News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից քաղաքացիների լուրջ հոսք սկսվեց Հայաստան։ Մասնավորապես, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ժամանած 588 000 զբոսաշրջիկների 54,5 տոկոսը (աճը՝ 3,1 անգամ) Ռուսաստանից է եղել։ Այս միտումն ուժեղացել է ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո։

Միգրանտների առաջին ալիքը

Ռուսաստանից միգրանտները, որոնք ժամանել են դեռեւս մինչեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը, ներկայացված չեն արդյունաբերական ոլորտներում, նրանք աշխատանքի համար չեն դիմում արդյունաբերական ձեռնարկություններ, նման միտում չկա։ Նույնը վերաբերում է սպասարկման ոլորտին։ Նրանց հայացքն ավելի շատ ուղղված է ինժինիրինգին եւ ՏՏ ոլորտին։

Միաժամանակ, ինչպես կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ՏՏ ոլորտում աշխատաշուկայի դինամիկան նրանք այնքան էլ չեն փոխում, քանի որ գրանցված են ոչ թե որպես ՓՄՁ-ների աշխատակիցներ, այլ որպես անհատ ձեռնարկատերեր, որովհետեւ հարկային օրենսդրության տեսանկյունից դա ամենանպատակահարմարն է, քանի որ եկամտահարկ չեն վճարում։ Նրանք վճարում են միայն ֆիքսված հարկ, իսկ դա լուրջ դրդապատճառ է։

«Այսինքն՝ չկա աշխատաշուկայի դինամիկայի փոփոխություն, զբաղվածության խթանում կամ գործազրկության մակարդակի նվազում, տարբեր ոլորտներ նոր կադրերի ներգրավում տեղի չի ունենում»,- ասում է փորձագետը։

Բացի այդ, եւ՛ հայկական օրենսդրությամբ, եւ՛ ԵԱՏՄ-ի նորմերով ռուսաստանցին չի կարող գալ Հայաստան, գրանցվել որպես գործազուրկ եւ օգտվել իրականացվող ծրագրերից։

Զբաղվածության ոլորտի ակտիվացմանն ուղղված նախագծերի շրջանակներում չկան այնպիսի ուղղություններ, որոնք կարող են հետաքրքրել ռուսաստանցիներին, քանի որ նրանք հայրենիքում ավելի բարձր աշխատավարձ են ստացել, քան կարող են առաջարկվել այդ ծրագրերով։ «Այցելուները հիմնականում խոշոր քաղաքներից են եւ բարձր աշխատավարձ են ստացել, ուստի գործատուի համար նման աշխատող ընդունելը ձեռնտու չի լինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Մակարյանը։

Նա ճիշտ անվանեց ռուսաստանցիների ընտրած ճանապարհը, որը նպաստում է նաեւ անհատ ձեռներեցների թվի աճին։

Ռուսաստանից քաղաքացիների հոսքը մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա, քանի որ այցելուները փողեր են ծախսում սննդի, հագուստի, տրանսպորտի, բնակարանի վրա, երեխաներին տանում են վճարովի մանկապարտեզներ կամ դպրոցներ։ Այս ուղղություններում գործող բիզնեսները կարող են շահել:

Բացի այդ, հայկական ՏՏ ընկերությունները հնարավորություն են ստանում ավելի շատ պատվերներ ընդունել արտաքին շուկաների համար: Եթե նախկինում պատվերների ծավալը սահմանափակվում էր կադրերի սղության պատճառով, ապա այժմ, թեեւ ոչ մեծաթիվ, բայց այնուամենայնիվ նոր, որակյալ աշխատակիցները կարող են ինչ-որ չափով լրացնել այդ պակասը։ Միգրանտների էական մասը շարունակում է աշխատել նույն ընկերություններում, որոնցում աշխատել է Ռուսաստանում։ Բայց այս ամենը վերաբերում է միայն Ռուսաստանից միգրանտների առաջին ալիքին։

Միգրանտների երկրորդ ալիքը

Իսկ ահա այն ռուսաստանցիները (այդ թվում՝ հայկական ծագումով), որոնք լքել են Ռուսաստանի Դաշնությունը մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո, Մակարյանի կարծիքով, կարող են ներգրավվել տնտեսության այլ ոլորտներում, օրինակ՝ ճանապարհաշինության, ռեստորանային գործի եւ սպասարկման։

Երկրորդ ալիքով ժամանող ռուսաստանցիների թվում կարող են լինել արդյունաբերության ոլորտի մասնագետներ, տեխնոլոգներ, ինժեներներ, որոնք կարող են մեզ համար հետաքրքրություն ներկայացնել տնտեսության այլ ոլորտներում։

«Ռուսաստանից քաղաքացիների հոսքից գործազրկության մակարդակը չի բարձրանա։ Ցուցանիշը կաճի, եթե Ռուսաստանից վերադարձած հայ միգրանտները գրանցվեն որպես գործազուրկ։ Եթե ոչ, ապա գործազրկության մակարդակը բարձր կլինի, բայց ֆորմալ առումով այդ ցուցանիշը չի փոխվի»,- ընդգծեց փորձագետը։

Անփոփոխ կմնա այն կոնտինգենտը, որն ընդհանրապես աշխատանք չունի եւ աշխատաշուկայում մրցունակ չէ, եւ պետությունը փորձում է նրանց համար ծրագրեր իրականացնել։ Բովանդակային ու քանակական առումով այս մասով ոչինչ չի փոխվի։ Այս կատեգորիայի քաղաքացիների հետ ոչ ճիշտ աշխատանք է տարվում, տվյալներ չկան նրանց թվաքանակի մասին, այն մասին, թե ինչ ոլորտներում կարող են ներգրավվել։

Ռուսաստանից նոր այցելած քաղաքացիները չեն լրացնի այս տեղը, քանի որ նրանք հաճախ փորձառու մասնագետներ են շինարարության ոլորտում, որի կարիքը շատ լուրջ զգացվում է Հայաստանում։

Այսօր նման մասնագետների պակասի պատճառով Հայաստանում գներն աճել են, ուստի նրանց գալը դրական կանդրադառնա շինարարության ոլորտի վրա՝ ինչպես գների նվազման, այնպես էլ կադրերի պակասի կրճատման տեսակետից, այդ թվում՝ այլ ոլորտներում։

Հատկանշական է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին շինարարության ոլորտում աճը գերազանցել է 11 տոկոսը, իսկ բնակարանների գները մի քանի անգամ բարձրացել են։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը դժգոհեց, որ պետությունը ռեեստր չի վարում՝ առաջարկելով մուտք գործող քաղաքացիներին անձնագրային բաժանմունքներում, օդանավակայաններում, մաքսակետերում հարցաթերթիկներ լրացնել, որպեսզի հասկանանք, թե ինչ մասնագետներ են գալիս Հայաստան։

«Իսկ այսպես, մենք կարող ենք կրկին բաց թողնել լուրջ հնարավորությունը, քանի որ աշխատաշուկայում կարող է քաոսային իրավիճակ ստեղծվել»,- եզրափակեց փորձագետը։

Արամ Դանիելյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ