ԱՄՆ-ում սկսվում է Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրության վաճառքը, որի հեղինակը Ուոլթեր Այզեքսոննն է: 650 էջանոց եւ 35 դոլար արժողությամբ, գրքի շապիկին Apple-ի հիմնադրի սեւ-սպիտակ լուսանկարն է:

Այզեքսոնն ավելի վաղ Reuters-ին պատմել էր, որ Սթիվ Ջոբսի մահվանից մի քանի շաբաթ առաջ այցելել է նրան եւ Apple-ի հիմնադրին գտել «ննջարանում` ցավից գալարվելիս»:

Ջոբսը խոստովանել է, որ շատ է թուլացել եւ չի կարողանում ինքնուրույն բարձրանալ տան երկրորդ հարկ: Միաժամանակ, Այզեքսոնը նշել է, որ չնայած ցավին, Ջոբսի «գիտակցությունն առաջվա նման պարզ էր, իսկ հումորը`կայծեր նետող»:

Այզեքսոնի հետ վերջին խոսակցության ժամանակ, Apple-ի հիմնադիրը հայտարարել է. «Ես գիտեմ, որ բավարար ժամանակ չեմ տրամադրել իմ երեխաներին, բայց ես ուզում եմ, որ նրանք իմանան, թե ինչու է այդպես ստացվել եւ ինչ եմ ես արել»:

«Սթիվ Ջոբս. Կենսագրություն, գրված Ուոլթեր Այզեքսոնի կողմից» գրքում ասվում է, որ Ջոբսին որդեգրած մայրը` Կլարա Ջոբսը (Հակոբյան) 1915-ին ներգաղթել է Թուրքիայի Մալաթիա նահանգից: Գրքում գրվում է, որ Կլարայի հայրը` Լուիս Հակոբյանը ծնվել է Մալաթիայում` 1894-ին, իսկ նրա մայրը` Վիկտորյա Արթինյանը Իզմիրից է եւ ծնվել է 1894-ին:

Իր հարցազրույցներում Ջոբսը նրանց անվանել է իր միակ ու իսկական ծնողները: