ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, ում տունը վերջերս թալանել էին, չի հրավիրվել ոստիկանություն` կապված սեպտեմբերի 23-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու հետ, որը NEWS.am-ի տեղեկություններով, կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ ինքը չի հրավիրվել ոստիկանություն, իրենց ոչ մի բան չեն ասել, իսկ այսօրվա դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:
Ինչ վերաբերում է տարածված տեսանյութերին եւ լուսանկարներին, ապա Ն. Ազիզյանը նշեց, որ դեռ դրանք չի տեսել, բայց եթե անգամ տեսնի, ապա չի կարող նմանեցնել, քանի որ իր տուն մտած անձինք դիմակով էին: Նա նշեց նաեւ, որ առաջին անգամ է լսում վնասազերծման ժամանակ մահացած Գուրգեն Հայրապետյանի (` «Եթում» մականունով) անունը:
Նշենք, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ:
Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում է ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը, ըստ գլխավոր դատախազության` վերջինիս բերման են ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբին վնասազերծելու գործողության ժամանակ մարդ է մահացել: Վաղ առավոտյան ոստիկանները հետապնդել են հանցագործության մեջ կասկածվող խմբին, որի սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60OO086 պետհամարանիշով մեքենան փախուստի ժամանակ բախվել է փողոցի սյանը, ինչից հետո կասկածվող անձինք դուրս են նետվել մեքենայից եւ փորձել փախչել ոտքով: Ըստ քննչական խմբի անդամների` նրանցից երկուսին հաջողվել է բերման ենթարկել, իսկ երրորդը փախուստի ժամանակ Մյասնիկյանի պողոտայի հարեւանությամբ գտնվող ժայռից վայր է ընկել եւ մահացել։ Պարզվել էր նրա ինքնությունը, նա 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն է:
NEWS.am-ի ոստիկանությունում ունեցած աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է որ խոսքն այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի ամենաաղմկահարույց ավազակային հարձակումների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի: Այս միջադեպից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրահանգել է միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել՝ քննությունը հանձնարարելով Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել է գլխավոր դատախազը:
Նշենք, որ Նապոլեոն Ազիզյանի տան թալանից առաջ եւս երկու նմանատիպ դեպք էր պատահել: Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա:



























