Երեւանի Գլինկա 13 հասցեում տեղակայված հրշեջ ծառայությունը ոչ միայն զավթել է փողոցի մայթը եւ առաջ է տալիս իր ցանկապատը, այլեւ կտրել է մայթին գտնվող հաստաբուն ծառը եւ տարել թաքցրել: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Հրշեջ ծառայության շենքի դիմացի` Գլինկա 6 շենքի բնակիչ Աննան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  NEWS.am-ը այցելել էր այդ շենք եւ նկարել էր Հրշեջ ծառայության ծավալած գործունեությունը: Գլինկայի 6-րդ շենքը 10 հարկանի է, ունի 3 մուտք, 87 բնակարան, բայց չունի բակ կամ բակին փոխարինող տարածք: Շենքի երեխաները զրկված են խաղալու, իսկ մեծահասակները`  հանգստանալու  հնարավորությունից: Շենքի ետնամասում աղբանոցն է, առաջամասում` փողոցը, որով մեծ արագությամբ սլանում են ավտոմեքենաները: Իսկ փողոցը չունի մայթ, շենքի դիմացը գտնվող հրշեջ ծառայությունը քանդում է փողոցի մայթը եւ մերձմայթային փողոցի հաշվին` մեծացնում իր տարածքը:

Աննան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մեր այցելությունից հետո նրանք շարունակում են իրենց աշխատանքները, հավաքել են փողոցի  քանդած հողերը, իսկ մայթի վրա` անկյունում, ծառը կտրել են եւ տարել կողքի բակում թաքցրել. «Ծառը քոքահան արեցին, սղոցով կտրեցին եւ տարան կողքի բակը, թաքցրեցին»,- պատմեց Աննան: