ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նա նշել է, որ նախագահող դատավորը Դավիթ Արղամանյանն է։
Ավելի վաղ Բենիկ Գալստյանը հայտնել էր, որ մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որն իրենք չեն վճարել՝ այդքան գումար չունենալու պատճառով։ Այդ հիմքով նախաքննության մարմինը որոշել է միջնորդություն ներկայացնել դատարան՝ Վարդանյանին կալանավորելու համար։
Դավիթ Արղամանյանը նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։
Իսկ ո՞վ է Դավիթ Արղամանյանը։ Դավիթ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։
Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաեւ ակտիվ «իմքայլական»։
Ուշագրավ է, որ ներկայիս դատավորը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել է ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կազմակերպած հանրահավաքին: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատարանների մուտքերը շրջափակելու մասին, Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որպեսզի շրջափակողները գտնեն նստավայրերը:
Դավիթ Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով։





























