Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժելու մասին Հայաստանում ընդունված օրենքը շարունակում է անպետք թղթի կտոր մնալ։ Կենդապաշտպան խմբերի սոցիալական ցանցերը լի են չորքոտանիների նկատմամբ վայրագությունների մասին հաղորդումներով, բայց ոստիկանությունում առավելագույնը, որ արվում է, հաղորդումն ընդունելն է։ Պատասխանատվության ենթարկելու ոչ մի դեպք հայտնի չէ։
Վայրագության հերթական դեպքի մասին է հաղորդվում «ԿԵՆԴԱՆԻՆԵՐ - ՄՈՒՌԿԱ եւ ԾԻԿՈՇ» խմբում։
Օգտատերը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ի գիշերը անհայտ անձանց կողմից սպանդ է իրականացվել Արարատ քաղաքում։ Գնդակահարվել են մեծ թվով, ներառյալ՝ վերջերս ձագեր ունեցած շներ: Արարատում սա առաջին դեպքը չէ։ Տեղի ունեցողից վրդովված՝ քաղաքի բնակիչները դիմել են քաղաքապետարան եւ ոստիկանություն ու անընդհատ ոչնչ չնշանակող պատասխաններ են ստացել։ Ընդ որում՝ քաղաքապետարանը, չգիտես ինչու, հրաժարվում է շների ստերիլիզացման հարցում կենդանիների իրավունքների պաշտպանների օգնությունից՝ ասելով, թե, իբր, արդեն պայմանավորվել են ինչ-որ կազմակերպության հետ։ Եվ հետո նորից սարսափելի կրակոցներ են լինում։ Այս անգամ սպանվել են նաեւ խնամակալներ ունեցող, արդեն ստերիլիզացված շներ...
«Ես հավատում եմ, որ բոլորին՝ սկսած այս ջարդը նախաձեռնողից մինչեւ կատարող, Աստծո դատաստան է սպասվում՝ նույնքան դաժան, նույնքան անողոք…»,- գրում է օգտատերը, որը «մենք ապրում ենք արյունոտ քաղաքում» հեշթեգ է դրել։
Խմբում նաեւ հաղորդվում է, որ վիրավոր, նոր ծնած շներից մեկին հաջողվել է գտնել։ Այժմ միջոցներ են հավաքվում տուժածի բուժման համար։
Ընդհանրապես հասարակության եւ մասնավորապես պատասխանատու պաշտոնյաների վերաբերմունքի հարցերում ողբերգական իրավիճակի մասին NEWS.am-ը բազմիցս գրել է։ Սակայն կարեւոր բաղադրիչներից մեկը համարում ենք քաղաքացու ճիշտ դաստիարակությունը, բնության եւ շրջակա միջավայրի հանդեպ բարի վերաբերմունքը։ Ի՞նչ ուղերձ են ստանում երեխաները, եթե նրանց աչքի առաջ անպատիժ սպանում են այն շանը, որին նրանք կերակրել են, որի համար տնակ են կառուցել։





























