Ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններ՝ հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Նոր դեսպանները կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Նրանց մշտական նստավայրը կլինի Երեւանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

Դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ջոնաթան Էյվսը աշխատում է ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ Քեթրին Լիչը՝ 2000-ից: Դրանից առաջ նրանք աշխատել են գիտական ասպարեզում եւ հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում:

Նրանք երկարամյա փորձ եւ գիտելիք ունեն Հարավային Կովկասի եւ տարածաշրջանի պատմության, լեզուների եւ մշակույթի վերաբերյալ: ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու ընթացքում նրանք զբաղվել են քաղաքականության տարբեր հարցերով, այդ թվում անվտանգության քաղաքականություն, ԵՄ առեւտրային հարաբերություններ եւ զարգացում, էներգետիկ անվտանգություն եւ մարդու իրավունքներ:

Վերջերս նրանք համատեղ աշխատել են Տոկիոյում, ուր Ջոնաթան Էյվսը համակարգել է ՄԹ քաղաքականությունը 2008-ին Մեծ Ութնյակում Ճապոնիայի նախագահության օրոք, իսկ Քեթրին Լիչը համակարգել է ՄԹ եւ Ճապոնիայի դիրքերը Կանկունում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթաժողովին ընդառաջ, ինչպես նաեւ աշխատել է բրիտանական եւ ճապոնական ընկերությունների հետ՝ խրախուսելու ցածր ածխածնային արտադրությունը: 2011-ին պ-ն Էյվսը ներկայացրել է Միացյալ թագավորությունը ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդում Լիբիայի, Սիրիայի եւ Իրանին վերաբերող հարցերում:

ՀՀ-ում համատեղ դեսպաններն իրենց նշանակման մասին ասել են. «Մենք ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում համատեղ դեսպաններ: Հավատում ենք, որ մեր միասնական եռանդով ու փորձով նոր լիցք կհաղորդենք ՄԹ եւ Հայաստանի միջեւ ավանդական ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով կարող ենք իրական ներդրում ունենալ մեր երկու երկրների բարեկեցության ու անվտանգությանը»:

Աշխատանքային կենսագրություններ
Պարոն Էյվսն ու տիկին Լիչը ունեն երեք երեխա եւ ապրում են Էսեքսի Բրենթվուդ քաղաքում:

Ջոնաթան Ջեյմս Էյվս
2011 Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարության բաժնի ՄԱԿ-ի թիմի ղեկավար, ՄԹ ԱԳՆ
2006 – 2011 Քաղաքական բաժնի ղեկավար, Տոկիոյում Բրիտանական դեսպանատուն
2004 – 2005 Քաղաքական եւ մարդու իրավունքներ բաժնի ղեկավար, Իրաքի քաղաքականության բաժին, ՄԹ ԱԳՆ
2000 – 2004 Քաղաքական գծով առաջին քարտուղար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն
1996 – 2000 Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով վերլուծաբան, ՄԹ ԱԳՆ
Քեթրին (Քեթի) Ջեյն Լիչ

2007 – 2011 հունվար Էներգետիկայի եւ շրջակա միջավայրի թիմի ղեկավար, Տոկիոյում Բրիտանական դեսպանատուն
2005 – 2007 Ճապոներեն լեզվի դասընթաց, ՄԹ ԱԳՆ
2005 Անձնագրերի եւ փաստաթղթային ծառայություններ բաժնի ղեկավարի տեղակալ, Հյուպատոսական բաժին, ՄԹ ԱԳՆ
2003 – 2004 Ներքին քաղաքականության գծով առաջին քարտուղար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն
2002 – 2003 Արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն
2000 – 2001 ԵՄ առեւտրի եւ զարգացման քաղաքականության բաժնի պատասխանատու, ՄԹ ԱԳՆ