Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ վերսկսվել է չորս քրեական գործերի հետաքննությունը:
Ըստ Lenta.ru-ի` դրանք բոլորն էլ առնչվում են 1990-ական թվականներին նրա` «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերության ղեկավար եղած գործունեությանը: Այդ գործերը փակվել էին 2000-ական թվականների սկզբին:
«Ինտերֆաքսի» տվյալներով` քրեական գործերից մեկը վերաբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը ընկերության ունեցած պարտքին: Պարտքի չափը մի քանի միլիոն է: Բացի այդ, Տիմոշենկոյին մեղադրել են գազի մաքսանենգության, հարկերից խուսափելու եւ կոռուպցիայի մեջ, սակայն թե հատկապես որ դրվագներն են կրկին հետաքննելու, հայտնի չէ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին Կիեւի Պեչերյան դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի վերաբերյալ վճիռ է կայացրել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ընթացքում պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ։ Տիմոշենկոյին դատապարտել են յոթ տարվա ազատազրկման, ինչպես նաեւ արգելել են երեք տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել:
Տիմոշենկոյի կողմնակիցների կարծիքով` նրան կազատեն հոկտեմբերին, երբ Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցություններ կսկսեն:
«Նեֆթոգազ» ընկերության տվյալներով` կորուստների չափը հասնում է 1,516 մլրդ գրիվնայի: Տիմոշենկոյի փաստաբանները խոստանում են դատավճիռը բողոքարկել վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների միջազգային դատարանում:




























