ԱՄՆ-ը եւ Ավստրալիան պայմանավորվել են  ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանբերայում, որտեղ գտնվում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի եւ ԱՄՆ-ի ռազմական ալյանսի ստեղծման 60-ամյակի կապակցությամբ:

Նոր համաձայնագրով մինչեւ 250 ամերիկացի ծովային հետեւակներ կտեղակայվեն  երկրի հյուսիսում գտնվող Դարվին քաղաքի մերձակայքի ավստրալական  բազայում: Համաձայնագիրը նախատեսում է նաեւ  ամերիկյան օդանավերի թվերի ավելացում:

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն եւ ասիական ոչ մեծ պետությունները մտահոգված են, որ Չինաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հարավչինական ծովի կղզիների նկատմամբ:  Այդ տարածաշրջանը Վաշինգտոնը ռազմավարական է համարում, քանի որ  այդտեղով առեւտրային նավեր են ուղեւորվում ԱՄՆ, որոնց բեռը տարեկան կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար: