ATV-ի գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին, նոյեմբերի 14-ին, երկրորդ անգամ են վիրահատել` այս անգամ 4 անգամ ստենտավորելով սրտի անոթները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «N3 կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Սամվել Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը լավ է ընթացել, նրա վիճակը բավարար է եւ կայուն, ինքնազգացողությունը նորմալ է:
«Հետազոտություն է կատարվել եւ դրանից հետո եւս 4 ստենտ է դրվել դրանով ապահովելով սրտի սնուցումը»,- նշեց Սամվել Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` այժմ Հրաչ Քեշիշյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առաջիկա օրերին դուրս կգրեն հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ATV-ի գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նոյեմբերի 9-ի գիշերը «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է «N3 կլինիկական հիվանդանոց»: Հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանը նշել էր, որ նա բերվել է սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշումով: «Հետազոտություն է կատարվել, կատարվել է կորոնորոգրաֆիա, որից հետո մեկ անոթի վրա դրվել է ստենտ, եւ վիճակը կարգավորվել է: Ինֆարկտի դեմը առել ենք, կանխել ենք ինֆարկտի զարգացումը»,- ասել էր նա` հավելելով, որ վիճակը կայուն է, բայց հնարավոր է` անհրաժեշտ լինի մյուս անոթների վրա եւս մեկ կամ երկու ստենտ դնել: Այսպիսով` Հրաչ Քեշիշյանին վիրահատել են երկրորդ անգամ, առաջին անգամ մեկ ստենտ են դրել, իսկ երկրորդ անգամ` չորս:



























