News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանաձորի համայնքապետարանում ճգնաժամը խորանում է. վարչական դատարանն այսօր՝ հուլիսի 20–ին, դատավարության կողմերից մեկի պատշաճ չծանուցված լինելու հիմքով, հետաձգել է Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստեր գումարելու արգելքը վերացնելու պահանջով՝ խմբակցությունների հայցի քննությունը։ Դատական նիստի մասին ծանուցված չի եղել ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը։

«Այսօր պետք է կայանար նախնական դատական նիստը, բայց դատավարության կողմ հանդիսացող «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակի հասցեով ուղարկված ծանուցումը վերադարձվել էր դատարան։ Դատարանն առանց կողմերի կարծիքները լսելու, որոշեց գործի քննությունը հետաձգել անորոշ ժամանակով։ Դատավոր Արգիշտի Ղազարյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը, հավանաբար, կնշանակվի հաջորդ տարի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանը։

Նշենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ Վարչական դատարանը 2021 թ․ դեկտեմբերին մերժել էր «Լուսավոր Հայաստանի» հայցը, որով վիճարկվում էր ընտրության արդյունքները․ ԼՀԿ-ն ցանկանում էր պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։ Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու լիազոր ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանն ասել էր, որ այդ դատական ակտը բողոքարկման ենթակա չէ։ Սակայն, ԼՀԿ–ն այն բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, որը 2022-ի հունվարին մերժել էր վարույթ ընդունել բողոքը, քանի որ ըստ փաստաբանի՝ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը իրավասու չէ լսել։ «Լուսավոր Հայաստանը» Վերաքննիչ վարչական դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել։ Բողոքը դատարանում մուտք էր արվել փետրվարի 7-ին։

Արտակ Ոսկանյանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ ԼՀԿ–ի բողոքը։

«Երբ Վճռաբեկ դատարանը այդ գործով որոշում կայացնի, ապա համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով  նիստ գումարելու արգելքը վերանալու է, անկախ նրանից՝  ավագանու խմբակցությունների հայցի քննությունը ինչքան ժամանակ կքննվի»,– նշեց Ոսկանյանը՝ հավելելով, որ այդ հայցի քննությունը կարող է տեւել մի քանի տարի։

«Եթե հայցի ապահովումը մինչեւ վերջ պահպանվի, ապա այս գործընթացը կտեւի այնքան, մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանա։ Եվ ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական»,–ասաց նա։

NEWS.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասաց, թե կուսակցության  գրասենյակի հասցեով դատարանից ծանուցում չեն ստացել։

«Մենք ծանուցում չենք ստացել, չգիտեմ՝ ով է ուղարկել, ինչ ձեւ են աշխատել ու ինչի է հետ գնացել։ Եթե նույնիսկ մեզ ծանուցեին, ու մենք չներկայանայինք այդ նիստին, դատարանը չէր կարող ասել, որ նիստը չի կայանում։ Միայն մեր ոչ պատշաճ ծանուցված լինելու դեպքում դատարանը կարող էր նիստը հետաձգել։ Մեր՝ նիստին ներկայանալ–չներկայանալը որեւէ կերպով չէր կարող ազդեցություն ունենալ դատարանի որոշման վրա»,– ասաց Արտավազդ Ալավերդյանը։

Վանաձորում իրավիճակի հանգուցալուծումը, ըստ ավագանու անդամի, արտահերթ ընտրությունների անցկացումն է. «Մենք կոչ ենք անում գնալ արտահերթ ընտրությունների, դա ժողովրդի շահերից է բխում։ Մենք այսօր ունենք համայնքապետի պաշտոնակատար, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի կողմից, մինչդեռ իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների արդյունքում»։ 

Հիշեցնենք՝ 2021 թ․ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից 7 ամիս անց էլ Վանաձորում քաղաքային իշխանություն չի ձեւավորվել։ 2021 թ․ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, չէր կայացել, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։

Դատական պրոցեսների պատճառով 7 ամիս է՝ պարալիզացված են Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Ապրիլին, իշխանությունները օրենք փոխեցին, որով վարչապետը լիազորություն ստացավ նշանակել համայնքապետի պաշտոնակատար։ Մայիսի 13–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն  անգամ նրա նշանակումից հետո Վանաձորում ճգնաժամը չլուծվեց։

Տպել
Ամենաշատ