«Մաքս գրուպ» կոնցեռնի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հերքում է գործարար Սիլվա Համբարձումյանի այն պնդումը, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայնի կողմից իրեն հարվածելու պահին Խաչիկ Մանուկյանն այդտեղ է եղել:
«Սուտ է ասում: Ես էնտեղ եմ եղել դեպքից հետո: Իր ասած ժամին ես դեռ ինքնաթիռի մեջ էի: Եկա տեսա իրենք նստած էին: Մի խումբ այնտեղ էր նստած, մի խումբ այնտեղ:
Իհարկե չեմ տեսել, թե ինչ է եղել: Ես իր հարցազրույցը տեսա, որ ասում է, թե ես այնտեղ եմ եղել, որը բացարձակ սուտ է»,- հայտարարեց Խաչիկ Մանուկյանն ու հավելեց. «Սամվել Սարգսյանն էնտեղ է եղել, նստած է եղել, բայց ես ուշ եմ եկել»:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ Սիլվա Համբարձումյանի մեղադանքների մասով նշեց, որ իրենք գործել են բացարձակապես օրենքի սահմաններում:
Ավելի վաղ NEWS.am-ը` վկայակոչելով «Առավոտ.am» կայքը, հայտնել էր, որ Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»), ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին:
Ըստ ականատեսների, Սուրեն Խաչատրյանը մտնելով «Մարիոթ» հյուրանոց եւ ֆոյեում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ մոտեցել է, ոտքով հարվածել վերջինիս, ապա հարձակվելով հանկարծակիի եկած կնոջ վրա՝ հարվածների տեղատարափ է տեղացել: Սիլվա Համբարձումյանն այս փաստի առիթով դիմել է ոստիկանապետին: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի «հերոսական կեցվածքը»:
Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել Սուրեն Խաչատրյանի եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին՝ ովքեր հավակնություններ էին դրսեւորել Սիլվա Համբարձումյանին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի նկատմամբ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Սյունիքի մարզպետին Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր նաեւ միլիոնավոր դոլարների սարքավորումներ «գողանալու» մեջ:
Սուրեն Խաչատրյանը հերքել է իր կողմից Սիլվա Համբարձումյանին ծեծելու փաստը, դա համարելով զրպարտություն:




























