News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը: Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով: Մասնավորապես՝ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն: Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/ ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ:

Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է: Իսկ Գերմանիայի Դաշնությունում գործում է սոցիալական ցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամաք սերմանող և այլ տեղեկատվությունը:

Նշված օրենքով տեղեկատվության սպառողներին վերապահվել է արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկելու իրավունք: Իսկ սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Վերջինս չկատարելու դեպքում սոցիալական ցանցի վարքագիծը ենթակա է վերանայման հսկողական կարգով՝ Արդարադատության գործերով դաշնային մարմնի կողմից:

Վերջինս իրավասու է ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը: Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին:

Տպել
Ամենաշատ