News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը եռամսյա զորավարժություններին մասնակցելու ծանուցագիր է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դոխոյանը:

«Հիմա բժշկական հետազոտություններ եմ անցնում, եթե ամեն ինչ նորմալ եղավ, օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը կմասնակցեմ եռամսյա հավաքների: Կարծում եմ՝ իմ ընդդիմադիր հայացքների եւ պայքարի համար է: Ամեն դեպքում սրա մասին հենց իրենք են հայտարարում: Որեւէ իշխանամետ քաղաքացու դեռ չեմ տեսել, որ ծանուցագիր է ստացել: Իրենք սա որպես պատժիչ մեթոդ են կիրառում, սակայն հայրենիքը պաշտպանելուց երբեւէ չեմ խուսափել: Պատերազմի եմ մասնակցել, հիմա էլ կգնամ զորավարժանքների, խնդիր չեմ տեսնում»,- նշեց Դոխոյանը:

Վահե Դոխոյանի խոսքով՝ իրենք նախօրեին չեն մասնակցել Վանաձորի ավագանու նիստին, քանի որ վստահ են՝ ավագանին պետք է նոր քաղաքապետ ընտրի:

«Իրենք մեզ նախորդ նիստի մասին նույն ծանուցումն էին ուղարկել, ինչ դրա նախորդն էր՝ անգամ ամսաթին էին մոռացել փոխել: Իրենք եթե վեց օրը մեկ էլ նույն օրակարգով նիստ հրավիրեն, մենք միեւնույն է, չենք մասնակցելու, որքան էլ, որ իրենք պնդեն, թե սա քաղաքի համար է: Երբ մենք էինք վեց ամիս շարունակ նիստեր նախաձեռնում, որ քաղաքն այս վիճակից հանենք , իրենք ո՞ւր էին: Իրենց առհասարակ չէր հետաքրքում: Հիմա իրենք իբրեւ թե մտահոգ են քաղաքով, նիստեր են հրավիրում, բայց դրանք ապօրինի են: Հնարավոր է՝ ուզում են տանել նոր ընտրությունների, որովհետեւ եթե ավագանու նիստերը երկար ժամանակ չգումարվեն, կանցկացվեն նոր ընտրություններ»,- ընդգծեց Վահե Դոխոյանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից  6 ամիս անց Վանաձորի ավագանու նիստ տեղի չի ունեցել։  Վանաձորի ավագանու արտահերթ նիստ կայացել է միայն մեկ անգամ՝ հունվարի 24–ին, որին ավագանու անդամները լիազորեցին Արտակ Ոսկանյանին Վարչական դատարանում Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնել։

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ամիսներ անց՝ 2022-ի փետրվարին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել։

Հարուցված քրեական գործերի նախաքաննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է։ Հունիսին տեղի ունեցած առաջին դատական նիստին Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին միջնորդությունը քննվեց, սակայն դատարանը որոշում կայացրեց նրան կալանքի տակ թողնել։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 13-ին Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Տպել
Ամենաշատ