Մենք ամեն ինչ արել և անում ենք մեր բարեկամությունը, ժողովուրդների միջև մեր գործընկերությունը ամրապնդելու համար, այս հանդիպումները ծառայում են մեր երկրներին մերձեցմանը և բարեկամության ամրապնդմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Հաղորդման համաձայն,  Իրակլի Ղարիբաշվիլիի հետ զրույցը վերաբերել է նաև Հարավային Կովկասում խաղաղության կարևորությանը։

«Մարտահրավերները դեռ մնում են, խնդիրներ դեռ կան, Հարավային Կովկասում խաղաղությունը դեռ լիովին հաստատված չէ, և այսօր մենք այս մասին խոսեցինք պարոն վարչապետի հետ մեր զրույցում։ Հարավային Կովկասին խաղաղություն է պետք, հիմա ճիշտ ժամանակն է։ Ինչպես արդեն ասել է վարչապետը, մենք միշտ պաշտպանում ենք   Վրաստանի տարածքային ամբողջականությունը  և ինքնիշխանությունը, ինչպես Վրաստանն է պաշտպանում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք միշտ աջակցում ենք միմյանց միջազգային կազմակերպություններում և բոլոր այլ հարցերում, որոնք համապատասխանում են մեր երկրների, մեր ժողովուրդների շահերին և պաշտպանում ենք միմյանց։ Սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, միջազգային իրավունքի խախտումները, տարածքային ամբողջականության խախտումները բացարձակապես անընդունելի են, և մենք ունենք համաձայնություն և ամբողջական համընկնում այս հարցում»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ հենց երեկ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական ութ գյուղերի» մասին, որոնք «անհրաժեշտ է ազատագրել»։