմումին, որով կուսակցությունը պահանջում է Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Բողոքի ակցիա անելն իրենց իրավունքն է, մենք մեր աշխատանքն ենք շարունակելու։ Ես կարող եմ ասել, որ իմ ընտրությունն անօրինական չէ, ես ընտրվել եմ 14-օրյա ժամկետի ընթացքում։ Մենք հայցով դիմել էինք դատարան, մեր հայցը դատարանը բավարարել էր, ես ընտրվել եմ խոշորացված համայնքի ղեկավար և երդմնակալության օրվանից սկսած  իմ բնականոն աշխատանքին եմ անցել։ Դատարանն իր որոշումով պետք է պարզաբանի այս հարցը»,- նշեց Մինասյանը։

Փարաքարի նորընտիր համայնքապետն ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ինքը, անկասկած, կմասնակցի։

«Ընտրությունների օրը կերեւա, թե ով ավելի շատ ձայն կհավաքի»,- ընդգծեց Դավիթ Մինասյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել էր 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել էր համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում էր, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք եւ ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին  ավագանու 11 անդամները:

Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներից առաջին 2,5 տարում համայնքապետ կլինի Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը` ՔՊ-ի թեկնածուն:

Դավիթ Մինասյանը պաշտոնապես երդվել է հունվարի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ